HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը չի կալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, քիչ առաջ մերժեց ազատամարտիկ Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Աշոտ Մինասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ և 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք անձ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ կուսակցության անդամ Աշոտ Ավագյանը։ ԱԱԾ-ն դատարան է ներկայացրել նաև վերջիններիս կալանավորելու միջնորդություններ, որոնք նույնպես մերժվել են։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը դեպքի առթիվ հայտնել է, որ «Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտության գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր»։

Գործով անցնող անձինք իրենց մեղադրանքները չեն ընդունում։ Այսօր ազատ արձակված Աշոտ Մինասյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter