HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ԱԺ օրակարգը դեռ չի հաստատվել

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Օրակարգում է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, սակայն ընդդիմադիրները պնդում են` օրակարգում չի կարող լինել այլ բան, քան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պնդեց` այս դահլիճում կարող է քննարկվել միայն ռազմական դրության չեղարկման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

«Հայաստանին Թուրքիայի առաջ ծնկի բերած ղեկավարը չի կարող մնալ»,- ասաց նա:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հավելեց` գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, հետևաբար պետք է հեռանա: Մելքումյանի համոզմամբ` պարտված ղեկավարը չի կարող բանակցել, հետևաբար պետք է լինեն նոր իշխանություններ, նոր բանակցողներ: Իվետա Տոնոյանն էլ ասաց` կոչ են արել իրենց համակիրներին չգալ խորհրդարանի դիմաց ու չխոընդոտել խորհրդարանի աշխատանքը` հույս ունենալով, որ խորհրդարանական մեծամասնությունը կունենա բավարար հայրենասիրություն, որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի և քննարկվի, իր խոսքով, կապիտուլյացիայի փաստաթուղթը և դրա հետևանքները:

Գևորգ Պետրոսյանը, մոտենալով ամբիոնին, ասաց` այս անգամ էմոցիոնալ ելույթ չի ունենալու, քանի որ բոլորն են տուժել ռազմական գործողությունների հետևանքով: ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց` բյուջեն կարևոր փաստաթուղթ է, սակայն գլխավոր խնդիրը չէ, պետք է հայտնի փաստաթուղթը քննարկվի:

Նույն խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ընդգծեց` այս ծանր օրերին ոմանք ժողովրդի ցասումը ներկայացնում են որպես աթոռակռիվ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Պատգամավորի համոզմամբ` իշխանությունը պադավատներ ու քարտուղարուհիներ չի միայն ենթադրում, այն առաջին հերթին պատասխանատվություն է:

«Ոչ մեկին հետաքրքիր չէ, թե քանի օր է վարչապետը բացատրում, թե ինչի համար եղավ էս ամեն ինչը, պատասխանատվությունը ենթադրում է հետևանքներ, եթե խուսափում եք դրանից, ուրեմն էլ ով է աթոռակռիվ անում: Պատասխան պետք է տան մարդիկ, որոնք հետևողական բերում էին իրավիճակն այն դրության, որ ունենք մեջքներս կոտրած իրավիճակ»,- ասաց Արման Աբովյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ընդգծեց` պարտություն տարած ղեկավարը չի կարող հաղթանակ կերտել, անհրաժեշտ են նոր մարդիկ, նոր տեսլականներ: Պատգամավորի համոզմամբ` իշխանությունը պատասխանատվություն է ոչ միայն արածի, այլև չարածի համար, իսկ իշխանությունը, նրա համոզմամբ, ավելի շատ ունի չարած, քան արած:

Նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարևորեց այն քայլերը, որոնք պետք է արվեն պատերազմից հետո, քանի որ  պարտությունից հետո իշխանությունը պատասխանատվություն պետք է վերցնի իր վրա ու մեղքը չփորձի գցել քաղաքացիների վրա:

«Արժեզրկված համակարգերով չենք կարողանալու ոտքի կանգնել, պարտված մարդիկ պետք է ասեն՝ մենք ենք պարտվել, ոչ թե հայ ազգը, ու հնարավորություն տան հայ ազգին գլուխը բարձր շարժվել առաջ»,- ասաց նա:

Գորգիսյանը զուգահեռներ անցկացրեց քաղաքական մեծամասնության և ՀՀԿ-ի միջև` հիշեցնելով, որ «Իմ քայլը» իր պահվածքով նմանվում է վերջիններիս, երբ դրսում հեղափոխություն էր, իսկ իրենք լուրջ դեմքերով հարցազրույցներ էին տալիս` չտիրապետելով իրավիճակին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին` նշելով, որ փաստաթղթի ստորագրումից հետո 10 անձ գերի է ընկել:

«Վարչապետից բարձր կանգնած մարմինը խորհրդարանն է, քանի որ այդ հայտարարությունից հետո կետեր են խախտվում, մենք էլ էստեղ կարող ենք քննարկել Լաչինը չազատելու հարցը, ինչի չենք քննարկում»,- ասաց Մարուքյանը` կոչ անելով քաղաքական մեծամասնությանը արտահերթ նիստ հրավիրել և քննարկել փաստաթղթի հետևանքները:

Ընդդիմադիրների ելույթներին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը` ընդգծելով, որ պարտությունը տեր ունի, և որևէ մեկը չի հրաժարվում այս պարտությունից ու պատասխանատվությունից:

Դավոյանը, դիմելով ընդդիմադիրներին, իր զարմանքը հայտնեց, թե ինչու վերջիններս երեկ չէին եկել խորհրդարան, և իրենց հարցերը չէին հղում վարչապետին: Դավոյանի համոզմամբ` վարչապետը իր ելույթների ժամանակ վերահաստատեց` պատասխանատվությունից չի խուսափում, սակայն ընդդիմությունը որևէ տեսլական չունի, բացի այն, որ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի:

Նույն խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ իրենց խոսակցությունն այս ամբիոնից քաղաքացիների հետ է, պատգամավորի խոսքով` նրանք, ովքեր կասկածում են քաղաքացիների լայնախոհության վրա, մոլորյալներ են, ովքեր մտածում են, թե ժողովուրդը չի հասկանում` ինչ է եղել, մոլորյալներ են: Հակոբյանի համոզմամբ` ընդդիմության հռետորաբանությունը բախումների կոչ է, սակայն իշխանությունն ունի այնքան կամք, որպեսզի սադրանքների չտրվի:

ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակն էլ նշեց` պատասխանատու հայտարարում է` հնարավոր էր քաղաքական որոշում կայացնել ու կանխել պատերազմը, սակայն դա չի արվել: Այս ելույթին արձագանքեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` ընդգծելով, որ չի եղել որևէ պահ, երբ հնարավոր է եղել կանխել պատերազմն ավելի լավ պայմաններով ու դա չի արվել:

Ռուբինյանի համոզմամբ` ընդդիմությունը զբաղված է ցավի կապիտալիզացիայով, ասաց, որ պարտության պատասխանատվությունն իր վրա է վերցնում, ընդ որում ոչ միայն վերջին 2,5 տարվա, այլ` 30 տարվա, ապա հավելեց` բոլոր հաղթանակների պատասխանատվությունն ընդդիմությանն է:

Արտահերթ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ ասելով, որ չեն ժխտում՝ իրենք են պատասխանատու եղածի համար, և հետևություններ կլինեն:

«Հենց այս պատասխանատվությունն է, որ վարչապետը ստորագրել է այդ եռակողմ հայտարարությունը, որի արդյունքում՝ 25 հազարից 30 հազար զինվորականի կյանք է փրկվել, այդ հայտարարությամբ է փրկվել Ստեփանակերտը»,- ասաց Նազարյանը:

Նազարյանի խոսքով` Կառավարություն ներխուժած անձանց շրջանում է եղել ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ըստ նրա` այդ տեղեկությունը փոխանցել են անվտանգության աշխատակիցները:

Նազարյանի ելույթն ընդհատեցին ԲՀԿ-ականները` տեղից գոռգոռալով ու ասելով, որ դա հանցագործության մասին հաղորդում է: Նազարյանն արձագանքեց` թող այդպես էլ վարվեն իրավապահ մարմինները: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քսան րոպե ընդմիջում խնդրեց` պնդելով, որ նման լարված իրավիճակում հնարավոր չէ աշխատանքը շարունակել: Խորհրդարանն ընդմիջեց աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter