
Վարչապետ. «Մի քանի հարյուր անհետ կորած ունենք»
Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած հայ զինծառայողների թիվը մի քանի հարյուր է: Այս մասին այսօրվա՝ նոյեմբերի 16-ի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կոնկրետ թիվ վարչապետը չնշեց:
Ըստ նրա՝ հույս կա, որ այս պահին անհետ կորած համարվող զինվորների մի մասը ողջ կգտնվեն: «Մենք հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ, եթե ոչ՝ առողջ, ապա, գոնե, ողջ: Օրինակ՝ երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը, դա տեղի կունենա զոհերի մարմինների փոխանակումից հետո: Վարչապետն անդրադարձավ սգո օր հայտարարելու վերաբերյալ քննարկումներին՝ նշելով, որ կողմ է այդ գաղափարին:
Նա նաև կարևոր է համարում այս պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու երաշխիքները: «Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, և մենք ունենք վստահություն, որ այդ ամեն ինչը կարվի պատշաճ մակարդակով: Իհարկե, շատ կարևոր եմ համարում նաև շփումը զոհվածների ընտանիքների անդամների հետ: Իհարկե, անպայման պետք է այդ շփումը Կառավարության և զոհվածների ընտանիքների մեջ լինի, և լինի շարունակական»,- շեշտեց վարչապետը:
Հաշմանդամություն ստացած զինծառայողների հետագա կյանքի կազմակերպման հարցում, ըստ Նիկոլ Փաշինյանի, Կառավարությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա, ինչպես, օրինակ, մասնագիտական վերապատրաստման հարցում. «Սա մեր գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը պետք է դառնա»:
Տես նաև՝
Մեկնաբանել