HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նյութերով քրեական գործ է հարուցվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ  Մովսես Հակոբյանը  նոյեմբերի 19-ին՝ այն ժամանակ, երբ արդեն ազատվել էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառության պետի պաշտոնը,  հանդիպում է ունեցել զանգվածային լարտվության միջոցների ներկայացուցիչների հետ և մի շարք հանգամանքների մասին խոսել՝ կապված սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում և դրան նախորդած ժամանակահատվածի հետ։

Հակոբյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը  կանգնեցրել է բանակի համալրումը` կամավորականներին ուղակելով առաջնագիծ, որ ռազմական գործողությունների ընթացքում պարտության ամենամեծ պատճառը ղեկավարումն է, անգրագիտությունը, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետելը, որ գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը։

Նշենք, որ Մովսես Հակոբյանի ասուլիսիսը մեծ տարածում է ունեցել հանրության շրջանում, ասուլիսից հետո նա կանչվել է Հատուկ քննչական ծառայություն,  Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում  Հակոբյանի հայտնած տեղեկությունները գնահատել էր ծայրահեղ վտանգավոր։ ՊՆ հայտարարության մեջ հղում էր կատարվել «Պետական և ծառայողական գաղտնիք»-ի մասին օրենքին և նշել, որ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնի տեղեկության առնչվելու թույլտվություն ունեցող քաղաքացիների իրավունքները դրանց տարածման մասով կարող են սահմանափակվել մինչև օրենքով նախատեսված տեղեկությունների գաղտնազերծումը։

«Այսինքն՝ եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել»,- նշել է Պաշտպանության նախարարությունը։

Քրեական գործն, ինչպես նկատում ենք, հարուցվել է ոչ թե պետական գաղտնիք բացահայտելու հոդվածով, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու։

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանվում է հետևյալ կերպ․

«պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի՝ «Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գլխում»  պաշտոնատար անձինք են՝մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք,  պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter