HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Իվետա Տոնոյան․ «ՔՊ-ի գրասենյակից զենք է բաժանվել օլիգարխների անվտանգության աշխատակիցներին»

Արցախում «սև գործը» կատարած քաղաքական իշխանությունը որոշել է նաև Հայաստանում որդեգրել քաղաքական բռնաճնշումների քաղաքականություն՝ փորձելով ընդդիմադիրներին լռեցնել։ Այս մասին ՀՅԴ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Մենք այսօր գործ ունենք կապիտուլյացիա իրականացրած քաղաքական իշխանության հետ»,- հայտարարեց Լիլիթ Գալստյանը և, դիմելով հանրությանը՝ հարց հնչեցրեց, որ ժողովրդի թիկունքում ստորագրված կապիտուլյացիայի հայտարարությունը եթե ազգային դավաճանություն չէ, ապա ի՞նչ է։ Դիմելով իշխանություններին՝ նա հայտարարեց, որ քաղաքական բռնաճնշումներից իրենք չեն վախենալու և պայքարը շարունակելու են։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախօրեին, շրջանառվող տեղեկությունների համաձայն, ապաստանել են գրասենյակների նկուղներում, ապաստարաններում և իրենց հայտարարությամբ ընդունել են Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման պատասխանատվությունը։ Իվետա Տոնոյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատագամավոր արդեն հայտնել է, որ իրենք ծանոթ չեն եղել խմբակցության անունից հրապարակված հայտարարությանը։ Պատգամավորն ակնկալում է իր գործընկերներից, որ անվանական հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հայտարարության տակ, որպեսզի հանրությունն իմանա, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ կիսում Արցախը հանձնելու որոշումը։ Դիմելով ԱԱԾ-ի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին՝ Իվետա Տոնոյանը կոչ արեց չենթարկվել «Արցախը վաճառած» գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարություններին, որովհետև պատմության մեջ կմնան «հող հանձնողի» հանձնարարություններ կատարող։

ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ տեղեկություններ ունեն 17 կուսակցությունների կողմից իրականացվելիք գործողությունների ընթացքում իշխանության կողմից սադրանքներ կազմակերպելու վերաբերյալ։ «Քաղպայմանագիր կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանությունների սրտի սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին և «Իմ քայլը» խմբակցության մի քանի համակիրների և ՔՊ-ի համակիրների, որպեսզի կոնկրետ սադրիչ գործողություններ իրականացվեն մեր կողմից կազմակերպվելիք միջոցառումների ընթացքում»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը։ 

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աննա Մկրտչյանն էլ հայտարարեց, որ վերջին 2.5 տարվա ընթացքում Հայաստանում պետական դավաճանություն է տեղի ուենցել, որի սուբյեկտը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն է։ Նրա խոսքով, պատերազմի 45 օրերին իշխանությունները ստել են հանրությանը, բթացրել են մարդկանց մտքերը, ճնշվել է ազատ խոսքը։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա և 17 կուսակցությունները գան իշխանության, ապա ինչպե՞ս են հետ բերելու կորցրած տարածքները, Լիլիթ Գալստյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունն ունի որոշակի անդառնալի հետևանքներ, բայց հետագայում այն դառնալու է իրավական փաստաթուղթ։ ՀՅԴ ներկայացուցիչը կարծում է, որ պետք է ձևավորվի ազգային իշխանություն, որը կկարողանա ստորագրված հայտարարության կիրարկման փուլում շտկումներ մտցնել, խմբագրման աշխատանք տանել։

Ասուլիսի ժամանակ քաղաքական գնահատականներ հնչեցրեցին նաև «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը և «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչ Արա Գասպարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter