
Արտուշ Գաբրիելյանը Աշոտ Մինասյանի գործով դատախազների ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է, ապա մեկ այլ հիմքով ինքնաբացարկ է հայտնել
Ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է դատախազների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ հայտնելով նաև, որ Գաբրիելյանը դատախազների ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց որոշ ժամանակ անց ինքնաբացարկ է հայտնել։ Նշենք, որ դատախազները Աշոտ Մինասյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել երեկ՝ նոյեմբերի 16-ին, կայացած դատական նիստի ընթացքում։
Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը Արտուշ Գաբրիելյանի վարույթում քննած մեկ այլ գործից հետո դատարանի և աշխատակազմի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։
Մեզ հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ Աշոտ Մինասյանի կալանքի գործով դատական նիստի ընթացքում մտահոգություն է հայտնել, որ, միգուցե, իր կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հանգամանքը կարող է դատարանի մոտ կանխակալ վերաբերմունք ստեղծել իր, դրա պատճառով նաև Աշոտ Մինասյանի հանդեպ։
Պողոսյանը դատավոր Գաբրիելյանին վերը նշված հիմքով ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել, միայն դատարանից հետաքրքրվել է՝ իր կողմից նշված հանգամանքները կարո՞ղ են դատարանի վրա ազդել որոշում կայացնել, թե՞ ոչ, որից հետո Արտուշ Գաբրիելյանը հայտարարել է, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, ապա վերադարձել և ինքնաբացարկ հայտնել։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ և 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է։
Մեկնաբանել