
Բնականոն զարգացումներ են. ԿԲ-ն փոխարժեքի շուկայում միջամտության կարիք չի տեսնում
2020 թվականին տնտեսական անկումը Հայաստանում կկազմի շուրջ 7%: Նման կանխատեսում են արել Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) վերլուծաբանները՝ հաշվի առնելով տնտեսական վերջին զարգացումները, որոնց վրա էական ազդեցություն են թողնում կորոնավիրուսն ու պատերազմը:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 7.5 %-ով, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։
«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը և դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերով տարածումը ձևավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Սեպտեմբերին սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. սեպտեմբերը 2019թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 1.4%, իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի, նկատմամբ արձանագրվել է 0.2% գնանկում: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից Հայաստանում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:
Հաշվի առնելով այս փաստացի և սպասվող մակրոտնտեսական զարգացումները, գլխավոր դրամատունը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոնական բանկը որոշել է այս անգամ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն է՝ 4.25%:
«Դրամի փոխարժեքի տատանումները բնականոն են»
Այս տարվա սեպտեմբերի վերջերից հայկական դրամը դոլարի նկատմամբ որոշակիորեն արժեզրկվել է: Եթե սեպտեմբերի 28-ին, ըստ ԿԲ-ի, ԱՄՆ դոլարի նկատմամբ միջին փոխարժեքը կազմել է 485.7 դրամ, ապա այսօրվա դրությամբ այն 493.2 դրամ է: Այս տատանումները, սակայն, ԿԲ-ն չի համարում անհանգստացնող:
«Կենտրոնական բանկի հիմնական թիրախը գների ու ֆինանսական կայությունն են: Փոխարժեքը մեզ համար հետաքրքիր է այնքանով, որքանով այն ասոցացվում է այդ երկու երևույթների հետ: Այս պահին ԿԲ-ն չի տեսնում փոխարժեքի շուկայում որևէ կերպ միջամտելու նպատակահարմարություն, որովհետև առկա զարգացումները, մեր գնահատականով, բնականոն են: Ուստի՝ ԿԲ-ի կողմից որևէ այլ միջամտության կարիք չկա: ԿԲ-ն վերջին մեկ ամսվա ընթացքում ինտերվենցիա չի իրականացրել»,- ասաց Մարտին Գալստյանը:
Փոխարժեքի որևէ նպատակային թիրախային ցուցանիշ ԿԲ-ն չունի: Այսինքն՝ չկա մի մակարդակ, որի դեպքում ԿԲ-ն անպայման միջամտելու է փոխարժեքի շուկայում տեղի ունեցող գործընթացներին:
«Մենք հետևում ենք գնաճի ցուցանիշին, որը հիմա կառավարելի միջակայքում է»,- հավելում է ԿԲ նախագահը:
«Ավանդները որոշակիորեն, բայց ոչ էական չափով նվազել են»
Հարցին, թե այս պահին ի՞նչ վարքագիծ են դրսևորում ավանդատուները և կա՞ արդյոք նկատելի տեղաշարժ, Մարտին Գալստյանը պատասխանում է, որ կա խնայողությունների որոշակի՝ ոչ էական նվազում: Վերջին մեկ ամսում՝ պատերազմի օրերին, ավանդները նվազել են ոչ ավել, քան 1-1.5%-ով:
ԿԲ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ ավանդները դուրս են եկել բանկային համակարգից ոչ թե այն պատճառով, որ համակարգում խնդիրներ կան, այլ՝ ուրիշ պատճառներով: Նախ՝ կորոնավիրուսով պայմանավորված, տնային տնտեսությունների շրջանում կա եկամուտների որոշակի նվազում, և մարդիկ դա լրացնում են նախկինում ձևավորված խնայողությունների հաշվին:
Երկրորդ՝ առաջնագիծ գնացած քաղաքացիները ավանդները հանում են և կանխկի տեսքով թողնում են տանը, որպեսզի ընտանիքի անդամներն իրենց բացակայության ընթացքում ունենան բավարար միջոցներ:
Կա նաև մի ստվար զանգված, որոնք իրենց ավանդների գումարները օգտագործում են բարեգործական նպատակներով:
«Մենք ունենք չափազանց գիտակից ու խելամիտ հասարակություն»
Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում հաջողվել է անել ԿԲ-ին ֆինանսական շուկաներում, անհնար կլիներ, եթե չլիներ հասարակության կողմից չափազանց ընկալունակ լինելու փաստը, համոզված է ԿԲ նախագահ Մարտին Գալստայանը. «Մենք մեր քաղաքականությունն իրականացրել ենք նվազագույն ծախսերով, որովհետև հասարակության կողմից որևէ դրսևորում, խուճապային տրամադրություն չկա: Դա խոսում է հասարակության արժանիքների մասին, և այն երկխոսության մասին, որը մենք ունենք հասարակության հետ»:
Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել