HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Խոր Վիրապ-Նոյակերտ-Երևան ուղղությունը սպասարկող միակ ավտոբուսն արդեն 5 օր է` երթուղի դուրս չի գալիս

Արարատի մարզի Խոր Վիրապ-Նոյակերտ-Երևան ուղղությունը սպասարկող 467 համարի ավտոբուսն արդեն 5 օր է` երթուղի դուրս չի գալիս։ Այն սպասարկում է 4 գյուղ՝ Նոյակերտ, Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի։ Ավտոբուսն այդ ուղղությամբ Երևան հասնող միակ տրանսպորտն է։

Հասմիկ Ասատրյանն ապրում է Եղեգնավան գյուղում, բայց աշխատում է Երևանում, ինչպես տրանսպորտից օգտվող շատ մարդկանց, այնպես էլ իր համար աշխատավայր հասնելը բարդացել է։

Արդեն 5 օր է` օրական մոտ 3000 դրամ է ծախսում աշխատանքի հասնելու համար։ Բացակայելու դեպքում կզրկվի աշխատանքից։ Տաքսիով հասնում է հարևան Այգավան, որտեղից էլ տեղի երթուղայիններով՝ Երեւան։ Հետադարձն էլ նույն ուղղությամբ է։

«Պատահում է, որ ուրիշ գյուղեր սպասարկող ավտոբուսների մեջ մեր ավտոբուսից օգտվողներին եմ տեսնում։ Իրենք էլ իմ պես ստիպված են ճանապարհի կեսը տաքսիով շարունակել։ Նրանց մեջ նաև վիրավոր զինվորներին տեսակցության գնացող ծնողներ, հարազատներ կան, քաղաք հասնելը դարձել է 2 անգամ ավելի թանկ ու ժամանակատար, այս ամենին լուծում պետք է տրվի»,- ասում է Հասմիկը։

Նա զանգահարել է երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերություն, ընկերության աշխատակիցը Հասմիկին հայտնել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել Հասմիկի հարցերին, խնդրել է զանգահարել հաջորդ օրը, բայց դրանից հետո Հասմիկի զանգերին ընկերությունը չի պատասխանել։

Մենք ևս փորձեցինք կապ հասատատել ընկերության հետ, զանգահարեցինք «Գալակտիկա տրանս սերվիս», նաև՝ ՍՊԸ-ի ղեկավար Շուշան Խաչատրյանի անձնական հեռախոսահամարներին։ Մեր զանգերը, սակայն, մնացին անպատասխան։

«Գալակտիկա տրանս սերվիսի» ղեկավար Շուշան Խաչատրյանը նախորդ տարի՝ 2019-ին կառավարության շենքի առաջ երթուղու վարորդների հետ բողոքի ակցիա էր իրականացրել Արմավիր-Երևան երթուղու ուղղությամբ ապօրինի բացված մի քանի երթուղիների դեմ, որոնք Երևան-Արմավիր երթուղով ուղեւորափոխադրումներ են իրականացնում։ Բացի այդ, վերջինս բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել խնդրին։ Շուշան Խաչատրյանի ղեկավարած ՍՊԸ-ն սպասարկում է նաև Արագածոտնի ու Արարատի մարզի որոշ երթուղիներ։

«Հետքը» կապ հաստատեց երթուղու վարորդ Սարգիսի հետ։ Վերջինս նշեց, որ երթուղի դուրս չգալու պատճառը մեքենայի անսարքությունն է, մոտ օրերս մեքենան սարքին կլինի, ու, հավանական է, որ երթուղայինը շարունակի իր աշխատանքը։ Ավտոբուսի փոխարեն օրվա մեջ 1-2 անգամ ուղղությունը սպասարկում է Երևան-Երասխավան երթուղային գազելը։

Չնայած նրան, որ մեզ չհաջողվեց պատասախան ստանալ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ից, խմբագրություն դիմած քաղաքացիներից մեկը, որի անունը չենք հրապարակում վերջինիս ցանկությամբ, նշեց, որ երթուղի դուրս չգալու պատճառը սպասարկող ընկերության կողմից ավտոբուսի վարորդից պահանջվելիք գումարի բարձրացումն է, ինչի պատճառով վարորդը հրաժարվել է վարել մեքենան, քանի որ ուղեւորավարձից հավաքագրվող գումարի մեծ մասը պետք է տար երթուղին սպասարկող ընկերությանը։

«Հետքը» կապ հաստատեց Արարատի մարզպետարանի հետ, որտեղից մեզ ուղղորդեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ), որտեղից էլ հորդորեցին դիմել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

ՀՀ կառավարության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից մեզ տեղեկացրին, որ իրենք ևս ստացել են բողոք երթուղուց օգտվող քաղաքացու կողմից, կապ են հաստատել «Գալակտիկա տրանս սերվիսի» տնօրինության հետ։ Վերջիններս պատասխանել են, թե երթուղին աշխատում է առանց խափանումների, և ոչ մի խնդիր չկա։ Այդուհանդերձ, տեսչական մարմնի տեսուչները ստուգումներ են կատարելու։

«Հետքը» այսօր, օրվա տարբեր ժամերի՝ ըստ 467 համարի ավտոբուսի չվացուցակի այցելել է Սասունցի Դավիթ կայարան, որտեղից իրականացվում են ուղևորափոխադրումները։ Մեր այցելությունների ընթացքում ընդամենը մեկ անգամ 467 համարի ավտոբուսի փոխարեն Երևան-Երասխավան երթուղային գազելը սպասարկել է ուղղությունը։ Ավտոբուսի մյուս սկզբնակետ համարվող Նոյակերտ գյուղից ևս վերջին հինգ օրերին առավոտյան ժամերին՝ 07։00 և 10։00 ուղևորափոխադրումները չեն կազմակերպվել։

Հոդվածը պատրատ էր հրապարակման, երբ մեզ երկրորդ անգամ զանգահարեցին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից և ասացին, որ նորից են կապ հաստատել «Գալակտիկա տրանս սերվիսի» ղեկավար Շուշան Խաչատրյանի հետ, որն ասել է, թե 3 օր ավտոբուսները ծառայել են Արցախ կամավորներ փոխադրելուն, իսկ դրանից հետո 467 ավտոբուսի փոխարեն երթուղի է մտել Երևան-Երասխավան երթուղային գազելը, քանի որ ուղևորների հոսքը նվազել է, և ավտոբուսով երթուղին սպասարկելը ձեռնտու չէ:

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ մոտ օրերս ևս ավտոբուսը փոխարինվելու է երթուղային գազելով, հնարավոր են նաև չվացուցակի խափանումներ: 

Մեկնաբանություններ (1)

Նարինե
Խնդրում եմ այս խնդիրը հնարավորինս հանրայնացնել,ինքս ուսանող եմ և օգտվում էի այդ երթուղուց,467 համարի երթուղին աշխատում է ըստ հարմարության,Երևան գնացող ոչ մի երթուղի չկա գյուղում,դա էլ,որ չի աշխատում,Երևան տաքսիով ենք գնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter