HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտության մատնեց Վրաստանին

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ընտրանուն։ Խաղը տեղի ունեցավ Թբիլիսիի՝ Բորիս Պայչաձեի անվան «Դինամո» արենայում։

Չնայած վրացիների տարածքային առավելությանը՝ առաջին խաղակեսում թիմերից և ոչ մեկը խաղային առավելություն չուներ։ Իրական գոլային պահեր չէին ստեղծվում մինչև խաղի հաշվի բացվելը։ 33-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կազմակերպած գրոհի արդյունքում աջ եզրից Տիգրան Բարսեղյանի կատարած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Գևորգ Ղազարյանը, որը նաև կրում էր ավագի թևկապը, քանի որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Ռոման», կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից ելնելով, չէր թույլատրել մեր ընտրանու առաջատարին միանալ հավաքականին։

Գոլից ընդամենը երկու րոպե անց Խոակին Կապառոսի սաները կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը։ Վրաստանի հավաքականի պաշտպանների թույլ տված սխալի արդյունքում կրկին Գևորգ Ղազարյանը հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց աջ դարպասաձողին։ Մի քանի րոպե անց արդեն դաշտի տերերը կարող էին աչքի ընկնել, սակայն Վրաստանի ընտրանու հարձակվող Էլգուջա Լոբջանիձեի գլխով կատարած հարվածից հետո փայլուն սեյվ կատարեց մեր հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից սկսած՝ Վրաստանի հավաքականը մեծ ուժերով գրոհներ էր կազմակերպում, սակայն մեր ընտրանու խաղացողները կարողանում էին հետ մղել դրանք, ինչպես նաև սուր հակագրոհներ կազմակերպել, որոնցից մեկի ժամանակ էլ թե՛ Տիգրան Բարսեղյանին, թե՛ Ալեքսանդր Կարապետյանին չհաջողվեց գրոհը տրամաբանական ավարտին հասցնել։

65-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը, մեղմ ասած, կասկածելի 11-մետրանոց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին։ Գնդակի համար պայքարում Էլգուջա Լոբջանիձեն ձեռքով հրեց Արման Հովհաննիսյանին, և երկուսն էլ հայտնվեցին խոտածածկին, ու չգիտես ինչու, մրցավարը խախտում նկատեց մեր խաղացողի գործողություններում։ Ինչևէ, նշանակված 11-մետրանոցը հստակ իրացրեց Վալերի Քազաիշվիլին։ Այնուամենայնիվ, ընդունած գոլից հետո Հայաստանի ազգային ընտրանին չընկճվեց և շարունակեց պայքարել հաղթանակի համար, ինչն էլ ի վերջո, տվեց իր արդյունքը։ 86-րդ րոպեին մեր հավաքականի կազմակերպած արագ հակագրոհի արդյունքում նորից Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակ դարձավ Սարգիս Ադամյանը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2։1։

Հայաստանի և Վրաստանի հավաքականներն ընդգրկված են Ազգերի լգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում։ Այս խմբի մյուս խաղում այսօր Հյուսիսային Մակեդոնիան 2։1 հաշվով հաղթել է Էստոնիային և 9 միավորով միանձնյա գլխավորել խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը 8 միավորով 2-րդն է, Վրաստանը 6 միավորով՝ 3-րդը, իսկ Էստոնիան 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Վերջին՝ 6-րդ տուրում, Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսում խաղալու է Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Առավելության հասնելու դեպքում Հայաստանի ազգային ընտրանին հաղթող կճանաչվի C դիվիզիոնի երկրորդ խմբում։

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter