HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապագա ընտրելն ուժի դրսևորման նշան է

Վահան Բուրնազյան

Նույնիսկ երբ ընտրության լայն հնարավորություն չկա, ընտրություն կատարելն ուժի դրսևորման նշան է։ Ներկայիս իրողությանն ի պատասխան մեր անհատական և հավաքական գոյությունը վերաիմաստավորելու ընտրությունն ուժի դրսևորում է։ Միմյանց որպես հավասարների, հայրենակիցների պատվելու ընտրությունը, ելնելով փոխադարձ հարգանքի ելակետից՝ ինչպես ենթադրում է ժողովրդավարական գործընթացը, ուժի դրսևորում է։ Այլընտրանքն օլիգարխիային կուլ գնալն է։ Օլիգարխիան ստրկություն է։

Ազգը ժողովուրդն է։ Հայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսն իր ժողովուրդն է։ Հայաստանը պետք է զարգացնի իր ռեսուրսը, իր մարդկային ռեսուրսը՝ խրախուսելով իր մարդկային ռեսուրսի բաղկացուցիչ մասերի՝ անհատների զարգացումը։

Անհատները զարգանում են ընտրություններ կատարելով։ Յուրաքանչյուրը եզակի է իր էությամբ և տաղանդով։ Յուրաքանչյուր անհատ հասարակությանը օգտակար լինելու իր եղանակն ունի։ Այն արական սեռի ներկայացուցիչը, ով հետաքրքրված է երաժշտությամբ, բայց իրեն ուղարկել են իրավունք ուսումնասիրելու, լավ իրավաբան չի լինի, իսկ այն իգական սեռի ներկայացուցիչը, ում հետաքրքիր է իրավունք ուսումնասիրելը, բայց ումից պահանջվում է լեզուներ ուսումնասիրել, ավելի լավ իրավաբան կլիներ։ Ավյունը, եռանդը նշանակություն ունեն։

Ավյունը նշանակություն ունի նաև հասարակությանը մատուցած անհատական ծառայության դեպքում։ Մարդիկ անկատար են թողնում պարտականությունը, բայց կատարում են, հավատարիմ են մնում իրենց ընտրությանը։ Անհատներն ընտրում են հասարակությանը աջակցություն ցուցաբերելը, երբ արդյունքը հստակ է, իսկ գործընթացն՝ արդար։ Կա տարբերություն հանուն փոխադարձ անվտանգության քո կյանքը մյուսների հետ վտանգի տակ դնելու և օլիգարխի ոսկու հանքը պաշտպանելու միջև։

Տարբերությունը կապված է նաև հանրային վստահության հետ։ Որպես անհատներ մենք գործում ենք մեր ուժերի ներածին չափով միմյանց վստահելու դեպքում։ Միմյանց կարող ենք վստահել, երբ վերահսկում ենք խարդախներին։ Խարդախներին կարող ենք վերահսկել միայն թափանցիկություն, մասնակցություն և հաշվետվողականություն ապահովելու դեպքում։ Հակառակ դեպքում խարդախները հաղթող են դուրս գալիս։

Օրինակ՝ 2011թ. Ռուսաստանը բարձրացրեց գազի գինը հայ սպառողների համար, իսկ Հանրապետական կուսակցությունը գաղտնի կազմակերպեց, որ պետությունը պարտք վերցնի ու սուբսիդավորի գնի տարբերությունը։ Հանրապետական կուսակցությունն այդպես է վարվել կայանալիք ընտրությունների պատճառով։ 2014թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չթաքցրեց այն փաստը, որ եթե Հայաստանը չհամաձայներ անդամակցել Մաքսային միությանը և Ռուսաստանին չվաճառեր «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը, ապա ստիպված կլիներ վճարել 2011 թվականից գազի դիմաց կուտակված Ռուսաստանի հանդեպ ունեցած 300 մլն դոլար պարտքը։

Սա խարդախության օրինակ է։ Նմանօրինակ խարդախություն տեղի է ունենում թափանցիկության, մասնակցության ու հաշվետվողականության բացակայության դեպքում։ Սա օրինակ է, թե ինչպես են խարդախները կոտրում հանրային վստահությունը։ Վստահության բացակայության դեպքում ինչու՞ պետք է անհատն իր կյանքը վտանգի հանուն համայնքի։ Ինչու՞ պետք է ծնողն իր զավակի կյանքը վտանգի հանուն օլիգարխի հիդրոէլեկտրակայանի։

Օլիգարխիան ստրկացնում է։ Օլիգարխիան մի բուրգ է, որտեղ ամեն անհատ կանգնում է մյուսների գլխին, իսկ իր գլխին կանգնում է իրենից բարձր գտնվողը։ Այս բուրգի ներսում անհատները «բոռեր» են, ովքեր ի կատար են ածում իրենցից վերև գտնվողի սպասումները սահմանափակ ռեսուրսներից օգտվելու հնարավորության դիմաց։ Այս համակարգում անհատներն իրենք իրենց չեն ճանաչում, չի խրախուսվում արժեքի կամ հարստության նոր տարբերակներ մշակելը, ուսումնասիրելն ու նորարարական մոտեցում ունենալը։ Փոխարենը պարզապես շարունակվում է բնական ռեսուրսների ավանդական օգտագործումը։ Բայց օլիգարխիան նաև այնպիսի մի բուրգ է, որտեղ հարստությունը կուտակվում է գագաթին առավել մոտ կանգնածների ձեռքում, իսկ մնացածի համար քիչ բան է մնում, և դրա համար էլ կարիք կա ավելին, ավելին ու ավելին ստանալու։ Հայաստանը չունի օլիգարխիային կերակրելու համար բավարար բնական ռեսուրսներ։ Հայաստանը միայն մեկ ռեսուրս ունի՝ իր ժողովուրդը։

Հիերարխիայի և օտարման այլընտրանքը հավասարությունն ու ներառականությունն է։ Կա հասարակության կառավարման ավելի լավ եղանակ։ 2009թ. Էլինոր Օստրոմը Նոբելյան մրցանակ ստացավ իր աշխատանքի համար, որն ապացուցում էր, որ համայնքները կարող են հավաքական կերպով ի շահ բոլորի արդյունավետորեն կառավարել ընդհանուր օգտագործման ռեսուրսները, երբ նրանք վերահսկում են խարդախությունը թափանցիկության, մասնակցության և հաշվետվողականության համակարգերի միջոցով։ Օրինակ՝ Հայաստանի գյուղերում հարևանները հերթափոխով միմյանց հոտերը տանում են արոտավայր։ Բայց նման համագործակցությունը միայն այս օրինակով չի սահմանափակվում։ Օրինակ, երբ Սիրիայի հյուսիսում իշխանության վակուում առաջացավ, մարդիկ ինքնակազմակերպվեցին իրարից բխող ենթահանձնաժողովների համակարգի շուրջ. հարևանության մակարդակի վրա գտնվողից մինչև տարածաշրջանային հանձնաժողովներ: Յուրաքանչյուր հանձնաժողով ուներ երկու համանախագահ՝ մեկ տղամարդ և մեկ կին: Մարդիկ անդամակցում էին այս հանձնաժողովներին, որովհետև վերջիններս ծավալում էին համատեղ օգտակար գործունեություն՝ սկսած թաղամասի հացաբուլկեղենի կետն աշխատեցնելուց և աշխատավորների կոլեկտիվներ կառավարելուց մինչև կոմունալ ծառայությունների կառավարում, նավթավերամշակման գործարան և նույնիսկ ռազմական ինքնապաշտպանություն: Մասնակցային հանձնաժողովների միջոցով մարդիկ կարող են վերահսկել խարդախությունը թափանցիկության, մասնակցության և հաշվետվողականության միջոցով:

Նման էգալիտար համակարգերում անհատները զարգանում են, քանի որ ունեն ընտրություն։ Տեղեկացված լինելու արդյունքում անհատները կարողանում են ընտրություններ կատարել։ Ընտրություն կատարելով՝ նրանք կարողանում են ըստ իրենց ունեցած տաղանդի զբաղվել իրենց զարգացմամբ և ընտրել մյուսների հետ ինչ-որ բանի մասնակցելու իրենց եղանակը։ Քանի որ ընտրություն կատարելով անհատներն իրենց կյանքի հանդեպ վերահսկողութուն ունենալու զգացում են ձեռք բերում, ապա առավել մեծ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ են գործում։ Իսկ երբ հաշվետվողականության միջոցով վերահսկվում են խարդախները, ռիսկերը նվազում են, անհատներն էլ ավելի շատ են համագործակցում ու հավաքական մասնակցություն ունենում։ Ահա այս կերպ՝ զարգացած անհատներ ունենալով է, որ մենք կարող ենք զարգացնել Հայաստանը, որովհետև զարգացած հասարակությունը ոչ այլ ինչ է, քան զարգացած անհատների հավաքական։

Հայաստանում իրականությունն այսօր այնքան սարսափելի չէ, որքան Սիրիայի հյուսիսում։ Բայց մենք կարիք ունենք հանրային վստահություն ստեղծելու, խարդախությունը վերահսկելու, թափանցիկության, մասնակցության ու հաշվետվողականության համակարգերն աշխատեցնելու։ Անհատին արժևորելը Հայաստանի զարգացման միակ ճանապարհն է՝ հիմնվելով իր միակ ռեսուրսի՝ մեզ վրա։ Հանրային մակարդակում մենք պետք է առաջնորդվենք Սահմանադրությամբ, օրենքի գերակայությամբ և ժողովրդավարական գործընթացի սկզբունքներով: Անհատական շփման մակարդակում պետք է հարգենք ու լսենք միմյանց, պետք է հաղթահարենք կուսակցական կուր հավատարմությունը, ինչն ընդամենը բաժանում է մեզ իրարից, որ ինչ-որ մեկը կարողանա մեզ վրա իշխել։ Մեկ անձի կամ կազմակերպությանը հավատարիմ լինելու փոխարեն այն ռեսուրսների դիմաց, որ նրանք կարող են առաջարկել, պետք է ականջալուր լինենք գաղափարների բազմազանությանը և գործի դնենք մեր դատողությունը՝ հիմնվելով փաստերի վրա: Մենք պետք է միմյանց վերաբերվենք որպես հավասարների, քանի որ իրականությունն այն է, որ բացի մեզնից ուրիշ ոչ ոք չունենք: Այն, ինչ հետագայում կանենք, որպես անհատներ և որպես ազգ մեր ընտրությունն է։

Մեկնաբանություններ (1)

Արշալույս
Շատ շնորհակալ եմ հոդվածի համար, ստորագրում եմ ամեն մտքի տակ։ Այո՝ "Մենք պետք է միմյանց վերաբերվենք որպես հավասարների, քանի որ իրականությունն այն է, որ բացի մեզնից ուրիշ ոչ ոք չունենք: Այն, ինչ հետագայում կանենք, որպես անհատներ և որպես ազգ մեր ընտրությունն է։" Կուզեի հոդվածի անգլերեն տարբերակն էլ լիներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter