HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները տուգանվում են, բայց պետությունը վերահսկողության արդյունավետությունը չի չափում

Դիմակ չկրելու կամ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառումը խախտելու համար մինչև նոյեմբերի 1-ը շուրջ 145 հազար քաղաքացի ենթարկվել է վարչական տույժի՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 հազար դրամ։ Այսինքն, ոստիկանության խստացված վերահսկողության շնորհիվ, քաղաքացիների գրպանից 1.4 միլիարդ դրամ ուղղվել է պետական բյուջե։

Քաղաքացիներին «պատժելու» այս մեխանիզմը ստեղծվել է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ 

Հետք Մեդիա Գործարանի «անիմացիա» և «տվյալների լրագրություն» առարկաների շրջանակում փորձեցինք ուսումնասիրել, թե քաղաքացիներին վարչական տույժի ենթարկելը դրական ազդեցություն ունեցե՞լ է վիրուսի տարածումը կանխելու հարցում։ 

Իհարկե, վիրուսի տարածումը կանխելը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից միայն մեկն է ոստիկանության խստացված վերահսկողությունը, բայց մեր խնդիրը հենց նշյալ գործոնի արդյունավետությունը դիտարկելն էր։ 

Անհրաժեշտ էր հասկանալ՝ կա՞, արդյոք, հարաբերակցություն (կորելացիա) վարչական տույժի ենթարկված անձանց թվի և հաջորդող օրերին կորոնավիրուսի դեպքերի թվի միջև։ Այսինքն, պետք էր ունենալ տվյալներ, թե ոստիկանությունը քանի հոգու է տույժի ենթարկել օրական կտրվածքով` համեմատելու այդ թվերը տվյալ և հաջորդական ժամանակահատվածում գրանցված կորոնավիրուսի դեպքերի թվի հետ։ 

Տվյալները ստանալու համար հարցում էինք ուղղել ոստիկանությանը։ Ի պատասխան՝ հայտնել էին, թե չեն կարող տրամադրել հարցված տվյալներն օրական կտրվածքով, քանի որ ըստ օրերի չեն հաշվառել կազմված արձանագրությունների և վարչական տույժի ենթարկվածների թիվը։ 

Փաստորեն, ներդրվել է վերահսկողության մեխանիզմ, ֆինանսական տույժի են ենթարկվել հարյուր հազարավոր քաղաքացիներ, բայց դրա արդյունավետությունը չափել հնարավոր չէ՝ համապարփակ տվյալների բացակայության պատճառով։ 

Հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է այս տարվա մայիսի 18-ից սկսած։ Ոստիկանությունը տրամադրել է կազմված արձանագրությունների և հարուցված վարչական տույժերի ընդհանուր թիվը՝ մայիսի 18-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար։ 

Մինչև 2020թ.-ի նոյեմբերի 1-ը դիմակ չկրելու հատկանիշներով իրավախախտում կատարելու համար կազմվել է 266 հազար 21 արձանագրություն, որից 138 հազար 732-ով նշանակվել է վարչական տույժ։ Անհատական պաշտպանության միջոցների կիրառումը խախտելու համար կազմվել է 40 հազար 485 արձանագրություն, որից 6051 դեպքում սահմանվել է վարչական տույժ։ 

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի դինամիկան մայիսի 18-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դիտարկելիս՝ նկատվում է նվազման միտում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսների միջակայքում։ Թվերը սեպտեմբերի 15-ից կրկին շեշտակի աճում են՝ դպրոցների վերաբացմամբ և պատերազմով պայմանավորված։ 

Իհարկե, առանց համապարփակ տվյալների դժվար է եզրակացնել՝ նվազման միտումը ոստիկանության խստացված վերահսկողության, թե՞ այլ գործոնների հետևանք է։ Վերահսկողական մեխանիզմի արդյունավետությունը հասկանալն օգնում է հետագա ռազմավարության մշակման հարցում։ 

Պետական մարմինների՝ տվյալների հավաքագրման և տվյալագիտության նկատմամբ թերահավատությունը խոչընդոտում է արագ և արդյունավետ որոշումներ կայացնելուն՝ մանավանդ ճգնաժամային պայմաններում։ 

Արփի Բարսեղյան, Անի Հովհաննիսյան
Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter