HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Անհետ կորած զինծառայողի հարազատներից գումար հափշտակելու գործով անցնող անձը խոստովանական ցուցմունք է տվել

Անհետ կորած զինծառայողի հարազատներից խաբեությամբ գումար հափշտակելու գործով ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը։ Վերջինս նշեց, որ գործով մեղադրյալ Հ․Բ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախության փորձ կատարելը, և նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ապացույցների ճնշման տակ, որոնք շատ ակներև են եղել, նա խոստովանական ցուցմունք է տվել»,- ասաց Վազգեն Ավետիսյանը։

Վերջինս նշեց, որ տեղեկություններ կան այն մասին, որ այլ անձինք ևս տուժել են Հ․Բ․-ի ենթադրյալ գործողություններից։ Նշենք, որ ԱԱԾ-ն հորդորել էր դիմել իրենց, եթե տուժել են վերը նշված անձի ենթադրյալ գործողություններից։ Վազգեն Ավետիսյանի խոսքով՝ այս պահին ԱԱԾ-ն դեռևս այլ անձանցից դիմումներ չի ստացել։

Նշենք, որ գործող մեղադրյալ Հ․Բ․-ն մի քանի դատվածություն ունի, այս պահին անցնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռոբերտ Պապոյանի վարույթում դեռեւս 2015-ից քննվող մի գործով։ Մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը Հ․Բ․-ն գտնվել է կալանքի տակ։ Նրա պաշտպանը նրան կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է։ 2020-ի ապրիլին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշել է նրան ազատ արձակել կալանքից։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 2-ին հայտարարություն էր  տարածել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, Հ. Մ.-ի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Հ. Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել և ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետև, վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայող Հ. Մ.-ն գերության մեջ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին և պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու և Հ. Մ.-ին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է ևս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Ա. Մ.-ի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

Լուսանկարում՝ Վազգեն Ավետիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter