HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանից դեպի Արցախ երկու էլեկտրահաղորդման գծերը կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ

Արցախում գույքագրվում են ենթակառուցվածքներին հասցված վնասները և աշխատանքներ են տարվում դրանց գործարկումը վերականգնելու համար։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության (ԱՀ) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ օրվա ընթացքում մայրաքաղաք Սեփանակերտում էլեկտրամատակարարումը հաճախ անջատվում է, բայց ոչ այն պատճառով, որ էլեկտրամատակարարում չկա, այլ ենթակայանների մեծ մասի վնասման պատճառով ավելանում է ծանրաբեռնվածությունը, և համակարգերն անջատվում են։

Արցախում կան գյուղեր, որտեղ պատերազմական գործողությունների հետևանքով գրեթե ամբողջությամբ վնասվել են էլեկտրամատակարարման ցանցերն ու ենթակայանները։ Գյուղերին հատկացվել են գեներատրորներ (դվիժոկ), մինչ համակարգերը կվերակառուցվեն։

«Էլեկտրամատակարարման ապահովման հիմնական խնդիրն այն է, որ կա և՛ ցանցի, և՛ ենթակայանների վնաս, և՛ թե հէկ-երի մի մասն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Այս պահին կոնկրետ գործում է Սարսանգ հէկ-ը։ Բայց ամեն հէկ իր ցանցն ուներ, և խնդիր է առաջանում, քանի որ իր հզորությունն էլ պետք է հերիքի, որ կարողանա էլեկտրաէներգիա տրամադրել։ Կամ նոր ցանց պետք է գծենք տարբեր տեղերից, որ կարողանանք հոսանք հասցնել։ Ցանցերի հարցը կփորձենք շուտով լուծել, բայց ենթակայանները պետք է նորոգվեն»,- նշեց Լևոն Գաբրիելյանը։

Մինչև սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը՝ Հայաստանից էլեկտրաէներգիա էր մատակարարվում դեպի Արցախ։ Հայաստանն Արցախին կապող երկու էլեկտրահաղորդման գիծ կա` 110 ԿՎ լարմամբ։ Այդ երկու գծերն ու դրանց տրանսֆորմատորային ենթակայանները գտնվում են Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Լևոն Գաբրիելյանի հաղորդմամբ՝ այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի դրանք միջանցքային ճանապարհով շարունակվեն գործել, քանի որ եթե հեկ-երը թուլանան, այդ գծերը չշահագործվեն, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ կառաջանան։

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատարը, անդրադառնալով Արցախում գազամատակարարման ապահովմանը, նշեց, որ կան վնասված խողովակներ, սակայն գազամատակարարման ենթակառուցվածքներն այնքան վնասված չեն, որքան էլեկտրաէներգիայի ցանցերը։ 

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter