HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին 7.5 %-ով նվազել է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 7.5 %-ով։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները, օգոստոսին գրանցված անկման համեմատ, որը կազմել էր 9.8%, սեպտեմբերին անկման տեմպերը որոշակի դանդաղել են։

Տարվա առաջին երեք եռամսյակների կտրվածքով` հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 6.6%-ով։

Ինն ամիսների հաշվարկով միայն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում է փոքր աճ գրանցվել, մինչդեռ մյուս ոլորտներում տեսանելի անկում կա։

Մի քանի ամիս շարունակ գրանցված նվազումից հետո արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 1.8%-ով։ Իսկ  հունվար-սեպտեմբերի կտրվածքով աճը 1%  է։ Ինը ամիսներին արդյունաբերության ծավալները կազմել են 1 տրլն 433 մլրդ դրամ։

Դրական դինամիկա է նկատվում նաև շինարարության ոլորտում։ Սեպտեմբերին աճը կազմել է 0.6%։ Իսկ հունվար-սեպտեմբերին գրանցվել է 15.7%  անկում, շինարարության ծավալները կազմել են 224.3 մլրդ դրամ։

Սեպտեմբերի շարունակվել են կրճատվել ներքին առևտրաշրջանառության ու ծառայությունների ծավալները։

Առևտրի ոլորտում սեպտեմբերին գրանցվել է շրջանառության ծավալների 10.8 անկում։  Հունվար-սեպտեմբերին առևտուրը կազմել է մոտ 2 տրլն 43 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 11.4%-ով։

Ծառայությունների ոլորտում սեպտեմբերին գրանցվել է 18.3% նվազում, հունվար-սեպտեմբերին 11.7%։ Ինն ամսում ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 266 մլրդ դրամ։

Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը, պաշտոնական տվյալներով, հունվար֊սեպտեմբերին կազմել է 555 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 0.5%-ով։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսության ծավալները  չեն հրապարակվում ամսական կտրվածքով։

Այսպիսով, ինչպես կարելի է տեսնել ստորև գտնվող գրաֆիկում, մի քանի ամսվա անկումից հետո սեպտեմբերին երկու ոլորտներում՝ արդյունաբերության և շինարարության, դրական դինամիկա է նկատվում։ Ծառայությունների ու առևտրի ոլորտի անկման տեմպերն էլ դանդաղել են։ Այս ամենը նպաստել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկման դանդաղմանը, ինչը, ցավոք, չի կարելի  սպասել հոկտեմբերին։

Made with Flourish

Սեպտեմբերին սպառողական ապրանքները 1.4%֊ով թանկացել են

Ըստ Վիճկոմիտեի հաշվարկների՝ այս տարվա սեպտեմբերին սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. սեպտեմբերը 2019թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 1.4%, իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի, նկատմամբ արձանագրվել է 0.2% գնանկում:

185 316 դրամ՝ միջին աշխատավարձը սեպտեմբերին

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա սեպտեմբերին կազմել է 185 316 դրամ, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 3.9%֊ով։  Աշխատավարձի այս ցուցանիշը ներառում է նաև հարկերը։

Ընդ որում ՝ պետական հատվածի աշխատավարձը կազմել է 167 234 դրամ (աճը՝ 6.3%), իսկ մասնավոր հատվածինը՝ 193 587 դրամ (աճը՝ 2.7%):

Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու նոր կորոնավիրուսի բռնկման օրերին ցածր աշխատավարձ ստացողների հարկադիր պարապուրդի անցնելը մեխանիկորեն հանգեցրել են միջին աշխատավարձի աճին։

Հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է  186 967, որը 2019-ի նույն ամիսների համեմատ բարձրացել է 4.7%-ով։

Սեպտեմբերին արտահանումն աճել է, ներմուծումը՝ նվազել

Այս տարվա սեպտեմբերին արտահանումը Հայաստանից, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 4.6%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է 20.4%-ով։

Ընդհանուր առմամբ, ինն ամիսներին Հայաստանը աշխարհի հետ 5 մլրդ 48 մլն դոլարի առևտուր է արել, որը 2019֊ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 10.5%-ով։

Արտահանումն այս ամիսներին կազմել է 1 մլրդ 828 մլն դոլար՝ նվազելով 4.4%֊ով, ներմուծումը՝ 3 մլրդ 220 մլրդ դոլար, անկումը՝  13.7%։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter