HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղի համար որևէ հատուկ կարգավիճակի հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի համար ընդունելի չէ Լեռնային Ղարաբաղի համար որևէ հատուկ կարգավիճակի հնարավորությունը։

«Որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ և բազմակրոն»,- հայտարարել է Ալիևը երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին, Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններ կատարած այցելության ժամանակ։

Այցելության կադրերը երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, հեռարձակել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը։

Ալիևի խոսքերով՝ տարածաշրջանի հայ բնակչությանը կընձեռվեն նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիներին։ «Տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ հանդիսացող Ադրբեջանի քաղաքացիները ապրում են խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների պայմաններում։ Հայ ժողովուրդը նույնպես կապրի այդպիսի պայմաններում»,- հավելել է Ալիևը՝ նշելով, որ Բաքուն Ղարաբաղի հայերին դիտարկում է որպես իր քաղաքացիների։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին համատեղ հայտարարություն, որով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղում հաստատել հրադադար։ Ինչպես հայտարարել էր Պուտինը, հայկական և ադրբեջանական կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ։

Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվի խաղաղապահ առաքելության 1960 զինծառայող, իսկ հրամանատարական շտաբը կտեղակայվի Ստեփանակերտում։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ նաև հայտարարել էր, որ խաղաղապահ առաքելության նպատակով Լեռնային Ղարաբաղ կփոխադրվի 90 զրահափոխադրիչ և 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter