HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայկ Մելքոնյան. «Պատերազմի օրերին ծնված փոխօգնության գաղափարը պետք է զարգացնել նաեւ խաղաղ ժամանակ»

Շիրակի մարզի Հայկավան գյուղից 1 տոննա կարտոֆիլը նոյեմբերի 6-ին տեղափոխվեց Երեւան, որպեսզի հետագայում հատկացվի Արցախից տեղահանված եւ Հայաստան հասած ընտանիքներին: Գնորդը ֆեյսբուքյան հայկական տիրույթի ամենամեծ վիրտուալ գյուղական համայնքի՝ «Բերքառատ Հայաստան» խմբի հիմնադիր Հայկ Մելքոնյանն էր: Կարտոֆիլը հնարավոր եղավ տեղափոխել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի տրամադրած մեքենայի շնորհիվ: Գնումն իրականացվել էր արցախյան պատերազմում սեպտեմբերի 30-ին զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Էլֆիկ Ավետիսյանի ընտանիքից:

«Օգնենք գյուղացուն բերքը տուն տանել» կարգախոսով հոկտեմբերի 18-ին մի խումբ գյումրեցի կամավորներ սեփական նախաձեռնությամբ որոշակի աջակցություն էին ցուցաբերել Ավետիսյաններին՝ մասնակցելով կարտոֆիլի բերքահավաքին: «Հետք»-ն անդրադարձել էր այս ակցիային՝ ներկայացնելով գաղափարի շուրջ համախմբման նպատակը:

«Ակցիայի մասին կոնկրետ ես տեղեկացել էի գաղափարի հեղինակի ֆեյսբուքյան գրառումներից, որտեղ կոչ էր արվում կամավորական խմբերով օգնել գյուղացիներին բերքը տուն տանել,-ասում է Հայկ Մելքոնյանը,-ընտանիքներից մեկը, որին օգնել էին գյումրեցիները, զոհ ուներ: Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտանիքներում, որտեղ զոհ կա, շատերը թեւաթափ են լինում, ցանկություն չունեն որեւէ բան անելու եւ հատկապես այդ ընտանիքներին է պետք մեր ուշադրությունը, որ շարունակեն: Մենք մեր խմբով (10 հազարից ավելի մասնակից) ունեինք հանգանակած գումար՝ մոտ կես մլն դրամի չափով, եւ ես որոշեցի, որ կարտոֆիլի 1 տոննա խմբաքանակը (100.000 հազար դրամ՝ կգ-ը 100 դրամ) գնեմ Շիրակի մարզի Հայկավան գյուղից»:

Հայկը պատմում է, որ պատերազմի առաջին մի քանի օրերին անելիքն այնքան էլ լավ չի պատկերացրել, վստահ է՝ շատերն են իր պես անորոշության մեջ եղել: Սեպտեմբերի 30-ին ընկերներից մեկը գրել է, թե կամավորներից թիմեր են ձեւավորել, որոնք զբաղված են տարհանված արցախցիներին աջակցելով: Խնդրել է Հայկին օգնել սնունդ հայթայթելու հարցում՝ նկատի ունենալով «Բերքառատ խմբի» գործունեությունն ու գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց մեծ ցանցը, որ ձեւավորված է այդտեղ:

«Գրառում արեցի մեր խմբում, որ օգնության նպատակով սնունդ ենք հավաքագրում, մարդիկ անմիջապես արձագանքեցին, մի քանի օր էդպես հավաքել ենք, Սիսիանից անգամ 200 կգ կարտոֆիլ էին ուղարկել՝ հարմար մեքենա էր եղել Երեւան եկող, Սարդարապատ գյուղից մի 300 կգ տարբեր տեսակի բանջարեղեն տվեցին, մեր Երեմը մի քանի անգամ մեծ քանակությամբ խաղող տվեց եւ այլն: Մարդիկ էլ կային, որ գրում էին, թե մենք բերք չունենք, դրա փոխարեն պատրաստ ենք գումարով աջակցել: Էդպես որոշվեց դրամահավաք կազմակերպել, որ գնումներ իրականացնենք, որովետեւ հոկտեմբերի 10-ի կողմերը զգացինք, որ էլ մթերք չի հավաքվում,-բացատրում է Հայկը,-դրամահավաքից գոյացած գումարով գնումներ եմ անում Էջմիածնի, Արարատի մեծածախ շուկաներից: Օրական մի 30 հազար դրամի բանջարեղեն եմ գնում, որ տրամադրվող սննդի փաթեթների մեջ դնեն ու բաժանեն ընտանիքներին»:

Եղել է դեպք, երբ ինֆորմացիա են ունեցել, որ աջակցություն է պետք շուկա բերք տանող մարդու, որի տղան վիրավորվել է ռազմաճակառում եւ ինքն ամեն ինչ թողած պետք է հասնի հիվանդանոց: Արագ կազմակերպել են եւ նույն օրը գնել 2 տոննա սմբուկը, որ տվյալ անձն էլ կարողանա վիրավոր զավակի հարցերով զբաղվել: Մեկ այլ դեպքում էլ նվեր ստացած 250 կգ ընկույզը բաժանելու փոխարեն վաճառել են եւ ստացած գումարով բանջարեղեն գնել:

«Շատ լավ կլինի, եթե փոխօգնության գաղափարը, որ դրվեց դժվարին այս օրերին, ամրապնդվի ու շարունակի զարգանալ նաեւ խաղաղ ժամանակ,-նկատում է Հայկ Մելքոնյանը,-մենք զարմանալի օրեր ենք ապրում, երբ բացահայտվում է մարդու միջի մարդկայինն ու նրան սարքում օրինակելի մի կերպար: «Մեկս` մեկով» գաղափարը, դարերով, մեր պապերից եկած «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» ասացվածքն էսօր ամեն օր ապացուցվում է, ու դա չի կարելի մսխել, կորցնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter