Պաշտոնական Փարիզը հավաստիացնում է՝ Մինսկի խմբի միջոցով կշարունակի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման գործում
Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, Ռուսաստանին կոչ է արել վերացնել «երկիմաստությունները» Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ, մասնավորապես` Թուրքիայի դերի և օտարերկրյա զինյալների հարցում:
«Այս զինադադարը շատ կարևոր էր հազարավոր կյանքեր փրկելու համար (...): Բայց երկիմաստություններ կան»,- ասել է նա Ազգային ժողովում՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ստորագրած հայտարարությանը: «Մենք պետք է վերացնենք երկիմաստությունները փախստականների, հրադադարի արդյունքում սահմանագծման, Թուրքիայի ներկայության, օտարերկրյա զինյալների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ»,- հավելել է լը Դրիանը: Նա նշել է, որ այդ կետերը քննարկվելու են Մինսկի (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) խմբի համանախագահների հանդիպման ժամանակ, որը կայանալու է նոյեմբերի 18-ին Մոսկվայում:
Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականը գրում է, որ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարն ընդգծում է Ռուսաստանի որոշիչ դերը կովկասյան իր նախկին ազդեցության գոտում, ինչպես նաև Թուրքիայի՝ Բաքվի աջակցի աճող ազդեցությունը տարածաշրջանում և Արեւմուտքի անկումը: Հայաստանի դեմ Ադրբեջանին զինելուց և աջակցելուց հետո Թուրքիան կապվում է խաղաղապահ գործողությունների հետ, նույնիսկ եթե նրա դերի ուրվագծերը մնում են անորոշ և ստիպված կլինեն բանակցություններ վարել Մոսկվայի հետ:
Պաշտոնական Փարիզը Անկարային մեղադրում է նաեւ Սիրիայի հակամարտության գոտուց թուրքամետ իսլամիստ ապստամբներին փոխադրելու միջոցով Բաքվին սատարելու մեջ, որոնց ճակատագիրը հարցեր է առաջացնում: «Այս հակամարտության մեջ ներգրավված օտարերկրյա զինյալների հեռացումը հիմնարար տարր է տարածաշրջանի կայունության համար»,- ֆրանսիական պարբերականին ասել է ԱԳՆ աղբյուրը:
«Իսկ ու՞ր մնաց Մինսկի խումբը, որը պետք է գտներ հակամարտության խաղաղ լուծումը,- խորհրդարանում Ֆրասիայի ԱԳ նախարարին հարցրել է պատգամավոր Գի Տեսյեն՝ միաժամանակ պնդելով, որ այս հրադադարը նշանակում է Արևմուտքի դուրսմղումը կովկասյան ցանկացած դիվանագիտական գործընթացից»:
Ժան-Իվ Լը Դրիանը չի ընդունել մեղադրանքը ղարաբաղյան հարցում Ֆրանսիայի պասիվության վերաբերյալ և հավաստիացրել է, որ Փարիզը Մինսկի խմբի միջոցով կշարունակի դեր խաղալ խաղաղ գործընթացում և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման գործում: «Այս քննարկումներն արդեն սկսվել են՝ մի կողմից Հանրապետության նախագահի (Էմանուել Մակրոնի) և նախագահ (Վլադիմիր) Պուտինի, մյուս կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և իմ միջեւ՝ Փարիզում»,- հավաստիացրել է նախարարը՝ ի պատասխան Ֆրանսիայի քաղաքական դասի մի մասի նախատինքին, թե Ֆրանսիան բավարար չափով չի աջակցել Հայաստանին այս հակամարտությունում:
Մայք Պոմպեոն, որը երկուշաբթի Փարիզում հանդիպել է նախագահ Մակրոնին և իր ֆրանսիացի գործընկերոջը, դատապարտել է Թուրքիայի «շատ ագրեսիվ գործողությունները», այդ թվում` Ադրբեջանին աջակցելը:
Լուսանկարում՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանը (Ֆաբրիս Կոֆֆրինի/AFP)
Մեկնաբանել