Նիկոլ Փաշինյան. «Պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է մեր օրակարգում, բայց չի եղել կանխարգելում ամեն ինչի գնով»
Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցերին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հետաքրքրվեց, թե արդյոք պրոֆիլային գերատեսչությունների կողմից հստակ հաշվարկ իրականացվե՞լ է, թե զինված ուժերը որքան ժամանակահատված կարող են դիմակայել թուրք-ադրբեջանական գրոհներին:
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ այդ հարցը մի քանի անգամ քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստերում, քննարկվել է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական պոտենցիալը:
«Ընդհանուր առմամբ իմացել ենք մեր ուժերը, ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ բավական հաջող կարող ենք դիմագրավել Ադրբեջանին և հասկացել ենք, թե ինչ ռիսկեր կան Թուրքիայի ու ահաբեկիչների կողմից ռազմական գործողություններում ներգրավելուց»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու կանխարգելիչ գործողություններ չեն արվել պատերազմը կանխելու համար: Վերջինս պնդեց՝ կանխարգելելու դեպքում Հայաստանը պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին:
«Պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է մեր օրակարգում, բայց չի եղել կանխարգելում ամեն գնով կամ ամեն ինչի գնով, կանխարգելման գինը պետք է ինչ-որ ձևով ընդունելի լիներ»,- ասաց նա:
Պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց՝ թերացումը որտեղ է եղել, ինչպես նաև ո՞րն է հաջորդ անելիքը:
Հաջորդ անելիքը, ըստ վարչապետի, արցախցիների վերադարձն է Արցախ, նրա խոսքով վերջին օրերին Արցախ վերադարձողների թիվը յուրաքանչյուր օրվա ընթացքում գերազանցել է 1000-ը: Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանի ու Արցախի կառավարություններն ամեն ինչ անելու են, որ փախստականների տները վերականգնվեն, ենթակառուցվածքները գործեն: Փաշինյանը կարևորեց նաև կամավորների ներգրավումն այս աշխատանքներում:
«Առաջիկա օրերին կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհ դեպի Ստեփանակերտ, այն անխափան կգործի»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է թերացումներին Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ իր Կառավարությունը 2,5 տարիներին թերևս չի կարողացել ապահովել այն ամենը, ինչը անհրաժեշտ է, սակայն ընդգծեց՝ հակաօդային պաշտպանության համակարգում հսկայական ներդրումներ են արել: Ըստ Կառավարության ղեկավարի՝ այդ բոլոր միջոցները բավարար չեն եղել այն պատճառով, որ վերջին ամիսներին նոր գործոններ են ի հայտ եկել, որոնք ուժերի հարաբերակցությունը փոխել են:
«Մենք մտածել ենք, որ երկու մոտեցումը կարող է մեկտեղվել՝ պատերազմի բացառում և ոչ մի թիզ հող: Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է անվերջ կարող ենք ժամանակը ձգել, 1998-ից ի վեր բանակցություններում միայն որոշակի շոշափելի մեկ գործոն է եղել՝ յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին: Մեր մեծագույն մոլորությունը եղել է այն, որ երկու սցենարներից ընտրություն չենք կատարել որևէ մեկին, ուզեցել ենք երկուսը համատեղել»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ իրեն նախ մեղադրում էին բանակցությունները տապալելու և հողերը հանձնելու մեջ, միևնույն ժամանակ նաև մեղադրում, թե ինչի շուտ ավելի շուտ չի հանձնել հողերը և կանգնեցրել պատերազմը: Փաշինյանը վստահեցրեց՝ պատերազմն ավելի շուտ չէր կարող կանգնել, կարող էր կանգնել այն նույն պայմաններով ինչով կանգնել է, Պաշտպանության բանակը պայքարել է այնքան ժամանակ, որքան պայքարն իմաստ ունի:
Հովհաննես Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչպես է վերականգվելու հանրային համերաշխությունը:
Փաշինյանն արձագանքեց՝ ամենակարևոր կետը ներքաղաքական և ներքին կյանքում բռնության բացառումն է և բռնությունների դատապարտումը: Ըստ Փաշինյանի՝ Կառավարության գործիքակազմում բացառվում է բռնությունների հրահումը, առավել ևս ապավինելով զենքին:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նկատեց՝ վարչապետն ու իր թիմը ձախողել են, արձանագրվել է, որ տոտալ անպատրաստ իրավիճակ է: Բաբաջանյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է հրաժարական ներկայացնեին: Բաբաջանյանը նկատեց՝ իրավիճակից դուրս գալու ելքը Փաշինյանի միջոցով և առավել կոնկրետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով է տեսնում:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ յուրաքանչյուր օղակի գործոն վերլուծվում է, և կարվեն հետևություններ:
«Մի քանի անգամ ասել եմ, որ հիմնական խնդիրը ժողովրդավարության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորությունն է, չեմ կարծում, որ հենց այսօր դա ունենք: Մենք խնդիր ունենք վերականգնելու անվտանգություն և ժողովրդավարական քննարկում կատարելու հնարավորություն»,- ասաց նա:
Փաշինյանը վստահեցրեց՝ բացառված է որևէ քայլ անի, որի արդյունքում վտանգվի իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել