HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն. զինծառայողների փոխհատուցման մանրամասները

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) այսօրվանից սկսել է այս տարվա սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած  զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Սրան զուգահեռ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամ գումարը դարձնել 3000 դրամ: 

Հատուցման գործընթացի, առաջացող խնդիրների ու սպասվելիքի մասին «Հետքը» զրուցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ:

-Պրն Ավետիքյան, այսօր արդեն կատարվե՞լ են հատուցումներ:

-Այո, այսօր առաջին հատուցումն ենք արել այս պատերազմի ընթացքում 10 զոհված զինծառայողների ընտանիքներին: Զոհվածների թվում և՛ սպասներ են, և՛ պայմանագրային զինծառայողներ, և՛ պարտադիր ժամկետային: Այսօր հաշիվներ կբացվեն շահառուների՝ զոհվածների ընտանիքի անդամների համար: Հաշվիները բացվում են մեզ հետ համագործակցող բանկերում: Մենք կտեղեկացնենք շահառուներին, նրանք բանկային փաստաթղթերը կստորագրեն և միանվագ, այնուհետև՝  յուրաքանչյուր ամիս նրանք կստանան այդ գումարները: 10 զինծառայողների ընտանիքների հաշվեհամարներին միայն այսօր կփոխանցվի 102 մլն 300 հազար դրամ: Դա միանվագ գումարն է՝ յուրաքանչյուրի հաշվով 10 մլն դրամ և առաջին ամսվա փոխհատուցումները:  Հետագայում 20 տարի՝ ամեն ամիս նրանք կստանան ամսական հատուցումները:

-Ունե՞ք տվյալներ, թե քանի շահառու կա այս պահին:  

-Թե որքան դեպքեր ու շահառուներ կան և կունենանք, չենք կարող ասել: Յուրաքանչյուր զոհված զինծառայող կարող է ունենալ 2,3,4 և ավելի շահառուներ: Եթե հաշմանդամության կարգ ստացած զինծառայող է, ապա ինքն է հանդիսանում շահառու: 

-Ի՞նչ փուլերով են հաստատվում շահառուները: Դու՞ք եք իրենց գտնում, թե՞ իրենք ձեզ:

-Երկու տարբերակով էլ հնարավոր է: Նախ՝ առաջին փուլով հաստատվում է շահառուն՝ Պաշտպանության նախարարության կողմից: Նախկինում շահառուների հաստատման գործընթացը կազմակերպում էր Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանու­թյան վարչությունը: Գտնում էին շահառուներին, կազմակերպում էին թղթաբանությունը և ամբողջ փաթեթը ուղարկում  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ: Հիմնադրամն էլ կազմակերպում էր  հատուցման գործընթացը: Բայց, պարզ է, որ այս պահին ՊՆ-ի ռեսուրսները բավարար չեն դրա համար: Կառավարությունը որոշում է կայացրել և համայնքներին հանձնարարել մասնակից դառնալ այս գործընթացին: Մարզպետարանները և Երևանում ՝ թաղապետարանները, իրենք են կապվում շահառուների հետ, հայտնաբերում և աշխատում նրանց հետ: Նրանք պետք է պատրաստեն փաթեթները և ուղարկեն ՊՆ, որից հետո ՊՆ-ն արդեն հաստատում է շահառուներին և ցանկերն ուղարկում հիմնադրամ: Հիմնադրամը հատուցումները կատարում է ՊՆ-ի ուղարկած փաթեթների հիման վրա: 

-Շահառուներին հայտնաբերելու կամ հենց շահառուների կողմից գրանցվելու համար ժամկետային սահմանափակումներ կա՞ն:

-Ոչ, ժամկետային սահմանափակումներ չկան: Այդ գումարը հավերժ մնում է շահառուների իրավունքը: Բոլորը հատուցվելու են՝ անկախ նրանից, թե երբ են մեզ դիմել, երբ է հաստատվել նրանց շահառու լինելը: Ես խնդրում եմ, որ պոտենցիալ շահառուները չդիմեն միանգամից հիմնադրամին, քանի որ իմ նշած երկու օղաներով պետք է դեռևս հաստատվեն՝ համայնքի սոցիալական հարցերով զբաղվող վարչության, հետո՝ ՊՆ-ի: Շահառուները կարող են դիմել իրենց համայնքապետարաններ։ Մենք նաև հրապարակել ենք, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Եթե իրենք ինքնուրույն դիմելու ցանկություն չունեն՝ ամենատարբեր պատճառներով, ապա կարող են սպասել և համայնքներից իրենց հետ կկապվեն ու կաշխատեն: Մենք ունենք նաև արդեն 190 կամավոր, որոնք պատրաստ են աշխատել շահառուների հետ՝ համայնքապետարանների ու թաղապետարանների ներքո: Փաստաբանների պալատի կազմում գործող Հանրային շահերի պաշտպանի գրասենյակը ևս պատրաստակամություն է հայտնել անվճար խորհրդատվություն տրամադրել՝ հատկապես բարդ դեպքերի համար: Օրինակ՝ երբ ամուսիններ են, իրար հետ են ապրել, բայց՝ ոչ իրավական կարգավիճակով: Այս դեպքերում նրանց անհատական մոտեցում ենք ցույց տալիս:

Այս ամենը երկար գործընթաց է: Հատկապես՝ վիրավորների դեպքում:

-Եթե մեկ զինծառայողի դեպքով լինում են մեկից ավելի շահառուներ, ինչպե՞ս է կազմակերպվում այս գործընթացը:

-Շահառուներ կարող են լինել ծնողները, ամուսինը, երեխաները և բացառիկ դեպքեր են լինում, երբ քույրն է կամ եղբայրը:  Երբ շահառուները նույնականացվում են, հաստատվում են, իրենք են որոշում, թե ում հաշվին պետք է փոխանցվի գումարը: Կարող են, օրինակ, դիմում գրել և ասել, որ ցանկանում են՝ գումարը փոխանցվի  ընտանիքի անդամներից մեկի անունով:  Որպես կանոն՝ ընտանիքի մոր անունով:  Եթե չկա այդպիսի համաձայնություն, ապա յուրաքանչյուր շահառուի համար առանձին հաշիվ է բացվում և ընդհանուր գումարը բաժանվում է շահառուների միջև: 

-Կոնկրետ օրինակով հասկանանք: Ենթադրենք ժամկետային զինծառայող է մահացել, և նրա ընտանիքին տրվելու է միանվագ 10 մլն դրամ ու 20 տարի՝ ամեն ամիս 200 հազար դրամ: Զինծառայողն ունի, օրինակ, հինգ շահառու՝ հայր, մայր, կին և երկու երեխա: Ինչպե՞ս է բաշխվում գումարը:

-Այդ պարագայում 10 միլիոն դրամը կբաժանվի հինգ մասի՝ յուրաքանչյուրը կստանա 2 մլն դրամ: Եթե երեխաներն անչափահաս են, ապա գումարը կստանան մոր անունով: Նույն կերպ առաջիկա 20 տարիներին ամեն ամիս հատուցվող 200 հազար դրամը կբաշխվի նրանց միջև: Կան բազմաթիվ այլ հանգամանքներ ևս: Օրինակ՝ հնարավոր է տվյալ զինծառայողի ծնողներն ամուսնալուծված են կամ ապրում են տարբեր տեղերում: Կամ՝ երեխաները չափահաս են, ամուսնացած և այլն: Ամեն ընտանիք  յուրահատուկ է, և այս հատուցման համակարգն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր առանձնահատկություն հաշվի է առնված: 

-Ասացիք, որ հատկապես վիրավորների դեպքում սա երկար գործընթաց է: Կան բազմաթիվ դեպքեր, երբ մինչև հաշմանդամության կարգ ստանալը վիրավոր զինծառայողը երկարատև բուժում է ստանում՝ մեկ տարի և ավելին: Այս դեպքում փոխհատուցման որևէ մեխանիզմ կա, թե՞ ոչ` մինչև հաշմանդամության կարգ ստանալը:

Նախ նշենք, որ փոխհատուցում են ստանում միայն առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները: Բայց մինչև փոխհատուցումը նրանք պետք է բուժում անցնեն, հաշմանդամության կարգ ստանան, ՊՆ-ի կողմից հաստատվեն որպես շահառու, հետո նոր միայն ստանան հատուցումները:

Սակայն, ավելի վաղ ստանալու մեկ տարբերակ կա: Հատուկ մեխանիզմ ենք մշակել դրա համար: Երբ բժշկի կարծիքով՝ ավելի քան 90 տոկոս հավանականությամբ, տվյալ անձը բուժվելուց հետո համապատասխանելու է հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգերին, ապա բժիշկը տալիս է նման եզրակացություն: Եվ, երբ ռազմաբժշկական հանձնաժողովը հաստատում է դա, ապա այդ զինծառայողը վեց ամիս ամսական 100 հազար դրամի փոխհատուցում է ստանում: Եթե այդ վեց ամսվա ընթացքում նա ստանում  է հաշմանդամության կարգ, ապա մեր կողմից փաստացի վճարվածը նվազեցվում է  նրա հիմնական գումարից և շարունակվում է վճարվել այնպես, ինչպես մնացածը:  Իսկ եթե վեց ամիս անց հաշմանդամության կարգը չի հաստատվում, ապա վճարումները դադարեցվում են: Այդ դեպքում զինծառայողը, փաստորեն, ստանում է 600 հազար դրամ: 

-Այս օրերին շատ է քննարկվում կամավորների հարցը, հատկապես այն կամավորների, որոնք մարտական գործողությունների են մասնակցել առանց ՊՆ-ում կամ որևէ զորամասում գրանցվելու: Նրանց զոհվելու կամ վիրավորվելու պարագայում հատուցում կատարվու՞մ է:

-Օրենքը նախատեսում է կամավորների հատուցում: Բայց խնդիր է առաջանում, երբ պետք է սահմանել, թե ով է կամավոր: Կամավոր է այն անձը, որը ռազմաճակատ մեկնելիս գրանցված է եղել որևէ զինվորական ստորաբաժանումում: Այսինքն՝ որևէ զորամաս պետք է իմանա, որ տվյալ անձը որպես կամավոր մասնակցել է մարտական գործողությունների: Ցավոք սրտի, մենք ունենք դեպքեր, երբ մեկնում են առանց կամավորագրվելու, և նրանց անունը որևէ տեղ նշված չի լինում: Հետագայում, նրանց զոհվելու կամ վիրավորվելու պարագայում, ՊՆ-ի համար շատ դժվար է լինելու նրանց շահառուներին հաստատելը: Դա, ցավոք սրտի, օրենսդրությամբ կարգավորված չէ, և մենք հիմա աշխատում ենք այդ դեպքերի համար ինչ-որ լուծումներ գտնել:

-Այստեղ նաև չեն բացառվում զեղծարարությունները: Ինչպե՞ս եք զատելու  չգրանցված, բայց իսկապես մարտական գործողությունների մասնակցածներին և նրանց, ովքեր կփորձեն կեղծել ու ևս ներկայանալ որպես մասնակիցներ:

-Դա չափազանց կարևոր հարց է, և զեղծարարություններն, իհարկե, չեն բացառվում: Ժամանակին հաշմանդամություն ստանալու պատճառահետևանքային կապի մասին տեղեկանքի պարտադիր պահանջ կար: ՊՆ-ի մասնագետները հաստատում էին, որ հաշմանդամության պատճառ դարձած դեպքը տեղի է ունեցել մարտական գործողությունների ժամանակ: Հիմա դա բավական բարդ գործընթաց է: Քննչական կոմիտեի մեր գործընկերների հետ ևս աշխատում ենք, որ հնարավորինս բացառվեն նման դեպքերը:  

-Մարտական գործողություններին մասնակցողներից շատերն ունեն վարկային պարտավորություններ, այդ թվում՝ ժամկետանց: Զոհվելու կամ վիրավորվելու պարագայում նրանց փոխհատուցվող գումարները կարո՞ղ են որևէ կերպ բռնագանձվել և ուղղվել նախկինում ունեցած պարտավորությունների մարմանը:

-Մեր կողմից բացված հաշիվները համարվում են հատուկ հաշիվներ: Այդ հաշիվները օրենքով սահմանված կարգով ունեն հատուկ կարգավիճակ: Դրանց նկատմամբ բռնագրավում, բռնագանձում չի կարող տարածվել: Դրանք ապահովագրված հաշիվներ են: 

Սակայն, այստեղ կա հարցի նաև սոցիալ-բարոյական կողմը: Եթե վարկային  պարտավորություն է ստանձնված, ապա դա ուրիշի փողն է, պարտք է: Մասնավորապես, դա ինչ-որ ավանդատուի գումարն է, որը նա որպես ավանդ դնում է բանկում, իսկ բանկը վարկի տեսքով տալիս է մեկ այլ քաղաքացու: Կարծում եմ՝ ճիշտ է, որ այդ վարկը վերադարձվի: Իհարկե, բանկերն այսօր տարբեր ծրագրեր են մշակել, որ մեղմ մոտենան նման վարկառուներին:  

Բայց, կրկին շեշտենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացվող գումարները բնագանձման ենթակա չեն:

-Հիմնադրամի կայքում նշված է, որ այսօրվա դրությամբ հավաքված միջոցները կազմում են 66.5 մլն դոլար, որի հիմնական մասն աշխատավարձերից գանձվող գումարն է՝ այս պահին մոտ 57.1 մլն դրամ, իսկ 9.4 մլն դրամը՝ նվիրատվությունները: Սեպտեմբերի 27-ից հետո որքա՞ն նվիրատվություն է ստացվել և ո՞ր երկրներից:

-Այս շուրջ 40 օրերի ընթացքում հիմնադրամին ուղղված նվիրատվությունները կազմել են մոտ 7 մլն դոլար՝ 70 երկրից: Նշված գումարի 65%-ը նվիրաբերվել է Հայաստանից:

Ես ևս երկու երկիր եմ ուզում առանձնացնել: Առաջինն Իրաքն է, որտեղ հայկական համայնքը  փոքր է՝ շուրջ հինգ հազար հոգանոց: Հուլիսյան պատերազմից ի վեր Իրաքի համայնքը հիմնադրամին նվիրաբերել է 200 հազար դոլար: Նրանք և ամբողջ Իրաքն ապրել են պատերազմի, պատժամիջոցների, բռնության մեջ և այդ ամենի հետ մեկտեղ իրենք գումար են նվիրաբերել մեր զինվորներին:

Երկրորդը  Կիպրոսի հայկական համայնքն է, որը ևս փոքր է և որը շուրջ 240 հազար եվրո է նվիրաբերել: 

Սա ընդամենը երկու օրինակ է: Ունենք շատ համայնքներ, որտեղ պարբերաբար գումար են հավաքում և մաս առ մաս ուղարկում են: Մեզ համար շատ կարևոր է համայնքային այս ոգևորությունը, նվիրվածությունը:

-Առաջարկվում է ամսական 1000 դրամի փոխարեն 3000 դրամ դարձնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» վճարը: Ի՞նչ հաշվարկներ են ընկած այս առաջարկի հիմքում: Քննարկվե՞լ է, արդյոք, ոչ թե բոլորից նույն չափի գումար գանձելու, այլ՝ պրոգրեսիվ կարգով, ըստ աշխատավարձի գանձման տարբերակը:

-Այս քննարկումները սկսել ենք իրավասու մարմինների հետ հենց պատերազմի առաջին օրվանից:  Հիմնադրամն այս դեպքում ոչ թե քաղաքականություն մշակողն է, այլ՝ հատուցման գործընթացը կառավարողը: Թե որքանով է բոլոր աշխատողներից 3000 դրամ գանձելն ավելի ճիշտ, քան պրոգրեսիվ գանձումը, դա պետք է քաղաքականությունը մշակողները բացատրեն՝ կառավարությունը, պատգամավորները: Բայց ես մի բան կասեմ. մենք բոլորս՝ անկախ նրանից, թե որքան աշխատավարձ ենք ստանում, ինչ մասնագիտություն ունենք, բանակից նույն հավասար պաշտպանությունն ենք ստանում: Եվ այն գումարները, որոնք մենք վճարում ենք, ոչ թե հարկ են, այլ  ապահովագրական վճարներ են, որով ապահովագրում ենք մեզ պաշտպանող զինծառայողներին դժբախտ դեպքերից: Ու քանի որ բոլորս ստանում ենք համահավասար պաշտպանություն, իմ անձնական մոտեցումն է, որ մենք բոլորս պետք է հավասար մասնակցենք զինծառայողների ապահովագրմանը:

Ինչ վերաբերում է հաշվարկներին, ապա տարբեր սցենարներով գումարները տարբեր են: Ամեն հազար դեպքով առաջին տարում հատուցվում է 10.5 մլրդ դրամ, այնուհետև՝ ամեն տարի 3 մլրդ դրամ՝ 20 տարի շարունակ: Բացի առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներից, հատուցվում են նաև անհետ կորածների շահառուները: Մինչև այս պատերազմը մենք անհետ կորածների շահառուներ չենք ունեցել, բայց, ցավոք, արդեն պարզ է, որ ունենալու ենք նաև անհետ կորածներ: Հետևաբար, պետք է հատուցվեն նաև նրանց ընտանիքները: Դատարանի որոշմամբ են ճանաչվելու անհետ կորածները:

Ստեղծման օրվանից մշակում  ենք ամենատարբեր սցենարներ: Քննարկում ենք, հաշվարկում ֆինանսական ազդեցությունը:

-Այսօրվա իրավիճակը՝ այս ծավալներով, եղե՞լ է սցենարներում:

-Այսպիսի սցենարներ ևս քննարկել ենք, բայց սա արդեն հիմնադրամի կարողություններից դուրս է: Այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել հիմնադրամին աշխատավարձերից ուղղվող գումարների շեմը: Մենք հաշվարկներն անում ենք երկարաժամկետ կտրվածքի համար՝ առաջիկա 80 տարիների: Մենք ունենք պարտականություն ապահովել հիմնադրամի կայունությունը: 

Այս պահին 2008 թվականից ի վեր դեպքերի գծով է հատուցումը: Մենք ունեինք ծրագրեր` հետ գնալ մինչև 1998 թվականը, սակայն այս պայմաններում դա արդեն հնարավոր չէ: 

-Եվ որպես ամփոփում ...

-Որպես ամփոփում` երկու կոչ եմ ուզում անել: Առաջին կոչս ուղղված է Հայաստանում բնակվող բոլոր այն մարդկանց, ովքեր եկամուտ են ստանում, բայց աշխատում են ստվերում և ովքեր ամսական դրոշմանիշային վճարները չեն վճարում: Կոչ եմ անում նրանց նախ գրանցվել ու հայտարարագրել եկամուտները, երկրորդ՝  կատարել վճարումներ: Գոնե՝ նվիրատվությունների տեսքով: Բայց, իհարկե, ավելի ճիշտ է ստվերից դուրս գալը:

Երկրորդ կոչս Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին է ուղղված: Մեր բանակը, մեր զինված ուժերը ազգի պահպանման գլխավոր երաշխիքներից մեկն են, եթե ոչ՝ գլխավորը: Այն պահին, երբ մեր բանակը թույլ լինի, մենք ազգապահպանման լուրջ մարտահրավերի առաջ կանգնած կլինենք: Եվ այսօր առաջնագծում կռվողները մեր ազգի հարատևության խնդիրն են լուծում, այդ թվում ՝ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ազգապահպանման խնդիրը: Սա իմ համոզմունքն է: Կոչս է Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ համահավասար, ինչպես Հայաստանի ազգաբնակչությունն է յուրաքանչյուր ամիս վճարում, այպես էլ իրենք նույն չափով ամեն ամիս անեն: Դրա հնարավորությունը կա մեր կայքում: Պետք է ընդամենը մուտք գործել և միացնել ամենամսյա վճարումները: Այս հիմնադրամը ոչ թե պետական նախագիծ է, այլ՝ ազգային:

 

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Բարև ձեզ գերության մեջ գտնվող անձիք աջակցություն ունեն թե ոչ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter