HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ազատամարտիկ Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել

Ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը քիչ առաջ ազատ է արձակվել, քանի որ լրացել է նրա ձերբակալման 72 ժամը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։

Աշոտ Մինասյանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ և 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքի մասին է։

Ազգային անվտանգության ծառայությունն այնուհետև վերը նշված հոդվածներով Մինասյանին մեղադրանք է առաջադրել, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, որի քննությունը դեռևս չի ավարտվել։

Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննության ժամանակ դատախազները դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։

Վարդևանյանի խոսքով՝ դատախազները գրավոր որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ վերացական մտքեր են արտահայտել՝ կապված Գաբրիելյանի քննած այլ գործերի հետ։

«Ես հարցրի՝ ձեր կողմից հրապարակված հանգամանքների, մտքերի հետ կապված որևէ թուղթ ունե՞ք, ասացին՝ չունենք։ Հարցրի՝ ենթադրյալ հիմքերի վերաբերյալ ունե՞ք հիմքեր, ասացին՝ չունենք, դրանք կան Google-ում»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Վերջինս նշեց, որ բանավոր ներկայացված հիմքերից մեկն, օրինակ, եղել է այն, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերջերս ոչ իրավաչափ է ճանաչել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ձերբակալման որոշումը։ Նշենք, որ Աշոտ Մինասյանի գործով անցնում է նաև Արթուր Վանեցյանը։ Սակայն խոսքն, ամենայն հավանականությամբ, Վանեցյանի վերաբերյալ մեկ այլ գործի մասին է։

Վանեցյանը ձերբակալվել էր նաև Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ Քրեական օրենսգրքի 307.1 և 225.1 հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։ Նրա պաշտպանները բողոքարկել էին ձերբակալման որոշումը։ Բողոքը քննել ու բավարարել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter