HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրահանձնաժողովը 2022 թվականից շուտ ԵՄ տնտեսության վերականգնում չի ակնկալում

Եվրամիության տնտեսությունը, իր պատմության ամենավատ ռեցեսիայից հետո, նախաճգնաժամային մակարդակին կվերականգնվի միայն երկու տարի անց։ Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ, տնտեսության հարցերով եվրոկոմիսար Պաոլո Ջենտիլոնին։ Նրա խոսքերով՝ տնտեսության վերականգնմանը խանգարում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։

Եվրահանձնաժողովը, կոնյուկտուրայի վերաբերյալ իր նոր կանխատեսման մեջ, որոշակիորեն բարելավել է ընթացիկ տարվանից ակնկալվող սպասումները։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ 2020 թվականին Եվրամիության տնտեսության անկումը կկազմի 7,4 % (հուլիսյան կանխատեսմամբ՝ 8,3 %), մեկ տարի անց աճը կկազմի 4,1 %, իսկ 2022 թվականին՝ 3 %։ Եվրագոտու երկրների համախառն ներքին արդյունքի անկումը ընթացիկ տարվա ընթացքում կկազմի 7,8 % (ամառային գնահատմամբ՝ 8,7 %), սակայն 2021 թվականին աճը կկազմի 4,2 %, իսկ մեկ տարի անց՝ 3 %։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ԵՄ անդամ երկրներից ամենաշատը տուժել են Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի տնտեսությունները։ Պաշտոնական Բրյուսելի կարծիքով հենց այս երկրների տնտեսությունները կգրանցեն ամենամեծ անկումը։ Այսպես, 2020 թվականին իսպանական ՀՆԱ-ի անկումը կկազմի 12,4 %։

Ընթացիկ տարվա ընթացքում Գերմանիայի ՀՆԱ-ն կկրճատվի 5,6 %-ով։ Հաջորդ տարի Եվրահանձնաժողովի փորձագետներն այս երկրի համար կանխատեսում են 3,5 % աճ և 2,6 %` 2022 թվականին։

Համավարակի տնտեսական հետևանքները չեն շրջանցել նաև աշխատաշուկան։ Եվրահանձնաժողովը ակնկալում է, որ 2020 թվականին գործազրկության մակարդակը կկազմի 7,7 % (մեկ տարի առաջ՝ 6,7 %), մեկ տարի անց այն կաճի մինչև 8,6 %-ի, իսկ 2022 թվականին կնվազի մինչև 8 %։

2020 թվականին եվրագոտում բյուջետային դեֆիցիտը կկազմի 8,8 %, սակայն հաջորդող տարիներին Եվրահանձնաժողովի փորձագետները ակնկալում են այդ ցուցանիշի նվազում։ Դեռ 2019 թվականին այն կազմել է 0,6 %։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter