HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է ճանաչել ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ձերբակալման որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։

Հիշեցնենք որ Մինասյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման նախապատրաստման, 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը բողոքարկել է ձերբակալման որոշումը։ Մինասյանը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ՝ նոյեմբերի 14-ին, քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ,  օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր»։

ԱԱԾ-ն հայտնել է նաև, որ հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ  չնախատեսված այլ եղանակով տիրանալ  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:

Արդյունքում, Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն  իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:

Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Նշենք, որ հաղորդագրության մեջ նշված Ա․Մ․-ն Աշոտ Մինասյանն է, Վ․Բ․-ն՝ ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Ա․Ա․-ն դաշնակցական Աշոտ Ավագյանը, իսկ Ա․Վ․-ն՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը նույնպես ձերբակալված է։ Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Վանեցյանի ձերբակալման դեմ բողոքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter