HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արցախից Հայաստան տեղափոխված երեխաները տեսել են պատերազմի դեմքը, ինչը հոգեբանական խնդիրների պատճառ է դարձել

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմի օրերին «Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Արցախից տեղահանված ընտանիքների՝ 54 հոգու:

ՊՈԱԿ-ի հատուկ հոգեբան Օլյա Գինոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատել են կանանց ու երեխաների հետ, ովքեր ունեցել են հոգեբանական աջակցության կարիք: Նրա խոսքով՝ գրեթե հոգեբանի կարիք չեն ունեցել մինչև 11 տարեկան երեխաները: Նրանք այդքան էլ չեն գիտակցել պահի լրջությունը: Հիմնականում տարվել են խաղով, զբաղվել են նկարչությամբ ու մոռացել կատարվածի մասին: Նրանք այնքան չեն ընկալել կատարվածը, որ կենցաղային հարցեր առաջանալու դեպքում զանգահարել են առաջնագծում գտնվող հայրերին ու դժգոհել նրանց կամ պահանջներ ներկայացրել, թե այսինչ բանն են ուզում:

Բոլորովին այլ վիճակ է եղել 12-17 տարեկանների դեպքում: Օլյա Գինոսյանն ասաց, որ այդ տարիքային խմբի երեխաները Հայաստան տեղափոխվելու ճանապարհին տեսել են դիակներ, փլված տներ, շենքեր, վիրավոր զինծառայողներ, ինչը խորը հետևանքներ է թողել:

Օրինակ՝ երբ հոգեբանական աշխատանքների շրջանակներում երեխաներին հանձնարարվել է նկարել, վերջիններս նկարել են միայն պատերազմին վերաբերող պատկերներ՝ տանկեր, զենքեր, զինվորներ, դիրքեր: Իսկ երեկոյան երգի ժամերին հրաժարվել են երգել՝ պատճառաբանելով, թե Արցախում պատերազմ է, իսկ այստեղ երգում են: Սկզբնական շրջանում նույնիսկ հրաժարվել են սննդից, մեկուսացել են, փակվել սենյակներում:

Առաջարկվել են գույների միջոցով էմոցիաներն արտահայտելու խաղեր: 12-17 տարեկաներն ընտրել են այնպիսի գույներ, որոնք իրենց չի առաջարկվել, օրինակ՝ սև, գորշ գույներ: Հոգեբան Գինոսյանն ասում է, որ գունային ընտրությունը պայմանավորված է եղել երեխաների ներաշխարհով, ապագայի նկատմամբ անորոշությամբ, մահվան մասին պատկերացումներով և այլն:

Օլյա Գինոսյանն ասում է, որ երեխաների հետ հոգեբանները պետք է պարբերաբար աշխատեն, հակառակ դեպքում հնարավոր է տեսնեն մղձավանջներ, ունենան վախեր, որ նույնը կարող է իրենց պատահի: Նույնիսկ ինքնաթիռի ձայնը վախեցրել է երեխաներին: Օլյա Գինոսյանը պատմեց, որ Արմավիրը մոտ է «Զվարթնոց» օդանավակայանին, և ինքնաթիռների ձայնը տագնապի մատնեց նրանց, մտածում էին, որ նույն պատերազմական իրավիճակը նաև Հայաստանում է:

«Ականատեսներն անհանգստանում էին, թե ինչ եղավ ճանապարհին ընկած վիրավոր զինծառայողին, արդյոք որևէ մեկն օգնություն ցուցաբերեց, ողջ է նա, թե ոչ: Այդ միտքը նրանց հանգիստ չէր տալիս: Հասել էին մի կետի, որ իրենց մոտ անորոշություն էր: Շրջվում, տեսնում էին՝ ծնողը լացում է, տարաբնույթ տեղեկատվություն էին ստանում, ինչը բացասական հետևանք էր ունենում նաև երեխաների վրա»,- ասում է Օլյա Գինոսյանը:

12-17 տարեկան աղջիկների մոտ ավելի շատ է եղել վախի, տագնապի զգացումը: Նրանք ցանկություն չեն ունեցել նույնիսկ Արցախ վերադառնալու: Այլ է եղել տղաների դեպքում: Վերջիններիս մեծ մասը ցանկացել է վերադառնալ Արցախ, որ սահման պահի, որպեսզի «քույրերն ու մայրերն էլ չլացեն»:

Հոգեբանը կարծում է, որ Արցախ վերադառնալուց հետո երեխաները շատ հարցեր են ունենալու, և սկսվելու է «ինչու»-ների շարանը: Ծնողը պետք է երեխային ներկայացնի իրավիճակը ավելի սթափ ու առանց հուզական էմոցիաների:

«Բայց այսօր ծնողները պատրաստ չեն երեխայի հետ անկեղծ զրույց ունենալ: Նրանք նույնպես հոգեբանական աջակցության կարիք ունեն: Սակայն ծնողները պետք է գիտակցեն, որ իրենց հոգեբանական վիճակը կարող է փոխանցվել երեխաներին: Երեխաները սովորաբար ընդօրինակում են ծնողներին, հետևաբար վերջինիս վարքը կարևոր է երեխայի հոգեկան առողջության համար»,- ասում է Օլյա Գինոսյանը և հավելում, որ այսօր մեծահասակներն ավելի վատ վիճակում են գտնվում, քան երեխաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter