
Նիկոլ Փաշինյան. «Կարող էինք խուսափել պատերազմից, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ՝ Շուշին»
«Սկզբից դիվերսիոն խմբերով, հետո շարունակաբար այդ խմբերով տեղի է ունեցել ներթափանցում քաղաք (Շուշի), և, ցավոք սրտի, մենք կորցրել ենք Շուշին»,- այսօր կայացած ասուլիսին Շուշիի անկումն այսպես նկարագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ն. Փաշինյանի գնահատմամբ՝ ամենաշատ ապատեղեկատվությունը կապված է Շուշիի հետ, քանի որ ոմանք ասում են՝ Շուշին հանձնվել է։
Վարչապետն ընդգծեց, որ եթե Շուշին հանձնվել է, ապա ինչպես է այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում կատարել՝ նշելով, որ Շուշիի մատույցներից այս օրերին հանվել է շուրջ 150 հայ զինծառայողի մարմին. «Եթե Շուշին հանձնվե՞լ է, այդ զինվորները ու՞մ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել»,- հետաքրքրվեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական հարթակներից եղել են հայտարարություններ, որ կան կոնկրետ տվյալներ և անուններ, ովքեր պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել։ Իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարությունն անողներից մեկին՝ փորձելով ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են այդ դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը։ Վարչապետի տեղեկություններով՝ հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալուց։ «Եթե կա դավաճանություն, և ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվություն դավաճանության մասին և հետո իրավապահ մարմիններին հրաժարվում է կոնկրետ տեղեկատվություն տալ, դա, ըստ էության, ստացվում է մասնակցություն դավաճանությանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ասուլիսին վարչապետն անդրադարձավ նաև պատերազմից խուսափելու մեխանիզմին: Նա նշեց՝ կարող էինք խուսափել պատերազմից, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ՝ Շուշին. «Բայց արդյոք դա էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել։ Ո՜չ, դա չէր այդ քաղաքականությունը։ Արցախի պաշտպանության բանակը, Հայաստանի կառավարությունը և մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որը նետված էր Հայաստանին։ Ցավոք, այդ մարտահրավերի ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը մենք բոլորս կցանկանայինք»,- նշեց նա։
Մեկնաբանել