HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ-ն որոշեց միջամտել դոլարի վերելքին

Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։

Այս մասին այսօր՝  նոյեմբերի 24-ին, հայտարարություն է տարածել գլխավոր դրամատունը: Սա նշանակում է, որ դրամի արժեզրկումը՝ դոլարի թանկացումը, սկսել է անհանգստացնել նաև ԿԲ-ին:

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ, որով սակայն չի մանրամասնվում, թե ինչ գործառնությունների և ինչ ծավալների մասին է խոսքը: Ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն պատրաստվում է արտարժույթ «լցնել» շուկա:

Վերջին մոտ երկու ամսում դոլարը աստիճանաբար թանկանում է: Հատկապես երեկ և այսօր՝  նոյեմբերի 24-ին, այն կտրուկ բարձրացել է:  

Ըստ rate.am կայքի՝ հայաստանյան բանկերում այսօր՝ 11:30-ի դրությամբ, դոլարը գնվում է 506-510 դրամով, վաճառվում՝ 518-521 դրամով:

Իսկ փոխանակման կետերում գնվում է բացառապես 511 դրամով, վաճառվում՝ 520-523 դրամով: 

Ըստ ԿԲ-ի պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալների՝ նոյեմբերի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 505.32 դրամ՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ աճելով 2.10 դրամով: 

Դոլարը սկսել է թանկանալ սեպտեմբերի 29-ից՝ արցախա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմից երկու օր անց։

Հիշեցնենք, որ դեռևս չորս օր առաջ գրել ենք, որ դրամը համառորեն արժեզրկվում է, բայց ԿԲ֊ն դա բնական էր համարում և առայժմ չէր պատրաստվում միջամտել: «Հետքի» հարցմանն ի պատասխան գլխավոր դրամատնից նշել էին, որ կմիջամտեն, երբ գնաճային ռիսկեր ի հայտ գան:

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter