
Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել թուրք զինվորականներ Ադրբեջան ուղարկելու հրամանագրի նախագիծը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հրամանագրի նախագիծը։ Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոն թուրք զինծառայողներ ուղարկելու մասին է, որը հեռավար կհետևի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակին՝ «հիմնվելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան բանաձևերի վրա»։ Գործակալությունը, հղում անելով փաստաթղթին, հայտնում է, որ Ադրբեջան թուրք զինծառայողներ ուղարկելը բխում է Թուրքիայի ազգային շահերից։ Ընդ որում, թուրք զինվորականների տեղակայման ժամկետները և թվաքանակը վերապահվել է Թուրքիայի նախագահի վարչակազմին։
Թուրքիայի նախագահի այս հրամանագիրը մեկնաբանել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հարցն այն է, որ Ադրբեջանի տարածքում տեղակայվելու է նաև մոնիթորինգային կենտրոն և այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ. դա ներքին ընթացակարգերի իրականացում է, Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգեր են: Դա Թուրքիայի ներքին խնդիրն է»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է ТАСС գործակալությունը։
Պեսկովը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ պայմանավորվածությունների արդյունքն է։
Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարի առցանց բանակցությունների արդյունքում։ Ռուսական կողմը պնդում է, թե մոնիթորինգային կենտրոնը տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռու, իսկ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են միայն ռուս խաղաղապահներ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել