HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ծիրանի ծառ» փառատոնի ֆիլմերը հասանելի են առցանց տիրույթում

Մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի առցանց փուլը։

Փառատոնի կայքում ամեն օր նոյեմբերի 23-ից մինչև 30-ը երեկոյան 8:30-ին հանդիսատեսը կարող է դիտել կարճամետրաժ և լիամետրաժ 15 ֆիլմեր տարբեր երկրներից։

«Օբոն» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը պատմում է, թե ինչպես Հիրոսիմայի ատոմային պայթունն Ակիկո Տակակուրայի համար պատճառ դարձավ եզակի մտերիմ դրվագ ապրել իր չոր և պահպանողական հոր հետ։

Ավստրալիական կարճամետրաժ «Ցավը իմ» ֆիլմը մի սենյակում մեկ դուբլով պատմում է ֆիզիկական ցավին դիմադրելու, ցավն ընդունելու մասին։

IDFA հայտնի կինոփառատոնի միջին մետրաժի լավագույն վավերագրություն մրցանակին արժանացած «Ամփոփում» լեհական ֆիլմը տարեց հայտնի արվեստագետի ու երիտասարդ նկարչուհու ընկերության մասին է։

«Հոտի հերոսը» նիդերլանդական լիամետրաժի հերոսը վերջին ավանդական մեթոդներին հետևող իդեալիստ հովիվ է:

 «Գաղափարախոսության քարտուղարը» ռուսական ֆիլմի հերոսն է 16-ամյա Իվանը՝ Մոսկվայի Կոմսոմոլի եռանդուն մի գործիչ։

«Ես դեռ թռչում եմ․․․» լեհական ֆիլմն առաջարկում է հետևել 91-ամյա ռեկորդակիր պարապլանիստ պապիկի նորանոր թռիչքներին, իսկ «Մարող գյուղը»՝ հյուսիսչինական մի գյուղի մարման պրոցեսին։ 

Հայկական «Էլի կգաս, պապ» ֆիլմն ուսումնասիրում է ռեժիսորի հարաբերություններն իր բազմամասնագիտություն ու բազմակին պապի հետ՝ փորձելով կամրջել սերունդների միջև գոյացած անդունդը։

«Աքադիանան» կանադական կարճամետրաժ ֆիլմ է, որն ամերիկյան Լուիզիանա նահանգի մի սովորական տոն ներկայացնում է չափազանց գրոտեսկ երանգներով։

«Անցում» հայկական ֆիլմում կարող եք տեսնել հայ երիտասարդության հետթավշյա խումհարը, իսկ էստոնական «Օդակայան» չորս րոպե տևողությամբ ֆիլմը ցույց կտա բոլորիս քաջ հայտնի համաճարակի հետքերը Տալլինի օդակայանում։ 

Կինոփառատոնը թույլ կտա, դիտելով «Կորսված հիշողություն» ֆիլմը, «ճամփորդել» Դանուբ գետով և բացահայտել նավի տարբեր ազգերի երաժիշտների մշակույթն ու պատմությունը։

Վառ և սրտաշարժ ֆիլմ է պարսկական «Աշո» ֆիլմը մի պատանի հովվի մասին, ով երազում է կինոաստղ դառնալ։ 

Հետաքրքրաշարժ տեղանքի դիմանկարներ են պորտուգալական «Բերլենգա գրանդե» ու ռուսական «Երազներ ռուսաստանի մասին» ֆիլմերը։

Տեքստը՝ Նարե Նավասարդյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter