HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հանրահավաք օր 3-րդ․ «Մենք պիտի Նիկոլին հեռացնենք ու դատենք»

Ազատության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 17 քաղաքական ուժերի հանրահավաքը։

Մինչ հանրահավաքի մեկնարկը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ինչպես նախորդ հանրահավաքից առաջ, այնպես էլ այս հանրահավաքից առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Տոնոյանը նշեց, որ այս օրերին էլ շարունակում են ընդդիմադիր գործիչների հասցեներին բռնություն պարունակող սպառնալիքներ հնչել։ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն էլ տեղեկացրեց, որ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նույնպես հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։

Ոստիկանությունը Ազատության հրապարակում հավաքվածներին դիմելով՝ կոչ արեց դադարեցնել հավաքը։ Ազատության հրապարակ բերվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկարներով ցուցանակներ, որոնց վրա գրված են․ «մեկը՝ 89 դավաճաններից»։

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ելույթ ունենալով հարթակից, հայտարարեց, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել ղեկավար, որը երկրի 25 տոկոսը հանձնի, հեռանա և դրա համար պետք է Նիկոլ Փաշինյանը դատապարտվի։

Խոսելով Արցախում խաղաղապահների տեղակայման գործընթացից՝ նախկին վարչապետն ասաց, որ նրանց 90 տոկոսն արդեն տեղակայվել են, բայց փաստաթղթերում ինչ-որ բան հնարավոր է փոփոխել։

«Նախ և առաջ մենք պետք է ինադ չընկնենք ռուսների հետ, հավատացեք փորձը ցույց տվեց, որ ռուսների կամեցածը մեզ շատ ավելի վատ է։ Բայց միևնույն ժամանակ ինքնախաբեությամբ չզբաղվենք, որովհետև լինելով ռազմավարական դաշնակից՝ ՌԴ-ն չի պատրաստվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ մտնի պատերազմի մեջ»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ բանակցությունների ժամանակ պետք է լրջորեն դրվի Քելբաջարի հարցը, սակայն բանակցողները չեն գիտակցում, որ այդ շրջանը տալով կտրվում է Գորիսի, Կապանի և Արցախի կապը։

«Մենք պիտի Նիկոլին հեռացնենք ժողովուրդ, հեռացնենք ու դատենք, որ կարողանանք որոշ բաներ փոխել»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը՝ ժողովրդին կոչ անելով մի քանի օր դիմանալ։

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը պետք է Հայաստանին և Արցախին։ «Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական շրջանում ցույց է տվել որակներ, հատկանիշներ, որոնք բերեցին այս աղետին։ Դուք պարտավոր եք լսել, տարածել ու հասկանալ։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հարցնում եմ պարոն Փաշինյան, դա ի՞նչ էր նշանակում։ Շուշին Ադրբեջան է և վե՞րջ»,- հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի ամեն մի կետի տակ ռումբ կա։ Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 5-ին, 7-ին և 17-ին Նիկոլ Փաշինյանի սեղանին եղել են փաստաթղթեր, որոնք լավ պայմաններ են պարունակել, քան ստորագրվածը, բայց նա չի ստորագրել դրանք։

ՀՅԴ-ական Տարոն Տոնոյանն էլ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը ժամանակի հարց է, իսկ ստորագրած փաստաթղթում բազմաթիվ կետեր կարող են փոխվել օգուտ Հայաստանի և Արցախի։ «Հավատացեք, կանգնեք մինչև վերջ։ Մենք չենք ուզում ունենալ պրիմիտիվ, սուտասան վարչապետ»,– հայտարարեց Տարոն Տոնոյանը։

Հանրահավաքի կազմակերպչական կոմիտեն որոշել է վաղը հայտարարել սգո օր և ժամը 18:00-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մոմավառության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter