HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագիրը կշարունակվի. ընդունվեց վարկային համաձայնագիրը երկարաձգելու հարցը

Խորհրդարանը հերթական նիստում ընդունեց Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ վարկային նամակ-համաձայնագիրը»: Հիշեցնենք, որ այն արդեն մի անգամ չէր ընդունվել հերթական նիստերի ժամանակ:

Այս ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: 2017թ. որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ծրագիրը և ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել դրա տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները:

Հայաստանի վարչապետի մոտ 2019թ. հոկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության արդյունքներով որոշվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը շարունակել հայտարարված մրցույթների չեղարկման և առանձնացված 3 լոտերով նոր մրցույթների հայտարարման տարբերակով, որի համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել Գերմանիայի զարգացման (KfW) բանկի հետ ստորագրված վարկային և ծրագրային համաձայնագրերը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իր խոսքում ընդգծեց, որ սա առաջին հերթին անվտանգային խնդիր է ապահովում: Փոխնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի  էներգետիկ համակարգը սինխրոն կապով միայն Իրանի Իսլամական Հանրապետության հետ է կապված, և ցանկացած ցնցում իրանական և հայկական էներգահամակարգերի միջև ծանր հետևանքների կհանգեցնի:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն իր ելույթում ընդգծեց, որ վարկային համաձայնագիրը պետության կողմից ստանձնած պարտավորությւոն է, և եթե մինչ այս տարվա նոյեմբերի 30-ը այն չերկարաձգվի, ապա ստիպված ենք լինելու վճարելու 16 միլիոն եվրո տուգանք: Մանուկյանի խոսքով` սա ոչ միայն տուգանքից խուսափելու համար է արվում, այլ առաջին հերթին փորձ է արվում էներգետիկ կախվածությունը նվազեցնել, ուղղված է էներգետիկ համակարգի բարելավումներին:

Նամակ-համաձայնագիրն ընդունվեց 71 ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter