
Դրամը համառորեն արժեզրկվում է, բայց ԿԲ֊ն դա բնական է համարում և առայժմ չի միջամտում
Հայկական դրամն արդեն երկրորդ ամիսն է՝ հետևողականորեն արժեզրկվում է ամերիկյան դոլարի նկատմամբ։ Հասարակության այն մասին, որն առնչվում է դոլարի հետ և գործարքներ կատարում այդ արժույթով, այս երևույթը խիստ անհանգստացրել է։ Սակայն Կենտրոնական բանկը կատարվողը համարում է բնականոն զարգացում և այս պահին չի պատրաստվում միջամտել արտարժույթի շուկային. քայլեր կձեռնարկի, երբ գնաճային ռիսկեր տեսնի։
Ըստ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում հրապարակված փոխարժեքների՝ այսօր (20 նոյեմբերի) 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 503.22 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 2.4 դրամով։
Ըստ rate.am կայքի՝ փոխանակման կետերում այսօր՝ ժամը 15:00-16:00-ի սահմաններում, դոլարը վաճառվել է առավելագույնը 509-511 դրամով և գնվել 501-503 դրամով։
Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման այս փուլը սկսվել է սեպտեմբերի 29-ից՝ արցախա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմից երկու օր անց։ Երկրում ստեղծված անկայուն իրավիճակն ու անորոշություններն ազդել են փոխարժեքի շուկայի վրա, հանգեցրել դոլարի նկատմամբ պահանջարկի մեծացմանն ու թանկացմանը։
«Հետքի» հարցմանը, թե արդյոք ԿԲ-ն ռիսկեր տեսնու՞մ է, որոնք կարող են առաջանալ դրամի արժեզրկման հետևանքով, գլխավոր դրամատնից պատասխանել են, որ այս պահին էական ռիսկեր չեն տեսնում։ «ՀՀ ԿԲ-ն մշտապես հետևում է Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում ՝ նաև դրամի փոխարժեքին։ ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել ցածր, կայուն և կառավարելի գնաճ։ Այս պահի դրությամբ ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման հետևանքով էական գնաճային և ֆինանսական կայունության ռիսկեր չի տեսնում»,- նշված է պատասխանում։
Միևնույն ժամանակ, ԿԲ-ից շեշտում են, որ այդպիսի ռիսկեր դրսևորվելու պարագայում պատրաստ են արձագանքել ողջ գործիքակազմով։
Այս պահին ԿԲ-ն չի պատրաստվում միջամտել արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներին։ Գլխավոր դրամատնից հիշեցնում են, որ այս տարվա մարտից ի վեր ավելացրել են ֆինանսական համակարգին թե՛ դրամային, թե՛ արտարժութային անհրաժեշտ իրացվելիության տրամադրումը և գնահատում են, որ դա էապես նպաստել է ֆինանսական շուկաների վրա ցնցումների հնարավոր ազդեցությունները մեղմելուն։
«Արտարժութային շուկայի ներկայիս զարգացումները համարում ենք բնականոն և համաչափ, իսկ հնարավոր գնաճային ռիսկերի նյութականացման դեպքում ԿԲ-ն կարձագանքի իր ամբողջ գործիքակազմով՝ առաջին հերթին օգտագործելով իր հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը»,- նշված է հարցման պատասխանում։
Նշենք, որ այսօրվա փոխարժեքներով դրամի նկատմամբ աճի միտումներ են գրանցում նաև ռուսաստանյան ռուբլին ու եվրոն։ Մասնավորապես, ռուբլու միջին փոխարժեքն այսօր կազմել է 6.6 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով, իսկ եվրոն կազմել է 596.72՝ աճելով 4.25 դրամով։
Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը տնտեսության վրա կարող է ինչպես բացասական, այնպես էլ՝ որոշ դրական ազդեցություններ թողնել: Օրինակ՝ արժեզրկման հետևանքով բարձրանում են ներմուծվող ապրանքների գները, որոնց դիմաց ներմուծողները վճարում են արտարժույթով: Արժեզրկումը բացասական է ազդում նաև Հայաստանի պետական պարտքի վրա՝ մեխանիկորեն ավելացնելով այն, դոլարային վարկ ունեցող քաղաքացիների գրպանի վրա և այլն: Միևնույն ժամանակ, դոլարի թանկացումը նպաստավոր է արտահանողների համար:
Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել