HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական առցանց լրատվամիջոցների մասին ձեռնարկը կարեւոր գործիք է տեղեկատվական պատերազմում

«Էրդողանն աշխարհում մամուլի ազատությունը սահմանափակող առաջնորդներից «ամենանեղացկոտն» է․ 2018 թ․ Լրագրողների միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահին այսպես է բնութագրել։ Պատճառը նրան քննադատող հրապարակումների հեղինակների դեմ բացված դատական գործերն են երկրի առաջնորդին վիրավորելու մեղադրանքով։ Այդ գործերը տասնյակ հազարների են հասնում։ Ընդ որում՝ Էրդողանն իրեն քննադատության ենթարկած լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ հաճախ է դատական հայցեր ներկայացնում՝ պահանջելով նաեւ նյութական փոխհատուցում։ Տարվա կտրվածքով այդ հայցերի թիվն անցնում է 2 հազարը։ Այս եւ այլ մանրամասներ կարելի է գտնել թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի «Թուրքիայի առցանց լրատվամիջոցները․ թարմացվող ձեռնարկ» գրքում։

Ռազմական եւ տեղեկատվական պայքարով ընթացող պատերազմներում, ինչպիսին երկար տարիներ ունի նաեւ Հայաստանը, կարեւոր է չհայտնվել քարոզչական գրոհի ծուղակում։ «Թուրքիայի առցանց լրատվամիջոցները․ թարմացվող ձեռնարկ» գիրքը հնարավորություն է տալիս թուրքական մամուլին հետեւելիս համապատասխան «խայծերը կուլ չտալ»։

Գեւորգ Պետրոսյանը «Թուրքագիտական պորտալի» (allturkey.org), «Եփրատ» ուսումնասիրությունների կենտրոնի եւ «Համշեն տուր» պատմամշակութային զբոսաշրջային ընկերության հիմնադիրն է։ Նա ուսումնասիրում է Թուրքիայի նորագույն պատմությունը, անվտանգության համակարգը, Հայոց ցեղասպանության ժխտման արդի քաղաքականությունը։ Ասում է՝ դեռ ԵՊՀ-ի թուրքագիտության բաժնում սովորելիս է հետաքրքրվել Թուրքիայի առցանց լրատվամիջոցների թեմայով, նույն թեմայով նաեւ մագիստրոսական աշխատանքն է եղել։ Ավելի ուշ հայաստանյան լրատվամիջոցներում որպես թարգմանիչ, լրագրող ու վերլուծաբան աշխատելիս պատասխանատու է եղել Թուրքիայի մասին լրատվության համար։ Դեռ այդ ժամանակից էլ նման գիրք գրելու մտադրություն եւ ցանկություն է ունեցել։

Գիրքը Թուրքիայի մամուլի պատմության մեկնարկից մինչեւ մեր օրերի առցանց լրատվամիջոցների մասին է՝ Օսմանյան կայսրության առաջին տպագրատներից եւ թերթերից հասնում ենք մեր օրեր։ Շարադրանքը դինամիկ է, ներկայացվող նյութը՝ հարուստ։ Հեղինակը բացում է առցանց լրատվամիջոցների քաղաքական հայացքների եւ հովանավորների հանգույցները՝ ընթերցողին հնարավորություն տալով տվյալ լրատամիջոցին հետեւելիս հաշվի առնել, թե այս կամ այն հոդվածն ում կամ ինչ շահերի է սպասարկում։ Հեղինակն անդրադարձել է նաեւ Թուրքիայում գործող մեդիա հոլդինգներին։ Գիրքը ներկայացված է առցանց տարբերակով (կարող եք կարդալ այստեղ)՝ անվճար ներբեռնելու հնարավորությամբ։

Նման տարբերակը հարմար է նաեւ հետագա փոփոխությունների, նոր ստեղծված լրատվամիջոցների ներառման, խմբագրման համար։ Ինչպես գրքի վերնագիրն է հուշում, այն պարբերաբար թարմացվելու է։ Հետագայում, ըստ Գ․ Պետրոսյանի, ֆինանսական միջոցների առկայության դեպքում գիրքը գուցե նաեւ տպագիր տարբերակով ներկայացվի, ինչպես նաեւ նմանատիպ ձեռնարկներ կազմվեն տարածաշրջանային մյուս երկրների, օրինակ՝ Ադրբեջանի, Իրանի մամուլի մասին։ Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ գիրքն անգլերեն ու ռուսերեն թարգմանելու մտադրություն ունի։

«Գրքի գլխավոր խնդիրն այն է, որ պատմական ակնարկի եւ մերօրյա իրականության մեջ ստեղծեց բնական եւ ամուր կապ։ Իսկ նորարարությունն այն է, որ ձեռնարկը փոխվելու է ամեն տարի՝ հաշվի առնելով Թուրքիայի մամուլի փոփոխությունները․ ինչպես նաեւ ներկայացվելու է առայժմ միայն առցանց եւ բաց հասանելիությամբ»,- նշում է հեղինակը։ Ամեն  թարմացված տարբերակում, ըստ Գեւորգ Պետրսյանի, պետք է ամրագրվեն նոր լրատվամիջոցների ի հայտ գալը, լրատվամիջոցների քաղաքական ուղղվածության հնարավոր փոփոխությունները, սեփականատերերի փոփոխությունները, մամուլի զարգացման դինամիկան, մի շարք այլ հարցեր, որպեսզի ձեռնարկը լինի հնարավորինս թարմ եւ առկա իրականությունն ամբողջությամբ արտահայտող։

Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատությունը հատկապես 2015 թվականից հետո ավելի շատ է սահմանափակվել։ Սա իրենց զեկույցներում մշտապես շեշտել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմած մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում (World Press Freedom Index) Թուրքիան 2019-ի դրությամբ 180 երկրների ցանկում 157-րդն է։ Ըստ կազմակերպության՝ «Թուրքիան պրոֆեսիոնալ լրագրողների ամենամեծ բանտն է աշխարհում»։ Մեկ այլ հեղինակավոր կազմակերպություն՝ «Human Rights Watch»-ը, իր զեկույցներում նշել է, որ Թուրքիայում իշխանությունները թիրախավորում են հատկապես ընդդիմադիր լրագրողներին եւ քրդամետ լրատվամիջոցներին։ Համաձայն «HRW»-ի՝ 2019 թ․ 119 լրագրող եւ մամուլի աշխատակից եղել է անազատության մեջ։

Այդուհանդերձ, ըստ Գեւորգ Պետրոսյանի, թուրքական մամուլում կարելի է գտնել ընդդիմադիր խոսք կամ այլընտրանքային աղբյուրներ։ «Քանի որ պատերազմ սկսվեց, ես որոշեցի արագ ներկայացնել գիրքը, որ լրագրողները եւ ուսումնասիրողները, որոնք այս օրերին տրամաբանորեն ավելի շատ են աշխատելու թուրքական աղբյուրների հետ, ճիշտ կողմնորոշվելու հիմք ունենան, առավել արագ լինի լրատվությունը ֆիլտրելու գործընթացը, աղբյուրների հետ աշխատանքը»,- ասում է գրքի հեղինակը։

Պատերազմի ժամանակ հակահայ քարոզչությունը շատացել է Թուրքիայում

Թուրքագետը նշում է, որ Թուրքիայում պետական եւ իշխանամետ ողջ մեդիա ռեսուրսը պատերազմի առաջին իսկ վայրկյանից միակողմանի ադրբեջանամետ լրատվություն եւ վերլուծություններ է մատուցել․ «Պատերազմի առաջին օրերին թուրքական մամուլը պատերազմական բովանդակություն էր (իհարկե, միակողմանի ադրբեջանամետ) բերել իր առաջին էջեր եւ էկրաններ, բայց հետագա օրերին ծավալներն ու կարեւորությունը փոքր-ինչ անկում ապրեցին, բայցեւայնպես, թուրքական հայտնի լրատվամիջոցներն անդրադառնում էին պատերազմին, իհարկե, խիստ քարոզչական եւ հաճախ ապատեղեկատվական գործելաոճով՝ պաշտպանելով միայն թուրքական պետական մոտեցումը»։

Ըստ «Հետքի» զրուցակցի՝ այս պատերազմը նաեւ հստակ ցույց տվեց, որ Թուրքիայում մամուլը մեծամասամբ իշխանական վերահսկողության տակ է։ Եթե նախկինում, Պետրոսյանի ասելով, Թուրքիայում առանձին լրատվամիջոցներ էին աչքի ընկնում հակահայկական քարոզչությամբ, ինչպես, օրինակ, ազգայնական ուժերին հարողները, ապա պատերազմի ժամանակ նման քարոզչությունը համատարած բնույթ է կրել։ Հակահայկական բովանդակությանը զուգահեռ տարվում է ադրբեջանական կողմի եւ թուրք-ադրբեջանական համագործակցության փառաբանումը։ «Թուրքիայում շատերը փորձում են նույն պատերազմի հետ կապված այլընտրանքային աղբյուրներ գտնել, քանի որ լրատվության խիստ միակողմանի եւ քարոզչական լինելն այնքան է չարաշահվում, որ անգամ հակառակ երևույթներ են ի հայտ գալիս»,- ասում է թուրքագետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter