HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի կանայք պատմում են վերադարձի ծրագրերի մասին, բայց ապագան անորոշ է

Նոյեմբերի 22-ին 67-ամյա Էլիզա Պետրոսյանն ամուսնու հետ կնստի Ստեփանակերտ տանող ավտոբուսն ու կգնա տուն։ Եվ գուցե ճանապարհին պատուհանից նայելով՝ վերհիշի քաղաքը, որ թողեց կիսաքանդ, արկերի ու ռումբերի ձայնը, որից ապաստարանում անգամ ցնցվում էին, եւ անբացատրելի մի տխրություն կիջնի դեմքին։ Եվ գուցե իրենց ձեռքերով կառուցած տունն այլեւս առաջվանը չլինի։

Երեւանի «Բարեւ տուն» հյուրատան հյուրասրահում հանդիպեցինք տիկին Էլիզային։ Հոկտեմբերի 6-ին ամուսնու, աղջկա, հարսի ու 4 թոռների հետ Երեւան են եկել, իսկ ռազմաճակատում թողել են ժամկետային զինծառայող թոռանը, որդուն եւ փեսային։ Երեւան եկել են ապաստարանից՝ չվերցնելով իրենց հետ ոչինչ։ «Մեր քրտինքով սարքած տունը՝ ամեն ինչով լիքը, թողեցինք ու մի գիշերվա մեջ եկանք»,- սառը հայացքով ասում է արցախցի կինը։

Նոյեմբերի 9-ից առաջ երազանքներն ու պատկերացումներն այլ էին։ Հիմա դրանք անէացել են՝ տեղը լցնելով անորոշությամբ ու հիասթափությամբ։ Ասում է՝ երբ «Ֆեյսբուքում» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել էր, որ իր կյանքի ամենածանր լուսաբացն է դիմավորել Ստեփանակերտում, տարօրինակ զգացողություն ունեցավ։ «Վատ զգացի, մտածեցի, որ ինչ-որ բան եղել է։ Ասում էի՝ երկրի ղեկավարն ինչի՞ է էսպես ասում։ Դա հուսահատություն է»,- վերհիշում է տիկին Էլիզան։

Ասում է՝ ռուսն ինչքան էլ տեխնիկա ու զինվոր բերի, եթե Շուշիից սկսեն կրակել Ստեփանակերտի վրա, ի՞նչ պետք է անեն, հետո հարցնում է՝ իսկ 5 տարի հետո ի՞նչ է լինելու։ Բայց դա հարց չէ, այլ բարձրաձայն անհանգստություն։ Օրեր հետո էլ տիկին Էլիզայի որդին է վերադառնալու Ստեփանակերտ։

Մինչեւ Ստեփանակերտում տուն կառուցելն ու հաստատվելն ընտանիքն ապրել է Շուշիի Բերդաձոր ենթաշրջանում։ Սովետական տարիներին ադրբեջանցիները շատ էին այդտեղ։ «Սովետի տարիներին վախենում էինք ադրբեջանցիների հետ հարեւանությունից, չնայած գնում-գալիս էինք, բայց վախվխելով էինք անում։ Երբ էրեխեքս փոքր էին, ամուսնուս ասում էի՝ երեխաները մեծանան, գնանք էստեղից»,- նշում է 67-ամյա կինը։ Հետո պատմում է մի դրվագ այդ «հարեւանությունից»։

«Հայրս մի հնդկահավ էր առել-բերել մեր տուն։ Ասաց՝ կմորթեք, կուտեք։ Մեր բակում ման էր գալիս, ու մեկ էլ տեսանք, որ չկա։ Ասացինք՝ ու՞ր գնաց։ Հարեւան թուրքի երեխան ասաց՝ տոտա, տոտա, Ռուֆաթը բռնել ա։ Ասացի՝ խի՞ է բռնել, դա մերն ա, ասում ա՝ տարել իրենց հավաբնում կապել ա։ Մայրը եկավ, պատմեցի, գնաց բռնեց, բերեց։ Մեկ էլ տատը դուրս եկավ, ես իմ ականջով լսեցի, ասաց՝ խի՞ ես տվել, դա մեր երեխի առաջին գողությունն ա»,- վերհիշում է արցախցի կինը։

Հետո վերադառնում ենք ներկա ժամանակին։ Ասում է՝ պիտի գնան Արցախ, իսկ ապագայում գուցե Ռուսաստան տեղափոխվեն։ Տիկին Էլիզային արդեն աշխատավայրից զանգել են։ 28 տարի հավաքարար է աշխատում զորամասում։ Ժպտում է, ասում է՝ կվերադառնա աշխատանքի։

45-ամյա Նարինե Հակոբյանի կյանքի երկրորդ տեղահանությունն է։ Հոկտեմբերի 6-ին ծնողների, քրոջ ու վերջինիս 8-ամյա դստեր հետ Շուշիի ապաստարանից ուղիղ եկել են Երեւան՝ իրենց հետ վերցնելով միայն անձնագրերը, իսկ մնացած փաստաթղթերը՝ ներառյալ երեխայի ծննդյան վկայականը, թողել են տանը։

Նարինեի դեմքից ժպիտն անէանում է։ Ասում է՝ այդ օրերին Շուշիից բազմազավակ ընտանիքներին տարհանում էին, եւ քանի որ իրենք էլ մեքենա ունեին, նույնպես դուրս եկան։ Մտածում էին, որ մի քանի շաբաթ անց կվերադառնան Շուշի, սակայն ամենավատ երազում անգամ չէին պատկերացնի կատարվածը։ Չնայած դրան՝ Նարինեն դեռ հույս ունի, որ մի օր վերադառնալու են իրենց քաղաք։ Շուշեցիները, ըստ նրա, Կարմիր խաչին նամակ են գրել, որպեսզի օգնեն գոնե իրենց տներից վերցնեն անհրաժեշտ իրերը։ Պատասխան առայժմ չեն ստացել։

1991 թ․ «Օղակ» գործողության ժամանակ Հադրութի հայկական 14 գյուղերի բնակչությանը տեղահանել էին։ Նարինեենց տունն այդ գյուղերից մեկում էր՝ Արեւշատում։ Այդ ժամանակ նա 14 տարեկան էր։ Մեկ տարի նրա ընտանիքը բնակվել էր Սիսիանում, հետո, երբ Շուշին ազատագրվեց, գնացել էին այնտեղ եւ ապրել մինչեւ այս տարվա հոկտեմբերի 6-ը։

Նարինեն աշխատում էր Շուշիի հյուրանոցներում՝ սկզբում խոհարար էր, հետո անցել էր ադմինիստրատիվ աշխատանքի։ Հիմա Երեւանում աշխատանք է փնտրում։ Ասում է՝ լավ կարուձեւ գիտի, կարող է աշխատել։ Այլընտրանքային տարբերակներից մեկն էլ՝ ոչ մշտական, ժենգյալով հաց թխելն է։ Ասում է՝ եթե պատվերներ լինեն, կթխի, բայց ձմեռը մոտենում է, կանաչի գտնելն ավելի դժվար կլինի, եւ դա էլ կայուն գործ չէ։

«Ցավ, ցավ ենք զգում։ Մտածում ենք, որ տուն-տեղ ենք թողել, բայց մարդիկ էլ մինուճար են թողել, ընտանիքից երկու մարդ են դրել հողի մեջ, եկել, իրենք ի՞նչ անեն։ Ո՞նց մտածեն, որ ճիշտ լինի,- ասում է զրուցակիցս, ապա ավելացնում,- լաց ենք լինում, հանգստանում ենք, բայց լացով բան չի փոխվի, պիտի շարունակենք ապրել, թե ո՞նց կլինի ապագան, էդ հետո կիմանանք»։

Նարինեն նշում է, որ եթե Ստեփանակերտում տուն տան, կվերադառնան Արցախ։

Մեր զրույցին ներկա էր նաեւ Զաբել Բերբերյանը, ով «Բարեւ տուն» հյուրատան համասեփականատերն է։ Նա բոլորի հետ սրտացավորեն է խոսում։ Հոկտեմբերի 26-ից հյուրատունն ամբողջությամբ տրամադրել է Արցախից եկած ընտանիքներին։ Մինչ այդ էլ հյուրատունը փակ էր համավարակի պատճառով։ Ասում է՝ հիմա այս մարդկանց կարճաժամկետ կեցության հարցն է ապահովում, բայց պետությունը պետք է աջակցի տուն կորցրած ընտանիքներին, որոնք հազարների են հասնում։ Ապաստանած ընտանիքների հետ առանձահատուկ ջերմությամբ է շփվում։ Սննդից սկսած մինչեւ հիգենիայի պարագաներ անձնապես է հոգում՝ առանց կողմնակի աջակցության կամ ակնկալիքի։ Ասում է՝ իր ուժերի ներածին չափով անում է ամեն բան։

Խոհանոցում մարտունեցի Սիլվա Սարգսյանը լվացած սպասքն է չորացնում։ Նա Մարտունու Քերթ գյուղից է։ Գյուղի բուժքույրն է։ Երբ պատերազմը սկսվեց, մնացել էր գյուղում՝ վիրավորներին օգնելու համար։ «Ամբողջ գյուղում ես ու մի տատիկ էինք մնացել, դե, նկատի ունեմ կանանցից, տղամարդիկ աշխարհազորայիններ էին, գյուղի ինքնապաշտպանության գործին էին»,- նշում է նա։

Հոկտեմբերի 28-ին համայնքի ղեկավարը կանչել էր տիկին Սիլվային, ասել, որ գյուղից պիտի գնան։ «Հենց նույն օրը, երբ դուրս եկանք, «սմերչն» ընկավ դպրոցի հայաթը, մեր տունն էլ դպրոցին մոտ է»,- ասում է քերթցի կինը։

Հիմա Երեւանում է ամուսնու ու որդու հետ։ Վերջինս 5 ամիս առաջ է զորացրվել, տեսողությունը վատ է։ Մայրն ասում է՝ պետք է դիմեն առողջապահության նախարարություն՝ վիրահատելու համար։ Բացի դրանից՝ դեղեր են անհրաժեշտ, որոնք հիմա չեն կարող գնել։

-Ասա, որ քեզ էլ են դեղեր պետք,- կողքից հուշում է կանացից մեկը։

-Իմը հեչ, էժան են, ես կառնեմ,- արագ ավելացնում է արցախցի բուժքույրը։

Որդու վիրահատությունն անելուց հետո վերադառնալու են Քերթ։ «Ուզում եմ, որ բոլոր ղարաբաղցիները գնան իրենց տուն, խաղաղ ու երջանիկ ապրեն։ Բայց դե թուրքի կողքին խաղաղ չեն լինի»,- ասում է նա։ Պատմում է, որ վերջերս գյուղերից մեկում թուրքերը (նկատի ունի ադրբեջանցիներին) անասունների հետեւից գնացած հայ մարդուն բռնել-ծեծել էին ու հետ ուղարկել։ «Էդպես է լինելու։ Բայց նույնիսկ էդ վտանգով էլ գնալու եմ, չեմ թողնելու, որ հայաթափվի, նույնիսկ իմ կյանքի գնով։ Մեր առաջվա գյուղապետն ասում էր՝ դու շատ լավ բայեվիկ ես, չես վախում»,- սա ասելուց հետո ժպտում է, բայց նրա համար ապագան եւս անորոշ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter