
Գերության մեջ հայտնված զինծառայողի պաշտոնային դրույքաչափը կպահպանվի, և ընտանիքը գումար կստանա
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի համաձայն գերության մեջ գտնվող զինծառայողի պաշտոնային դրույքաչափը պահպանվելու է: Այն ընդունվեց 71 ձայնով:
Գործող օրենքով` գերության մեջ գտնվող զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և մնում է ՊՆ կադրային ստորաբաժանման տրամադրության տակ մինչև գերությունից ազատվելը: Օրենքով սահմանված են կադրերի տրամադրության տակ թողնելու այն հիմքերը, որոնց դեպքում պահպանվում է զինծառայողի պաշտոնային դրույքաչափը, և այդ ցանկում գերության մեջ հայտնվելը չկա: Պատգամավորի համոզմամբ` սա օրենսդրական բաց է, բացակայում են հիմքերը, ըստ որի զինծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում պահպանի պաշտոնային դրույքաչափը, և, հետևաբար, վերջինիս ընտանիքը համապատասխան գումար ստանա:
Փոփոխությունների համաձայն` գերության մեջ գտնվող զինծառայողի պաշտոնային դրույքաչափը և դրա վճարումը կիրականացվի միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ կհիմնավորվի, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն իր խոսքում նշեց, որ ՊՆ-ն կողմ է նախագծին և հավելեց, որ այն հետադարձ ուժ է ունենալու` տարածվեով այս տարվա հունվարից մեկից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախագիծը քննարկվելու է նաև երկրորդ ընթերցմամբ:
Լրացում 19:00
Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Լուսանկարում` Մխիթար Հայրապետյանը:
Մեկնաբանել