HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայ լրագրող․ «Ֆրանսիան կորցրեց իր քարտերն այս շրջանում եւ այս խաղի մեջ»

«Հետքի» հարցերին պատասխանում է ֆրանսաբնակ լրագրող, արեւելագետ Տիգրան Եգավյանը

-Պարոն Եգավյան, Ռուսաստանն ու Թուրքիան փաստացի դուրս թողեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային՝ գրեթե լուծելով ղարաբաղյան հակամարտությունն իրենց իսկ նախաձեռնությամբ։ Ինչո՞վ եք պայմանավորում սա՝ հաշվի առնելով նաեւ, որ երկու երկրներն էլ խնդիրներ ունեն Արեւմուտքի հետ։

-Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն այս առումով շատ լավ համաձայնեցրին, որ անպայման պետք է դուրս մղեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին, որովհետեւ կիսում են նույն արհամարհանքը, նույնիսկ ատելությունը Արեւմուտքի նկատմամբ։ Ակնհայտ է, որ այն, ինչ պատահեց Մինսկի խմբի հետ, նշանակում է, որ վերջինս ոչ եւս է, մահացել է։ Եվ այն մահացել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի քաղաքական կամքի բացակայությունից, բայց հատկապես ԱՄՆ-ի։ Դոնալդ Թրամփի նախագահության ողջ ժամանակում լրիվ անտարբերություն ցուցաբերեցին այս խմբի նկատմամբ, քանի որ դիվանագիտական մակարդակով շատ ցածր մարդու ուղարկեցին ԱՄՆ-ն ներկայացնելու եւ ընդհանրապես զիջեցին իրենց տեղն այս բանակցություններում։ Ֆրանսիան միայնակ չի կարող որեւէ դերակատարում ունենալ եւ ոչ էլ կամք ու միջոց ունի դրա համար։ Եվ փաստորեն, Արեւմուտքի այս նահանջը ծառայում է ռուս-թուրքական ժամանակավոր ռազմական շահերին։

-Երկու օր առաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Երեւանն ու Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները, եւ որ պետք է որոշվի Ղարաբաղի հետագա կարգավիճակը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է ստիպել Բաքվին վերադառնալ բանակցային սեղանին։

-Ֆրանսիայի ճնշման միջոցները շատ սահմանափակ են, չնայած ռազմատնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ բավական սերտ են։ Ֆրանսիան որեւէ միջոց չունի Բաքու-Երեւան բանակցային սեղանին վերադառնալու պարտադրանքի համար։

Այս ողջ պատերազմի ընթացում Ֆրանսիան անհասկանալի չեզոքություն պահեց։ Որպես Հայաստանի բարեկամ՝ չուզեց մատնանշել Ադրբեջանի եւ Թուրքիայի դերակատարումը, բայց քանի որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դուրս մղվեցին այս համաձայնագրից, որոշեցին նորից կեցվածքը պահել։ Երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թուրքիային անվանեց ագրեսոր։ Սա աննախադեպ բան էր, որովհետեւ առաջին անգամ էր, որ Ֆրանսիան մատնանշում է Թուրքիայի դերակատարումն այս պատերազմում։

Ֆրանսիան սկսեց հասկանալ, որ Մինսկի խումբը մահացավ, բայց քանի որ քաղաքական կամք չունի, պիտի ձեւացնի, թե դեռ Մինսկի խմբի նման մի նախաձեռնություն կա։ Սա փոքր-ինչ ռոմանտիկ բան է։ Ֆրանսիան պնդում է, որ Հայաստանի բարեկամն եւ պետք է հաշվի առնի Հայաստանին։ Միեւնույն ժամանակ գիտակից է, որ այդ բարեկամությունը գործիք չի կարող լինել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Հետեւաբար, Ֆրանսիայի դերակատարումը սահմանափակվելու է մարդասիրական ասպարեզով, եւ այլ սպասելիքներ չկան Ֆրանսիայից, բայցեւայնպես, դեռ չվավերացված ծրագրեր կան։ Խոսում են, որ Էմանուել Մակրոնը մտադրություն ունի ժամանել Երեւան՝ նեցուկ կանգնելու Նիկոլ Փաշինյանին։ Նաեւ պետք է անդրադառնալ, որ ֆրանսիական մտավորականությունը եւ քաղաքացիական համայնքը քիչ թե շատ նեցուկ են կանգնում հայերին։ Եվ սա իր որոշակի կարեւորությունն ունի։ Կարծում եմ, որ Ֆրանսիան միջոց եւ հնարավորություն չունի ստիպելու Բաքվին վերադառնալ բանակցային սեղանին, որովհետեւ Ֆրանսիան կորցրեց իր քարտերն այս շրջանում եւ այս խաղի մեջ։

