
Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներն այսօր էլ շարունակվում են: Ակցիայի մասնակիցները, վանկարկելով «Նիկոլ դավաճան», փակել էին Տիգրան Մեծ և Բաղրամյան պողոտաները:
Ոստիկանությունը բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների և բացեց Տիգրան Մեծ պողոտան:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց գլխավոր «նպատակը դավադիր ծրագրի մասին ձայն բարձրացնելը և հնարավորինս շատ մարդկանց սթափության կոչ անելն է»:
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել բոլոր այն գործիքակազմը, որն այս դավադիր իշխանությունն օգտագործել է իշխանության գալու համար: Իրենք քանի էդ աթոռին նստած են, չեն կարողանալու հանգիստ նստել և որևէ կարևորություն չունեցող որոշումներ կայացնել, ձևացնել՝ իբր ոչինչ չի եղել: Մենք այստեղ ենք, կամ դուք ձերբակալելու եք 3 մլն մարդու, կամ դուք հանգիստ չեք ունենալու մինչև Ձեր հրաժարականը»,- ասաց նա:
Ակցիային մասնակցող քաղաքացին նաև հայտնեց, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու, և նոյեմբերի 21-ին էլ իրենք պատրաստվում են հավաքվել Ազատության հրապարակում:
Մեկնաբանել