
Անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները՝ ԼՂ կարգավիճակը որոշելու համար. պաշտոնական Փարիզ
Պաշտոնական Փարիզն իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու հայտարարության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Մենք կարդացել ենք և վերլուծում ենք դրա չափանիշներն ու հետեւանքները: Սպասվում են հստակեցումներ`դրանց շրջանակը գնահատելու համար:
Մարտերի ավարտն անհրաժեշտ է: Դա կողմերի՝ վերջին շաբաթներին մի քանի անգամ ստանձնած պարտավորությունն է, այն առաջնահերթ խնդիրն է, որին մենք վճռականորեն աջակցում ենք և շարունակում ենք մոբիլիզացվել Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ուստի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն պահպանի իր ստանձնած պարտավորությունները, և որ նրա հարձակումը անմիջապես դադարի: Այս համատեքստում մենք պահանջում ենք, որ Թուրքիան ոչինչ չանի, ինչը հակասում է այս գերակա նպատակին:
Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար բարեկամությունը հայ ժողովրդի հետ՝ հաշվի առնելով մարդկային, մշակութային և պատմական կապերի սերտությունը: Այս դրամատիկ համատեքստում մենք նրա կողքին ենք: Մասնավորապես, մենք կապահովենք անհրաժեշտ մարդասիրական աջակցության տրամադրումը: Այնտեղ տիրող իրավիճակը, բնակչության տեղահանումը և քաղաքային հատվածներում մարտերն, իրոք, ունեցել են էական հումանիտար հետևանքներ: Վերջին շաբաթներին Ֆրանսիան մոբիլիզացվել է քաղաքացիական հասարակության բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով: Դրան նպաստում են Ֆրանսիայի իշխանությունները՝ անցյալ շաբաթվա վերջին Երևան ժամանած բժշկական օգնությամբ, ինչպես նաև վիրաբույժների թիմերով, որոնք մասնագիտացած են հակամարտությունից տուժածներին ցուցաբերվող բժշկական օգնության մեջ: Առաջիկա օրերին ձեռնարկվելու են այլ նախաձեռնություններ` Հայաստանին անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար:
Վերջապես, հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումն անհրաժեշտ է` երեկ հայտարարված հրադադարի համաձայնագրից բացի: Ֆրանսիան այդտեղ իր լիարժեք դերը կկատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն առանց հապաղման: Դրանք, մասնավորապես, պետք է թույլ տան ապահովել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետեւանքով տեղահանված մարդկանց վերադարձը և սահմանել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը:
Լուսանկարում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը
Մեկնաբանել