Մեկ այլ հարցի կուզեի անդրադառնալ, թե ինչ դասեր կարող ենք քաղել ֆրանսահայ համայնքի ջանքերից։ Այս 43 օրերին ականատես եղանք տեսանելի զարթոնքի՝ ինքնության զարթոնքի։ Բազմաթիվ մարդիկ՝ ծագումով հայեր, իրենց արմատներից կտրված լինելով, վերագտան աշխուժություն, հպարտություն եւ հավաքական ջանք՝ ի նպաստ Արցախի պաշտպանության։ Նոր սերունդը նոր ավյուն է բերել։ Եվ այս իմաստով բոլորն աշխատեցին մի ուղղությամբ։ Նույնիսկ մարդիկ, ովքեր հայերեն չգիտեն եւ հեռու են Հայաստանից, մեծ ներդրում ունեցան։ Մի օրինակ նշեմ․ լուսահոգի նախկին նախարար եւ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի թոռը՝ Գաբրիելը, որ քաղաքագիտության ուսանող է, համալսարանում (նշանավոր քաղաքագիտական համալսարան է) իր ընկերների հետ հիմնեց հայկական միություն եւ սկսել է ակտիվորեն աշխատել մեր պայքարում։ Իսկապես, հուզված եմ այս իմաստով։ Նա, կարծես, իր մեծ հոր հետքերով է գնում։ Այստեղ կան նաեւ այլ հուսադրող օրինակներ, մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն հետաքրքրվում Հայկական հարցով եւ Արցախով, սկսեցին արթնանալ։ Հիմա մեզ մնում է այս ամբողջ ջանքերը, այս պայքարը, այս սքանչելի շարժումը, որին ականտես եղանք սոցիալական ցանցերում, լրատվական, իրավական, ռազմական եւ այլ դաշտերում, պարապ չլինի։

Սփյուռքը պետք է վերանայի իր կապը Հայաստանի հետ, եւ սփյուռքահայ տաղանդները պետք է տեղ գտնեն Հայաստանում, որպեսզի հզորանա հայրենիքը։ Մենք կարիք ունենք հասուն մտքերի, նոր մոտեցումների, քանի որ այստեղ նոր իրականություն է, որ բոլորովին դեռ չենք ըմբռնում։ Դրա համար ավելի քան երբեք Հայաստանը կարիք ունի հավաքելու այդ սփյուռքահայ տաղանդը՝ գոյատեւելու եւ զարգանալու 21-րդ դարում։

Մեկնաբանություններ (2)

Haroutiun Vrt. Bezdikian
Որպէս ՛՛ֆրանսահայ՛՛ ամբողջովին համաձայն եմ Եկաւեանի արտայայտած տեսակէտին - Ֆրանսահայ համայնքը /որ ըստ իս 1 միլիոնի կը հասնի -1960 թ.էն ի վեր 500.000 կ՛ըսենք ...երբեք չաճիր այս գաղութը ՞/ շատ աւելի մտաւորական գործ կրնայ տեսնել,եթէ ստեղծէ շարժում մը ներկայ պատրաստ սերունդի հիման վրայ ,համալսարանական շրջանակներու մէջ -մի քիչ հեռու ՛՛դասական՛՛ կոչուած կազմակերպութիւններէն -որ նոյնպէս ունին իրենց դերը,կրնայ իսկապէս բարերար դեր խաղալ Հայաստանի համար ։
Հովիկ
Տիգրան Եգավյանը վաղուց հեռացել է իրերի օբյեկտիվ գնահատումից, դեռևս 2018-ի ձմռանը հայաստանյան հասարակությանը Փարիզում պիտակավորեց որպես ստրկամիտ և հարմաողական ամբոխ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter