HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերականգնողական բուժման կարիք ունեցող զինծառայողների թիվն ավելանում է, պետական աջակցությունը՝ ուշանում

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմից հետո Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն ընդունել է շուրջ 200 զինծառայողի՝ մատուցելով ստացիոնար, ամբուլատոր և արտագնա ծառայություններ: Վերջինիս դեպքում մասնագետն այցելում է բուժում ստացող զինծառայողին և տեղում գնահատում վիրավորի առողջական վիճակը, վերականգնման հավանականությունը: 

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ինչքան վաղ է սկսվում վերականգնողական բուժումը, այնքան մեծանում է արդյունավետությունը: Սակայն, կենտրոնը կանգնած է լուրջ դժվարությունների առաջ: Օրեցօր ավելանում է վերականգնողական բուժման կարիք ունեցողների թիվը, սակայն դրան զուգընթաց, չկա պետական աջակցություն կամ այն ուշանում է:

Կենտրոնը շահույթ չի հետապնդում և զինվորների բուժումն իրականացնում է ինքնարժեքով: 

«Շուրջ մեկ ամիս է՝ բանակցություններ են ընթանում մենք սպասեցինք, որպեսզի պատերազմն ավարտվի, աշխատանքները շարունակեցինք նվիրատվությունների հիման վրա, որովհետև հասկանում էինք, որ այդ փուլում պետք չէր պետության ուշադրությունը շեղել այլ ուղղության վրա և ռեսուրսը վատնել: Մինչ պատերազմի ավարտը, դրանից հետո էլ Առողջապահության նախարարությունում եղել են քննարկումներ, ներկայացրել ենք շուրջ 63 ծառայությունները, որոնց համար ֆինանսավորում է պետք: Նախարարությունից անընդհատ ասել են, որ կքննարկեն, սակայն որևէ վերջնական պատասխան չեն տվել, նույնն էլ Պաշտպանության նախարարությունից»,-ասում է Հայկուհի Մինասյանը:

Տնօրենի խոսքերով՝ իրենց կենտրոնում զինծառայողների վերականգնողական բուժման ամբողջ հոգսն իր վրա է վերցրել հասարակությունը:  Հայկուհի Մինասյանը նշեց, որ կենտրոնին ֆինանսավորել է «Իմ քայլը» հիմնադրամը, ինչի շնորհիվ մի քանի ամիս անց մեծացնելու են տարածքը՝ ունենալով 70-ից ավել մահճակալ, նոր սարքավորումներ: Սակայն, պետական մարմիններից որևէ մեկը պետպատվեր տրամադրելու հարցում նախաձեռնողականություն չի ցուցաբերել:

Հայկուհի Մինասյանն ասում է, որ եթե պետական աջակցություն չլինի, հասարակությունը չի կարողանա անընդհատ և տարիներ շարունակ իր վրա վեցնել ծանր բեռը: Նրա խոսքերով՝ մարդիկ մտածում են, որ իրենք հարկեր են վճարում և այդ վճարած հարկերից պետք է պետական պատվերի շրջանակում գումար հատկացվի վիրավոր զինծառայողների բուժման համար: Մինչդեռ պետական մարմինները հապաղում են:

«Վստահ եմ, որ հասարակությունը կկանգնի մեր կողքին՝ բուժել զինվորներին և կմիանա մեզ՝ այն պայքարին, որը կմղվի հանուն վիրավոր զինվորների խնդրի լուծման, եթե, իհարկե, բանը հասնի դրան»,-ասում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրենը:

Հայկուհի Մինասյանն ասաց, որ Առողջապահության նախարարությանը ներկայացրել են ծախսերի նախահաշիվ: Ըստ դրա՝ ինչքան մեծանում է պետպատվերի բյուջեն, այնքան իջնում է ծառայությունների ինքնարժեքը: Օրինակ, 100 մլն դրամ պետպատվերի դեպքում, մեկ զինծառայողի հաշվով, օրական ծախսը կկազմի 24 հազար դրամ, 200-400 մլն դրամի դեպքում՝ մինչև 12-14  հազար դրամ:

Կենտրոնը Առողջապահության նախարարությանն առաջարկել է ծանր վիրավորում ստացածների վերականգնողական բուժման ամբողջ ծանրությունը վերցնել իրենց վրա՝ չուշացնելով բուժումը: 

Հայկուհի Մինասյանն ասաց, որ ծանր վիրավորում ստացածներին տրամադրվում են անհատական բուժքույրեր, որպեսզի ընտանիքի անդամների կյանքի բնականոն ընթացքը չխախտվի, նրանք շարունակեն աշխատել, չունենալ դժվարություն՝ իրենց վիրավոր որդու, ամուսնու խնամքով զբաղվելու հարցում: Բուժվողները կենտրոնում չեն գնում ոչ մի դեղորայք, խնամքի պարագա: Բուժմանը զուգահեռ մասնակցում են ուսումնական ծրագրերին, որպեսզի հետ չմնան առօրյայից, շուկայից: 

«Ծանր վիրավորում ստացած զինվորները դեռ բաժանմունքներից դուրս չեն եկել: Նրանց վերականգնողական աշխատանքները սկսվելու են առաջիկայում: Մարդ ինչպես պետք է պատրաստվի պատերազմին, այնպես էլ պետք է պատրաստ լինի պատերազմից հետո՝ ունենալով առողջապահական լուրջ ծրագիր: Պետությանը նույնիսկ առաջարկել են դրամաշնորհային կարգով աշխատել, քանի որ շահույթ չենք հետապնդում:  Այդ դեպքում 100%-ով կարող են տեսնել կատարված ծախսերը, որը գնում է աշխատավարձերի վճարմանը, զինվորների բուժմանը: Բոլոր տարբերակներն առաջարկել ենք, դեռ որևէ պատասխան չենք ստացել»,-ասում է Հայկուհի Մինասյանը:

Կենտրոնի տնօրենը մտավախություն ունի, որ զինծառայողների մոտ կարող է ի հայտ գալ «վիետնամական սինդրոմ»: Հայկուհի Մինասյանն ասում է, որ Հայաստանում սպասելի չէր, որ պատերազմում պարտություն ենք կրելու: Մարդիկ իրենց առողջությունն են կորցրել, ունեն հաշմանդամություն, դրանից հետո եթե չստանան որակյալ և հասանելի բուժօգնություն, ապա շատ լուրջ ցնցում և դժգոհություն կսկսվի հասարակության ներսում, ինչը պետք է թույլ չտալ: Նրա խոսքերով՝ կա ճանապարհային քարտեզ այդ ամենը կանխելու համար, մնում է ստանալ պետության աջակցությունը:

Հայկուհի Մինասյանն առաջարկում է շատ արագ փոփոխություններ կատարել: Արդեն մի քանի անգամ առաջարկել է, որ դեղորայքի տրամադրման կարգը պետք է փոխվի, որովհետև այժմ զինվորը դուրս է գալիս հիվանդանոցից ձեռքին ունենալով մի շարք նշանակումներ: Այդ վիճակով պետք է գնա պոլիկլինիկա, այնտեղից ստանա դեղորայքը, եթե, իհարկե, այն ընդգրկված է պետպատվերի ցանկում: Սակայն, մի շարք դժվարություններ են առաջանում ոտքերն անդամահատված կամ Արցախից ժամանակավոր Հայաստանում ապրողների դեպքում:

«Զինվորներին պետք է ավելորդ քաշքշուկից ազատել: Նրանք չպետք է վիրավորումից հետո գնան իրենց խնդիրներով զբաղվեն։ Առաջարկել եմ «մեկ պատուհան»-ի սկզբունքով դեղորայքի տրամադրման հավաստագրման համակարգի ներդրում:  Հիվանդանոցը զինվորին դուրս գրելուց առաջ պետք է դեղերի պետպատվերն ուղարկի Առողջապահության նախարարությանը և դուրս գրելուց առաջ դեղը հիվանդանոցում հատկացնեն զինվորին ու արդեն դեղորայքով ճանապարհեն տուն: Ոչ թե ասեն՝ գնա այս թուղթը բեր, նա էլ մի բան մոռանա և քաշքշուկի մեջ հայտնվի: Այսօր Առողջապահության նախարարության կողմից չեմ տեսնում քայլեր, որոնք կհեշտացնեն զինվորների խնդիրները»,-նշում է Հ. Մինասյանը:

Մյուսը մտահոգությունը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննություններին: Հ. Մինասյանը կարծում է, որ 3 ամիս անց չեն հասցնելու այսքան մարդու փորձաքննության ենթարկել, և դրան չբախվելու համար, բուժմանը զուգահեռ պետք է իրականացնել փորձաքննությունը:

«Այն զինվորները, որոնց երկու ոտքը անդամահատված են, միևնույն է ունենալու են հաշմանդամության առաջին խումբ, հետևաբար այդ մարդուն արդեն իսկ կարելի է տալ կարգավիճակ և խումբ, քանի որ ոչինչ չի փոխվելու: Դրանով սոցապնախարարությունն իր ծանրությունը կթոթափի և չի ունենա կուտակումներ: Բացի այդ, չի լինի այն բյուրոկրատիան, որին բախվում են հաշմանդամության կարգ ստացողները»,-հավելեց Հայկուհի Մինասյանը:

Վերականգնողական կենտրոնի տնօրենը նաև մեկ այլ խնդրի մասին է բարձրաձայնում՝ ընդգծելով պետության քայլերի ուշացումը: Հայկուհի Մինասյանն ասաց, որ դիմել էին եվրոպական երկրներից մեկին, որպեսզի հայ մասնագետը պրոթեզավորման գծով վերապատրաստվի, սակայն հայտնել են, որ Ադրբեջանն արդեն ուղարկել է 3 քաղաքացու, որպեսզի վերջիններս նույն ուղղությամբ կրթություն ստանան: Մտավախություն են հայտնել, որ հնարավոր է միջանձնային և ազգային կոնֆլիկտներ առաջանան: Հավաստիացրել են, որ եթե առաջինը Հայաստանից դիմած լինեին, նույն պատասխանը փոխանցելու էին ադրբեջանական կողմին:

«Մենք փորձում ենք ավելի բարձր օղակներով այդ հարցը կարգավորել և հիմա ընթանում են բանակցություններ, որպեսզի կարողանանք մեր մասնագետին ուղարկել: Բայց սա այն հարցն է, որտեղ ուշանալ չի կարելի: Մենք մեկ անգամ այս տղաների հանդեպ, որոշ չափով, անարդար ենք եղել: Գոնե իրենց վիրավորումից հետո պետք է ամեն ինչ անենք նրանց լիարժեք կյանք վերադարձնելու համար՝ չասելով, որ պետությունը գումար չունի զինվորների որակյալ բուժման համար»,-հավելում է կենտրոնի տնօրենը:  

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նախարարությունը նոր ուղղություն է վերցրել՝ վերականգնողական ծառայությունը, քանի որ բազմաթիվ վիրավորներ չեն սահմանափակվելու միայն հիվանդանոցային բուժմամբ և ունենալու են վերականգնողական բուժման կարիք: 

«Այս պահին ձևավորում ենք նոր ռեսուրսներ: Ցանկանում ենք ստեղծել մեծ վերականգնողական կենտրոն, որը կլինի  հավանաբար նոր շենքում և կունենա մոտ 250 մահճակալ: Նախագծի կոնցեպտը կա, փորձում ենք բյուջետային ֆինանսավորումը գտնել: Առաջիկայում այդ ամենը շատ արագ կազմակերպվելու է»,-ասում է Ալինա Նիկողոսյանը:

Մամուլի խոսնակը նշում է՝ բանակցություններ են վարում բոլոր այն բժշկական հաստատությունների հետ, որոնք ունեն վերականգնողական բուժման ներուժ: Ըստ նրա՝ այս պահին հստակություն չկա, թե որ կենտրոնին որքան գումար է հատկացվելու, ինչի մասին լրացուցիչ կհաղորդեն:

Ա. Նիկողոսյանն ասաց, որ մոտավոր հաշվարկներ էլ կան. Վերականգնողական բուժման համար տարեկան անհրաժեշտ է լինելու 2-2.5 մլրդ դրամ: Այս պահին գումարը 2021թ. բյուջեում ներառված չէ, քանի որ այն գրվել էր ամռանը:

«Բայց առաջարկներ ենք անելու, որ փոփոխություններ լինեն: Նոր գծագրված մեխանիզմը ներկայացնելու ենք կառավարություն, որպեսզի մեզ աջակցեն այդ հարցով»,-հավելեց նախարարի մամուլի խոսնակը:

Լուսանկարները՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանություններ (1)

Հովիկ Փիրանյան
Զինծառայողների վերականգնման պլանավորման և կենտրոնի ստեղծնան առաջարկի դեռևս մերժվել է նախկին առողջապահության նախարարա Արմեն Մուրադյանի կողմից իր պաշտոնավարման ընթացքում, առաջարկ կար նաև Ֆրանսիայից հստակ ստարտայի ֆինանսավորվող փաթեթ ներգրավել։ Պաշտոնանկությունից կարճ ժանանակ անց նույն նախկին նախարարը հիմնեց ներկայիս կենտրոն, որը պլեգիայի տպավորություն թողեց մեր (առաջարկողներիս) մոտ։ ՀՀ ում վերականգնողական սղության կարևոր մեղավորներից է հենց նույն նախարար, քանի որ նման ծրագրերը նախապես են իրականացվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter