HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել քվեաթերթիկների հաշվարկը, իսկ Նյու Յորքում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին, կոչ է արել դադարեցնել նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Դադարեցրեք հաշվարկը»,- գրել է Թրամփը։

Նախագահական ընտրությունների վերջին օրը նոյեմբերի 3-ն էր, սակայն ամերիկացիների ընտրություններին մասնակցության աննախադեպ բարձր թվի պատճառով, մի քանի նահանգներում շարունակվում է քվեաթերթիկների հաշվարկը։ Բացի այդ, բազմաթիվ ամերիկացիներ քվեարկել են փոստի միջոցով։ Ընդ որում, Թրամփը պնդում է, որ չպետք է հաշվարկվեն այն քվեաթերթիկները, որոնք փոստով ստացվել են ընտրատեղամասերի փակումից հետո։

Ներկայումս իրավիճակը Թրամփի օգտին չէ։ Նա արդեն իսկ հայտարարել է, որ դատական կարգով կպահանջի որոշ նահանգներում քվեաթերթիկների վերահաշվարկ իրականացնել, որտեղ հաղթել է նրա մրցակից Ջո Բայդենը։ Նման իրադրության պահպանման պարագայում Բայդենը կստանա անհրաժեշտ թվաքանակով ընտրիչների ձայները (270 ձայն)։ Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի ընդունի պարտությունը, և ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքը կվճռվի դատարաններում։ Մինչև ընտրությունները հայտարարվել էր, որ և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները պատրաստվում են այսպիսի սցենարի և վարձել են իրավաբանների հատուկ թիմեր։

Զուգահեռաբար, հետընտրական իրավիճակն այդքան էլ հանգիստ չէ Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներում։ Նյու Յորքի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերի առնվազն 58 մասնակիցների։ Այդ մասին գրում է The New York Times»-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Ինչպես գրում է ABC News-ը, մի քանի հարյուր ցուցարարներ դուրս են եկել Մանհեթենի փողոցներ՝ պահանջելով նախագահական ընտրությունների ձայների արդար հաշվարկ։ Ցուցարարներն անցել են Նյու Յորքի Հինգերորդ պողոտայով՝ հանդես գալով «արդարության, ազնվության և ժողովրդավարության օգտին»։

The New York Times-ը նշել է, որ ոստիկանները արգելափակել են ցուցարարների երթը՝ կիրառելով քեթլինգի մեթոդը, որից հետո սկսել բերման ենթարկել։

Նյու Յորքի ոստիկանությունը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ «ճանաչում և արժևորում է խոսքի ազատությունը», իսկ ցուցարարները բերման են ենթարկվել այն ժամանակ, երբ սկսել են կրակ վառել և ձվեր ու աղբ նետել Մանհեթենում։ Ոստիկանությունը հայտնել է 20 բերման ենթարկվածների մասին։

ABC News-ի աղբյուրները նշում են, որ ձերբակալվածները մեղադրվում են ձերբակալության դիմադրության, հանրային կարգի խախտման և չարտոնված ցույցի անցկացմանը մասնակցելու մեջ։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ որոշ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զենք, այդ թվում նաև դանակներ և M-80 պայթուցիկներ։

Նյու Յորքում բողոքի ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր դադարեցնել քվեաթերթիկների հաշվարկը Միչիգան և Փենսիլվանիա նահանգներում, որոնց արդյունքներից կախված կլինի ընտրությունների ելքը։ Բայդենը արդեն իսկ հաղթել է Միչիգանում, սակայն Թրամփը չի ընդունում այդ արդյունքները։

Լուսանկարը՝ Marcio Jose Sanchez/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter