HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Moderna Inc. ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութը ցույց է տվել 94,5 % արդյունավետություն

Moderna Inc. ընկերության mRNA-1273 փորձարարական պատվաստանյութը փորձարկումների վերջին փուլի ընթացքում ցույց է տվել 94,5 % արդյունավետություն։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով ընկերությանը։

Pfizer-ի պատվաստանյութից հետո այն դարձել է կորոնավիրուսի երկրորդ պատվաստանյութը Միացյալ Նահանգներում և երրորդը՝ աշխարհում, որը հաջողությամբ ավարտել է փորձարկումները և ցույց տվել սպասվածից բարձր արդյունք։ «Մենք կունենանք պատվաստանյութ, որը կարող է կանգնեցնել Covid-19-ը»,- Reuters գործակալությանը հայտնել է ընկերության նախագահ Սթիվեն Հոջը։ ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին էլ նշել է, որ արդյունքները տպավորիչ են։ Լոնդոնի կայսերական քոլեջի փորձարարական բժշկության պրոֆեսոր Պիտեր Օպենշոն էլ կարծում է, որ առաջիկա ամիսներին աշխարհը կունենա պատվաստանյութի մի քանի լավ տարբերակ։ 

Ավելի վաղ, Pfizer ընկերությունը հայտարարել էր, որ իր պատվաստանյութի արդյունավետությունը եղել է 90 %։ Մինչ Ամանոր Pfizer ընկերությունը նախատեսում է արտադրել պատվաստանյութի 40 միլիոն դոզաչափ, իսկ Moderna ընկերությունը՝ 20 միլիոն։ 2021 թվականին Moderna ընկերությունը խոստացել է արտադրել պատվաստանյութի 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դոզաչափ, իսկ Pfizer-ը՝ 1,3 միլիոն։

Երկու պատվաստանյութերն էլ հիմնված են mRNA բարձր արդյունավետությամբ նոր տեխնոլոգիայի վրա։ Դրա էությունն այն է, որ խթանի մարդու օրգանիզմին արտադրել սպիտակուց, որը նման է վիրուսի սպիտակուցին և առաջացնում է իմունային պատասխան։

Moderna ընկերության փորձարկումներին մասնակցել է 30 հազար մարդ, որոնք ստացել են իրական պատվաստանյութը կամ պլացեբո։ Արդյունքում, կորոնավիրուսով վարակվել է 95 մարդ, որոնցից միայն 5-ն է պատվաստված եղել, և բոլոր հինգի մոտ հիվանդության ընթացքը թեթև է եղել։ Մոտավորապես յուրաքանչյուր տասներորդ պացիենտի մոտ նկատվել են կարճաժամկետ կողմնակի ազդեցություններ, որոնք արտահայտվել են մկանների և հոդերի, գլխի շրջանում ցավերով, ինչպես նաև այտուցվել են սրսկման հատվածները։

Օպենշոն նաև ընդգծել է, որ Moderna ընկերության պատվաստանյութը արդյունավետ է եղել նաև տարեց և ռիսկային խմբերի պացիենտների շրջանում։

Նոյեմբերի 16-ի տվյալներով՝ Moderna ընկերության բաժնետոմսերը թանկացել են 9,1 %-ով։ Ավելի վաղ, ընկերությունը ամերիկյան դաշնային բյուջեից, հետազոտությունների իրականացման համար, ստացել էր 1 միլիարդ դոլար։

Լուսանկարը՝ DAVID L. RYAN/GLOBE STAFF/FILE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter