HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նիկոլ Փաշինյան. «Մեր առաջ դրված էր խնդիր՝ խուսափել վատթարագույնից»

«Եկեք հասկանանք՝ ես ե՞րբ եւ ինչու՞մ եմ սխալվել այս իրավիճակի հետ կապված»,- քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով ժողովրդի հետ «զրույցը» սկսեց այս հարցադրումներով։

Ըստ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո կար տարբերակ՝ պետք է վերադարձնել հինգ տարածքներ, առանց ԼՂ-ի իրավիճակի ճշգրտման կամ ունենալ պատերազմ։ Սակայն չի հայտարարել այդ մասին՝ կարեւորելով բանակցային գործընթացը որոշակիորեն փոխելը, բայց չի հաջողվել։ «էնտեղ չի եղել տարբերակ, թեզ է եղել, որը եղել է ամբողջ բանակցային պատմության մեջ, եւ կարծրացած իրողություն է եղել»,- նշեց վարչապետը։

Ըստ նրա՝ եթե ժողովրդին դներ երկընտրանքի առաջ՝ հանձնել տարածքները, թե պայքարել, ապա կընտրվեր երկրորդը, ինքը եւս նույն կերպ է որոշում կայացրել։

Իրավիճակը նույնն է եղել նաեւ պատերազմից առաջ, երբ ստացել են նախանշաններ։

Ըստ Փաշինյանի՝ ժողովրդին չի ասել, քանի որ հավատացել է՝ կարող են պայքարել Արցախի ժողովրդի իրավունքի համար։

Իսկ թե ինչու պատերազմի, 3- րդ, 4-րդ, 6-րդ օրը չեն կանխել զարգացումը Փաշինյանը նշեց, որ առաջին օրերին պատերազմը հաջող է ընթացել Հայաստանի համար, սակայն ռազմաճակատի իրադրությունից պայմանը չէր փոխվում՝ 5 տարածքի վերադարձ, առանց ԼՂ-ի կարգավիճակի։

Որոշումը կայացրել են, երբ հասկացել են՝ պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունեն։ «Մեր առաջ դրված էր խնդիր՝ խուսափել վատթարագույնից։ Եթե տեսնում ենք՝ ինչ վիճակում ենք այսօր, հետահայաց կարող ենք ասել, որ եթե մի տարի առաջ համաձայն լինեինք այդ բանաձեւից, կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր, սա ճշմարտությունն է, բայց ո՞վ էր, որ Հայաստանում կհավատար՝ սա ճիշտ ճանապարհ է, շատ քիչ մարդ, եւ այդ թվում ես էլ չէի հավատա, որ դա ճիշտ ճանապարհ է։ Էնքան անորոշություններ են բացվում, որ դա դառնում է խնդրահարույց»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ինքն իր սխալները տեսնում է այդ տիրույթում, եւ զգում է իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։

Իսկ մի բան փաստ է, բանակն այս պատերազմում կռվել է մինչեւ վերջ եւ անմնացորդ։

Փաշինյանի պնդմամբ՝ այս իրավիճակից հետո պետք է հիմնվել Հայաստանի եւ Արցախի ուժեղացման վրա. «Ընկել ենք, բայց չենք ծնկել, կանգնել ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջին խազը, ապա կայացրել որոշում՝ անդունդը չգլորվելու համար։ Սա եղել է ցավոտ որոշում, բայց անհրաժեշտ ու անխուսափելի որոշում։ Այդ որոշումը չլինելու դեպքում մեր դրությունը լինելու էր շատ ավելի վատ»,- նշեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter