HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մովսես Հակոբյան. ««Իսկանդեր» կիրառվել է, բայց թե որտեղի վրա, չեմ ասի»

Սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է: Այս մասին նոյեմբերի 19-ին Երևանում` «Հայելի» ակումբում, հրավիրված ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով` 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է ձեռք բերել այնպիսի սպառազինություն, որը կհամապատասխանի ժամանակի մարտահրավերներին` նոր սերնդի պատերազմին: Ձեռք են բերվել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոռ», «Իգլա-Ս» և «Վերբա» տեսակի զենիթահրթիռային համալիրներ:

«Դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում խոցում են իրականացրել: «Տոռի» մի մասը ձեռք է բերվել 2018-ին, նաև մեծ քանակությամբ նռնականետեր, հրետանային հրթիռներ, որոնք դեռ 2017-ին են նախանշված եղել: Եվս երկու դիզիվիոն «Տոռ» 2018 թվականին պետք է ձեռք բերվեր, որի տասը տոկոս կանխավճարը արված է եղել, և մեկ դիվիզիոն «Սմերչ» իր մարտալրակազմով: Պիտի կատարելագործվեր մեր «Իսկանդերի» համակարգը, բայց գործող պլանը փոխել են, ձեռք են բերել Սու-30 կործանիչներ, «Օսա»-ներ, ԶՈՒ 23-2 զենիթային համակարգեր։ Կհարցնեք քանիսն է դրանից կրակել՝ ոչ մեկը»,-ասաց Հակոբյանը:

Վերջինիս համոզմամբ` այդ սպառազինությունը ձեռք է բերվել, քանի որ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի իմացել, թե ինչ է պատերազմը: Հակոբյանը պնդեց` այս մասին վարչապետի հետ խոսել է վերջինիս աշխատասենյակում: Երկար տարիներ բարձր պաշտոն զբաղեցրած զինվորականը պնդում է շատ տարիներ են իրեն փորձել համոզել Սու-30 ձեռք բերել տարբեր երկներում, սակայն չի հաջողվել:

Նրա խոսքով` որպես հակաօդային պաշտպանության միջոց գովազդվող կործանիչի զինամթերքը ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է երկրորդ երկրին վաճառելը: Հակոբյանը խորհուրդ է տվել «Օսա»-ների փոխարեն «Տոռեր» գնել, քանի որ նոր սերնդի պատերազմ է լինելու, իսկ «Օսա»-ների հրթիռներ այժմ չեն արտադրվում, չգործելու դեպքում խնդիրներ են առաջանալու:

«Կհարցնեք՝ ինչքան անօդաչու է խոցվել ու ինչից․ խոցվել է հրաձգային զենքից, «Իգլա»-ից ու «Տոռ»-ից»,- ասաց նա:

Հարցին, թե պատերազմի ընթացքում հայկական կողմը կիրառել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը, Մովսես Հակոբյանը նշեց հետևյալը․

«Ես գիտեմ, որ կրակել է, բայց թե որտեղի վրա, չեմ ասի»։

Մեր դիտարկմանը, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, թե մատակարարումների առումով շրջափակման մեջ ենք եղել, արդյոք ՌԴ-ն ռազմական փոխօգնության շրջանակում անհրաժեշտ զինատեսակներ մեզ չի տրամադրել, Հակոբյանը պատասխանեց.

«Պաշտպանության նախարարը, ստացվում է՝ իրեն կոպտում եմ, բայց պետք է ասեմ` պիտի հասկանար՝ որտեղ է գտնվում, ինչ պայմանագրեր կան, և ոչ միայն այսօր, այլև մինչև պատերազմը: Մեր բոլոր ռազմական մատակարարումները իրականացվում է գաղտնի, և որևէ մի երկիր մեր երկրի պայմանավորվածության շրջանակում մեզ չէր թույլատրելու զենք-զինամթերք գնել, եթե Պաշտպանության նախարարը մինչև այդ օրը չի հասկացել, որ պատերազմի ժամանակ կրկնակի է դժվարանալու, վերահսկողությունը մեծանալու է մատակարարման համար, և նախարարը պիտի հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրի»:

Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ նախարարությունը որևէ դերակատարում չի ունեցել մատակարարման գործընթացում, պատերազմի ժամանակ մատակարարումներն իրականացվել են Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի ջանքերով: Հակոբյանը նաև հայտնեց` սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարչապետը չի դիմել ՌԴ նախագահին ու խնդրել աջակցություն, իսկ ՌԴ-ն այն, ինչ արել է, արել է իր բարի կամքի դրսևորման շրջանակում:

«Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է անել, մենք պիտի շնորհակալ լինենք։ Տվել է այն, որ կյանքում չենք երազել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter