
«Ստեփանակերտն իմ տունն է, բա ի՞նչ անենք, որ չգնանք, պետք է գնանք այնտեղ ապրենք, որ թուրքը չգա»
Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված Մարինա Հայրապետյանի ընտանիքում այսօր վաղ առավոտյան աշխույժ էր: Ավտոմեքենայի բեռնախցիկում տեղավորում էին առաջին անհրաժեշտ իրեր, որ ուղևորվեն Ստեփանակերտ: Մարինայի շունչը կտրվում էր հուզմունքից, բայց այն թաքցնում էր ժպիտով:
«Այսօր գնում ենք մեր տուն՝ Ստեփանակերտ, տեսնենք՝ ինչ կա, ինչ է կատարվում, որ մի քանի օրից գանք խոխեքին էլ տանենք»,- ասում է Մարինան:
Ընտանիքի 4 կանայք և անչափահաս թոռնուհին Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել հոկտեմբերի 3-ին: Այժմ Արցախում իրավիճակն անհամեմատ հանգիստ է, և որոշել են վերադառնալ իրենց տուն: Հայաստանում որևէ բանի պակաս չունեն, սակայն, միևնույն է, չեն հարմարվում, ցանկանում են վերադառնալ Արցախ:
Մարինան պատմեց, որ մայրը վատառողջ է, տեղյակ չէ, որ իրենց տունն ամբողջությամբ ավերվել է Ադրբեջանի հարվածներից: Ասել են, թե միայն պատուհանի ապակիներն են վնասվել: Ստեփանակերտ գնում է հենց նրա հետ, քանի որ պնդել է: Ճանապարհին նախապատրաստելու են, թե ինչ վիճակ է Ստեփանակերտում, որպեսզի հանկարծակիի չգա: Մարինան ցանկանում է իր աչքով տեսնել իրավիճակը, հասկանալ՝ Արցախում որտեղ են ապրելու, կամ հնարավո՞ր է իրենց տունը վերականգնել: Հավաստիացրեց, որ ամեն դեպքում վերադառնալու են Արցախ: Առայժմ Հայաստանում են մնալու սկեսուրը, դուստրը ու թոռնուհին:
«Ստեփանակերտն իմ տունն է, բա ի՞նչ անենք, որ չգնանք: Պետք է գնանք այնտեղ ապրենք, որ թուրքը չգա: 30 տարի պայքարում ենք այդ հողի համար: Ամուսինս հաշմանդամ է դարձել, առողջությունը կորցրել այդ հողի համար: Հիմա էլ եկել է, որ մեզ տանի, երևի հանգիստ է, որ մեզ տանում է: Մեր տղերքն էլ էնտեղ են, լավ կլինի»,- ասում է Մարինան:
Նա խորհուրդ է տալիս բոլորին վերադառնալ իրենց տները, որպեսզի Արցախն ամբողջությամբ չհայաթափվի: Տիկին Մարինան նշեց, որ դժվարություններն իրենց համար նոր չեն, տարիներ շարունակ անցել են դրանց միջով և հաղթահարելի են: Սակայն մտահոգված էր, որ այս իրավիճակում մարդիկ համերաշխ չեն, ինչը կարող է ներքին պառակտում մտցնել:
«Խնդրում եմ՝ համերաշխ եղեք, առողջ եղեք, պատերազմն ավարտված չէ»,- հավելեց Մարինա Հայրապետյանը:
Ընտանիքի անդամները մեծ սպասումով են Մարինային ճանապարհում Ստեփանակերտ՝ հուսալով, որ օրեր անց ընտանիքը միավորվելու է Արցախում:
Լուսանկարում՝ Մարինա Հայրապետյանը, նրա հետեւում՝ մայրը, սկեսուրը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել