Ֆրանսիան ուժեղացնում է սահմանների հսկողությունը՝ ահաբեկչական սպառնալիքի եւ ապօրինի ներգաղթի դեմ պայքարելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուժեղացնում է սահմանների հսկողությունը։ «Ֆրանս 24»-ը գրում է, որ նոյեմբերի 5-ին երկրի նախագահը հայտարարել է սահմանային հսկողություն իրականացնող ռազմական ոստիկանության եւ ժանդարմերիայի ուժերի կրկնապատկման մասին՝ 4800 ծառայող նախկին 2400-ի փոխարեն։ «Մենք պետք է ուժեղացնենք մեր պայքարը գաղտնի ներգաղթի եւ թրաֆիքինգի ցանցերի դեմ, որոնք ավելի ու ավելի են կապվում ահաբեկչության հետ»,- հայտարարել է նախագահ Մակրոնը ֆրանս-իսպանական սահման կատարած այցի ժամանակ։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահն ասել է, որ Շենգենյան գոտու խորքային բարեփոխման անհրաժեշտություն կա եւ այդ նպատակով դեկտեմբերին ինքը դիմելու է Եվրոպայի խորհրդին։
«Ես կողմ եմ, և այս իմաստով (Եվրոպական) Խորհրդին դեկտեմբերին կներկայացնեմ առաջին առաջարկությունները, որպեսզի հիմնանորոգենք Շենգենյան գոտին, վերանայենք դրա կազմակերպումը, ուժեղացնենք արտաքին սահմանների մեր ընդհանուր պաշտպանությունը՝ իրական ոստիկանության ուժերով»,- ասել է Էմանուել Մակրոնը:
Ապա հավելել է, որ հարձակումները, որոնք Ֆրանսիան ապրեց, Ավստրիան զգաց մի քանի օր առաջ Վիեննայում, ցույց են տալիս, որ ահաբեկչության ռիսկն ամենուր է, որ ցանցերը գլոբալացված են, և որ ահաբեկիչներն այժմ իրենք են կազմակերպվում գլոբալ հիմունքներով՝ ինչպես ինտերնետի և սոցիալական ցանցերի միջոցով, այնպես էլ գործակալներ գործուղելով սահմաններից այս կողմ։
Լուսանկարում՝ Էմանուել Մակրոնը (աջից) ֆրանս-իսպանական սահմանին, ոստիկաններին դիմելիս, 5-ը նոյեմբերի, 2020/Ֆրանսպրես
Մեկնաբանել