
Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը հիասթափված է. ՄԱԿ-ի պաշտոնյաները չեն արձագանքել իր նամակներին
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը դեռևս երկու շաբաթ առաջ գրավոր դիմել է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կրթության իրավունքի հարցերով գլխավոր զեկուցողին և ներկայացրել Արցախում կատարվողը: Տեղեկացրել է, թե ինչպես է խախտվում 30 հազարից ավելի մարդու կրթություն ստանալու իրավունքը, ինչպես են ավերվում կրթամշակութային հաստատությունները: Մշակութային օջախների, հուշարձանների ոչնչացման առնչությամբ ևս դիմել է ՄԱԿ-ի համապատասխան պաշտոնյաներին: Հակառակորդի գերճշգրիտ հարվածով կրկնակի խոցվել էր նույնիսկ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը:
Լուսինե Ղարախանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խնդրել է ՄԱԿ-ի պաշտոնյաներին իրենց մանդատի, լիազորությունների սահմաններում, կազմակերպության կանոնադրության, նպատակների ու սկզբունքների համաձայն քայլեր ձեռնարկել, բայց ձայն բարբառո հանապատի: Որևէ պատասխան չի ստացվել:
«Խորապես հիասթափված եմ միջազգային հանրությունից, ամենահեղինակավոր կառույցներից: Մի ամբողջ քաղաքակրթություն, համաշխարհային մշակութային արժեքներ ավերվում, ոչնչացվում են միջազգային հանրության հանցավոր անտարբերության հետևանքով: Այսպես չի կարելի անել: Հիմա Դադիվանքը կմնա թշնամու ձեռքին: Այդ ակնառու, աղաղակող հայկականությունը, մեր ինքնությունը, անձնագրերը մնում են թուրքի ձեռքին: Սա տանելու բան չի»,- ասում է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը:
Նախարարը նշեց, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվել է Արցախի 30.000-ից ավելի կրթություն ստացող շահառուների իրավունքը: Մասնավորապես՝ խախտվել է 23,967 դպրոցականի, 4000-ից ավելի նախադպրոցականի և մոտ 5000 քոլեջների, ուսումնարանների և բուհերի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը: Ավերվել է 80-ից ավելի դպրոցական և մանկապարտեզի շենք:
«Չգիտեինք, որ դեպքերն այսպիսի ընթացք ու զարգացում կունենան, բացարձակապես չգիտեինք: Հայաստանի կրթության նախարարության, մարզպետների հետ աշխատում էինք: Հաշվառել էինք երեխաներին, նրանց կրթության կարիքները, որպեսզի նոյեմբերի 13-ից առցանց սկսեինք դասերը: Հիմա արդեն չգիտեմ, թե ինչ անենք, որ մասն է հետ գնալու: Վատ վիճակի մեջ ենք, բայց շարունակում ենք համագործակցությունը, որ դպրոցականները ամսի 13-ից սկսեն առցանց պարապել»,- ասում է Լուսինե Ղարախանյանը:
Նախարարի խոսքերով՝ Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններն առցանց սկսել են դասերը, իսկ առաջիկայում պայմանավորվածություն ձեռք կբերվի գեղարվեստի ակադեմիայի հետ, որպեսզի Ստեփանակերտի Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները կրթությունը շարունակեն:
Լուսինե Ղարախանյանն ասում է, որ ամեն ինչ պետք է անել կրթության իրավունքի շարունակականության համար: Սակայն մտահոգված է, որ այն պետք է իրականացնեն ադրբեջանցիների հետ համակեցությամբ:
«Երեք անգամ զինադադար էր հայտարարված, տեսանք ինչպիսի պահվածք էր, ո՞նց կարելի է հավատալ: Չենք հավատում ընդհանրապես, բայց ամեն ինչ պետք է անենք մեր տեսակը, ինքնությունը, կրթությունը, մեր ապագան երեխաներին ցույց տալու համար: Այսօր անհայրենիք ենք մնացել, նույնիսկ ԼՂԻՄ-ի տարածքը չի պահպանվել»,- հավելեց նախարար Լուսինե Ղարախանյանը:
Լուսանկարները՝ Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել