Նիկոլ Փաշինյանի խոսնակն արձագանքել է վարչապետի հասցեին Մովսես Հակոբյանի հնչեցրած մտքերին
«Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ ըստ պատեհության կանդրադառնա դրանց», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։
Վերջինս գրառումը կատարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մ. Հակոբյանի տված ասուլիսից հետո, որտեղ նա անդրադարձել է պատերազմի ընթացքում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության թույլ տված սխալներին, մասնավորապես՝ բանակի համալրմանը, կամավորականների ներգրավման նպատակահարմարությանը, սպառազինությունների խնդրին եւ իրեն Արցախից հետ կանչելուն։
Մանե Գեւորգյանը մասնավորապես գրել է. «Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Իսկ թե վարչապետի վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ:
Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները:
Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին: Ստորև ներկայացնում եմ հաղորդագրությունների հղումները.
1. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../
2. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../
Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները եւ դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն եւ գնահատականի արժանանան: Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»,- նշել է Գեւորգյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել