HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Շաքե Իսայանն առաջարկում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող դրոշմանիշային վճարները` 1000 դրամները, բարձրացնել ըստ աշխատավարձի հարկման բազայի:

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 5-ին, Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ֆիզիկական անձանց համար 1000 դրամները դարձնել 3000 դրամ:

Պատգամավորներն առաջարկում են մինչև 150 հազար դրամ հարկման բազայի դեպքում 1000 դրամ դրոշմանիշային վճարը թողնել անփոփոխ, 150 հազարից 300 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 2000 դրամ, 300 հազարից 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 3000 դրամ, 500 հազարից մեկ միլիոն դրամ հարկման բազայի դեպքում` 6000 դրամ, մեկ միլիոն դրամից ավելի հարկման բազայի դեպքում` 12 հազար դրամ: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները ևս 12 հազար դրամ են պարտավորվում վճարել յուրաքանչյուր ամիս:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ստեղծված պատերազմական իրավիճակում կտրուկ ընդլայնվելու է հիմնադրամի շահառուների շրջանակը, և հատուցումների պատշաճ տրամադրման համար անհրաժեշտ է լինելու զգալի չափով հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել: Ուստի պատգամավորներն առաջարկում են ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի, ինչը թույլ կտա զգալի չափով ավելացնել հավաքագրվող դրամական միջոցները:

Հիշեցնենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունն ուժի մեջ է մտել 2017 թվականին` պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ագզ-բանակ կոնցեպտի շրջանակում: Հիմնադրամի առաքելությունն է հատուցել այն զինծառայողներին (կամ նրանց կարգավիճակին հավասարեցված անձանց), որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով: Հատուցումները տրամադրվում են նաև անհետ բացակայող ճանաչվելու պարագայում:

Կախված զինվորական ծառայության աստիճանից` զինծառայողների ընտանիքներին ընդհանուր առմամբ տրամադրվում է 58 միլիոն դրամից մինչև 85 միլիոն դրամ: Հատուցման գումարի մի մասը` 500 հազար դրամից մինչև 10 միլիոն դրամ տրամադրվում է միանվագ՝ դեպքը տեղի ունենալուց հետո՝ մի քանի աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մնացածը՝ ամսական հավասար մարումներով՝ 20 տարվա ընթացքում: Հիմնադրամի գործունեության շուրջ 4 տարիների ընթացքում հավաքագրվել է ավելի քան 32 միլիարդ դրամ, որից շուրջ 27 միլիարդը` պարտադիր վճարումների միջոցով:

Եթե 2018-ի մայիսի դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր 2017 թվականի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի համար, ապա շուրջ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հիմնադրամը սկսել է 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Թե որքանով այս գործընթացն իրականացվեց մինչ պատերազմական դրությունը, այս պահին դեռ պարզ չէ, սակայն հիմնադրամի կայքում կարելի է գտնել ընդհուպ մինչև 2008 թվականի դեպքերի համար հատուցում:

Հիշեցնենք, որ ինչպես այս նախագիծը, այնպես էլ ՊՆ ներկայացրածը դեռևս նախագիծ է, այն կարող է ընդգրկվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ` գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո:

Ընդգծենք նաև, որ այս օրենքի շահառու են ոչ միայն զինծառայողներն ու զինվորականները, այլ նաև տարածքային պաշտպանությանը ներգրավված և մարտական գործողություններին մասնակցած կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter