HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 9 ծրագիր կիսատ մնաց

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դեռևս հաշվարկներ չի արել, թե պատերազմի հետևանքով այս տարիների ընթացքում Արցախում կատարված որքան ներդրումային վնաս է կրել։ Այս մասին «Հետքին» հայտնեցին Հիմնադրամից։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և աուդիտորական կազմակերպության հետ համատեղ պետք է հանձնաժողով ստեղծվի, որը պետք է գույքագրի, գնահատի Արցախում ունեցած վնասերը և կորուստները։ Դրանից հետո արդեն կքննարկվի Արցախի ենթակայության տակ գտնվող և վնասված գույքի վերականգման հարցը։

Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին՝ իրականացնելով Հայաստանի և Արցախի կայուն, համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։

Հիմնադրամը մինչ պատերազմի մեկնարկը իրականացնում էր 9 ծրագիր, որոնք պատերազմի հետևանքով կիսատ մնացին և այլևս հակառակորդի տիրապետության տակ են լինելու։

Օրինակ՝ Շուշի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում, Մշակույթի տանը և Կերպարվեստի թանգարանում տեղադրվում էին արևային ֆոտովոլտային կայաններ, Հադրութ քաղաքում 320 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահ էր կառուցվում, իսկ Քաշաթաղի շրջանի Միջնավան, Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղերում՝ խմելու ջրի ներքին ցանց։ Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղում ևս խմելու ջրի ներքին ցանց և ջրատար էր կառուցվում, Հադրութի շրջանի Թաղասեռ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղերում մանկապարտեզ, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հիվանդանոցի նոր մասնաշենք էր կառուցվում, հին մասնաշենքը վերանորոգվում, Շուշի քաղաքում էլ երաժշտական դպրոց էր վերանորոգվում։

Հիմնադրամն առաջիկայում նախատեսում էր Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դպրոցը վերակառուցել։ Դրա պայմանագիրն արդեն կնքված էր և պատրաստ էր մեկնարկին։

Ընթերցեք նաև

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter