HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան. «Ժողովուրդը 73% ձայն է տվել մի ուժի, որի պատգամավորները չեն գալիս խորհրդարան՝ նիստ գումարելու»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուք ուղիղ եթերում անդրադարձավ ԱԺ խորհրդի չկայացած նիստին: Պատգամավորը հայտնեց, որ նիստին ներկա է եղել յոթ պատգամավոր` ԲՀԿ-ից, «Լուսավոր Հայաստանից» և ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է տասը պատգամավորի ներկայություն: Տեղեկացնենք, որ մինչ ԱԺ խորհուրդը նիստ չանի և օրակարգը չհաստատվի, ԱԺ նիստ չի կարող գումարվել: Մարուքյանը հայտնեց, որ կանոնակարգ-օրենքի համաձայն` դեռևս երկու ժամ քվորումը բաց է, և ԱԺ խորհրդի անդամները կարող են գալ:

Մարուքյանի խոսքով` խոսել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ և կոչ է արել վերջինիս՝ գործընկերներին ասել գալ խորհրդարան, որպեսզի պրոցեսները քաղաքական հարթություն տեղափոխվեն:

«Ստորագրվել է մի խայտառակ փաստաթուղթ, կապիտուլյացիայի փաստաթուղթ: Հայաստանը խորհրդարանական երկիր է, ժողովուրդը 73% ձայն է տվել մի ուժի, որի պատգամավորները չեն գալիս խորհրդարան, որ նիստ գումարեն: 88 պատգամավորից մի մարդ է եկել` ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Իշխանությունը միայն վայելելու համար չէ, նաև պատասխանատվություն է, ռիսկեր, եկե՛ք մի բան ասեք»,-նշեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ քաղաքական մեծամասնության պատգամավորների անվտանգությունն ապահովված է, նրանք հանգիստ կարող են շենք մտնել` առանց որևէ խնդրի:

Մարուքյանը նաև հայտնեց, որ արդեն երկու օր է՝ սպառնալիքներ է ստանում իր հասցեին, և պնդեց` իր հետ ինչ-որ բան լինելու դեպքում մեղավորն իշխանությունն է:

«Կա՞ իշխանություն երկրում, թե՞ անիշխանություն է սա, ոնց որ վարչապետն է իշխանություն ստանձնել ու չի մտածել, որ բացի դաչայից ու «Մերսեդեսից» կա նաև Արցախի հիմնախնդիր, էնպես էլ պատգամավորներն են էդպես մտածել` գործուղումներ, դիվանագիտական անձնագիր, պատիվ-հարգանք…եկե՛ք է, ու՞ր եք»,-ասաց նա:

Մարուքյանը մտավախություն հայտնեց, որ եթե խորհրդարանը նիստեր չգումարի, ապա երկրում կարող են քաղաքացիական պատերազմներ լինել, նաև հավելեց` խորհրդարան ներխուժած քաղաքացիները զինված են եղել, սակայն բարեբախտաբար զոհեր չեն եղել:

ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկվի «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ նախագիծը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter