HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ակցիա Իրանի դեսպանության առաջ. երիտասարդները նամակ հանձնեցին դեսպանին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև էին հավաքվել մի խումբ երիտասարդներ: Նրանք դեսպանությանը 4 կետից բաղկացած դիմում-նամակ ներկայացրին։ Այն վերաբերում է Հայաստանի եւ Իրանի շահերի համընկնումներին։

Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Զաքարյանը հանդիպեց դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին եւ ներկայացրեց դիմումի բովանդակությունը։

Մինչ նա հանդիպում էր դեսպանին, դեսպանատան առջև հավաքված երիտասարդները պատմում էին, որ իրենք գաղափարակից ընկերներ են, չունեն քաղաքական որևէ ուղղվածություն, պարզապես որոշել են դիմել Իրանի դեսպանատուն, քանի որ Սյունիքի մարզի այն ճանապարհահատվածը, որն ըստ համաձայնագրի պետք է դուրս մնա Հայաստանի Հանրապետության տարածքից Իրանին առևտրային ճանապարհներից դուրս է թողնում։

«Դեսպանը լսեց մեր բոլոր մտահոգությունները, որոնց մենք անդրադարձել ենք մեր նամակում, նշեց, որ իրենք հետևում են զարգացումներին և իրենց ուղերձներն են ուղարկում։ Դեսպանը նշեց, որ Հայաստանում այս պահին անհրաժեշտ է ազգային կոնսոլիդացիա, խաղաղություն»,- ասաց Դավիթ Զաքարյանը։

Դավիթի խոսքով՝ դեսպանն ասել է, որ նամակ-դիմումի պահանջները կփոխանցեն Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին։

«Մինչև այժմ Ադրբեջանը և Ասիան ցամաքային ուղիղ կապ չունեին Թուրքիայի և Արևմուտքի հետ, և առևտրային ճանապարհները անցնում էին Իրանի տարածքով: Սակայն այս փաստաթղթով՝ Ադրբեջանը՝ Մեղրիով ցամաքային կապ է հաստատում Թուրքիայի և Արևմուտքի հետ։ Այս հանգամանքը գործնականում Իրանին առևտրային ճանապարհներից դուրս է թողնում՝ ինչը տնտեսական ծանր հետևանքների արդյունք կարող է դառնալ»,-նշված էր նամակ-դիմումի 4-րդ կետում։

Դավիթն ասում է, որ գոհ են արդյունքից, քանի որ չէին սպասում, որ դեսպանի հետ հանդիպումը կկայանա այդքան հեշտ, ու որ հենց ինքն էլ կպատասխանի նրա հարցերին։

Երիտասարդները որոշել են ակցիաներ անցկացնել նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների առջև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter