
Էդմոն Մարուքյան. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խնդրանք-հորդորն էր գոնե յոթ օր հնարավորություն տալ զինված ուժերին»
«Մենք ունենք ստորագրված պայմանագիր, որը մեր բոլորի կարծիքով խայտառակ փաստաթուղթ է, այն մեզ դնում է շատ ծանր վիճակի մեջ: Որևէ մեկը չէր կարող սպասել, որ ժողովրդին 40 օր կասեն հաղթում եք, վերջում կասեն` պարտվել եք»,- այս մասին ֆեյսբուք ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթին:
Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները պահանջել էին Անվտանգության խորհրդի նիստ, այնուհետև խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ դռնփակ հանդիպում, սակայն այդպես էլ նման հանդիպում չի եղել: Մարուքյանի խոսքով` վարչապետն իրեն նամակ է գրել` ասելով, որ վիճակը կայուն չէ, կայունանալու դեպքում նման հանդիպում կնախաձեռնեն, սակայն մի քանի ժամ անց ստորագրել է այդ փաստաթուղթը:
«Ժողովուրդ ջան, չկարծեք, թե ձեզ խաբել են, մեզ չեն խաբել, բոլորիս են խաբել»,- ասաց նա: Մարուքյանը հայտնեց, որ հանդիպել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որը, Սահմանադրության համաձայն, ամենաբարձրաստիճան զինվորականն է, և ըստ Մարուքյանի` այս պահին ամենավստահելի պաշտոնյան:
Մարուքյանը խոսել է ռազմական դրության իրավական ռեժիմը չեղարկելու մասին, սակայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը խնդրել, հորդորել է` այժմ նման նախաձեռնություն չներկայացնել` սահմանում զինված ուժերի բազմաթիվ անելիքներով պայմանավորված: Մարուքյանի խոսքով` վտանգը չի անցել պատերազմի հետ կապված, և դեռ ամեն ինչ չի ավարտվել:
«Ես ասացի, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որ սկսվեն քաղաքական ու քաղաքացիական պրոցեսներ: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խնդրանք-հորդորն էր գոնե յոթ օր հնարավորություն տալ զինված ուժերին: Ինձ համար չկա ավելի վստահելի մարդ, քան ԳՇ պետը, և ես ընդունել եմ իր առաջարկը»,- ասաց Մարուքյանը` հավելելով, որ նման նախաձեռնություն կներկայացվի յոթ օր անց:
Խորհրդարանական երրորդ խմբակցության ղեկավարն այդ մասին խոսել է նաև ընդդիմադիր մյուս խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, և այդ հարցով համաձայնություն ունեն:
Էդմոն Մարուքյանը կոչ արեց առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում զգոն ու սթափ լինել, առաջնորդվել միայն ու միայն պետական շահով:
Պատգամավորն անդրադարձավ այն քաղաքացիներին, որոնք երեկ ու այսօր ապօրինի մուտք էին գործել պետական շենքեր ու վնասել անշարժ գույքը: Մարուքյանը հիշեցրեց, որ այդ գույքը չի պատկանում Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ խորհրդարանական մեծամասնությանը, այն ձեռք է բերվել հարկատուների վճարած հարկերի հաշվին, ուստի կոչ արեց տնտեսապես ծանր վիճակում գտնվող պետության գույքը չվնասել:
Մարուքյանը նաև կոչ արեց խուսափել որևէ պաշտոնատար անձի բռնության ենթարկելուց, ապա դատապարտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցածը:
Մարուքյանը կոչ արեց չխոչընդոտել խորհրդարանի աշխատանքը` հիշեցնելով, որ քվորում չունենալու դեպքում որոշումներ կայացնել չեն կարող:
«Շտաբի պետին նաև ասել եմ, որ եթե յոթ օր ռազմական դրությունը չենք հանում, ապա նաև Նիկոլ Փաշինյանը չպետք է լայվերով, իր խոսքով, գործողություններով որևէ ձևով խաթարի քաղաքացիական համերաշխութունը երկրում, պիտի մարդկանց բախումների չուղղորդի, այլապես այն հղի է ծանր, անդառնալի հետևանքներով»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ ԳՇ պետը խոսել է վարչապետի հետ, և նրա հեռախոսն ինչ-որ մեկը ձեռքից կվերցնի:
Մյուս պահանջը, որի մասին խոսել է Էդմոն Մարուքյանը Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է եղել:
«Այն, որ հայ ազգը չի կարող պարտվել, դա միանշանակ է, հայ ազգը չի պարտվել, պարտվել է առաջնորդը, իսկ մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, պարտված առաջնորդը պետք է հեռանա: Թե` երբ, ոնց, դա դեռ կքննարկենք, երբ ռազմական ու անվտանգային խնդիրները լուծած կլինենք: Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» պետք է գիտակցեն` սա էն Հայաստանը չէ, որտեղ իրենք 83 % ձայն են հավաքել` խորհրդարանում ու Երևանի ավագանիում: Էն Հայաստանը, որի վարչապետն էր Փաշինյանը, Արցախի հետ միասին ուներ 42 հազար քառ. կմ տարածք»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ այդ Հայաստանը չկա` այդ թվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և նրա դրած ստորագրության արդյունքում, հետևաբար նա չի կարող լինել այս Հայաստանի ղեկավարը:
Մարուքյանը կոչ արեց հանրային համերաշխության` ասելով, որ գոռալով, իրար ծեծելով ոչ մի խնդիր չի լուծվի:
Մեկնաբանել